a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նվիրատվություն Երևանի Ռուսական արվեստի թանգարանին

Russian_museum

Հուլիսի 6-ին՝ ժամը 16:00, Երևանի Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա.Աբրահամյանի հավաքածու) տեղի կունենա ԽՍՀՄ Ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ճանաչված քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ Նիկողայոս (Նիկոլայ) Նիկողոսյանի կողմից թանգարանին նվիրաբերված երկու կտավների բացում-շնորհանդեսը: Միջոցառումը կուղեկցվի համառոտ դասախոսությամբ մեծ վարպետի ստեղծագործության, ռուսական արվեստի հետ նրա կապերի, ինչպես նաև  թանգարանի հիմնադիր, մեծանուն բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հետ նրա առնչությունների մասին: Կներկայացվեն հազվագյուտ արխիվային լուսանկարներ, վավերագրական ֆիլմ և այլ հետաքրքրիր նյութեր: Բացմանը ներկա կգտնվի Մոսկվայից ժամանած նկարչի դուստրը՝ Գայանե Նիկողոսյանը, ով իր ձեռամբ թանգարանին մատուցեց մեծ վարպետի նվերը:

Նիկողայոս Նիկողոսյանին և թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանին մերձեցնում էր ջերմ ընկերությունը, որի ընթացքում արվեստագետը ստեղծել է բժիշկի և նրա տիկնոջ՝ Մարիա Աբրահամյանի, մի շարք դիմանկարներ և քանդակ: Արամ Աբրահամյանին և Մարիա Աբրահամյանին պատկերող այդ դիմանկերներից երկուսը այսուհետ կզարդարեն Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն:

Այս կտավները բարձր վարպետությամբ և գեղարվեստական առանձնահատկություններով միանգամայն համահունչ են Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուին: Ռուս մեծ վարպետների՝ սիմվոլիստ քանդակագործ Ա. Մատվեևի և մոդեռնիստ գեղանկարիչ Ա. Օսմյորկինի մոտ ուսանած Նիկողայոս Նիկողոսյանի արվեստը ներառել է “մոդեռնի” դարաշրջանի ռուսական արվեստի լավագույն ավանդույթները: Սոցիալիստական հեղափոխության հասակակից արվեստագետը խորհրդային տարիներին կարողացել է պահպանել ազատ ստեղծագործական ինքնարտահայտումը: Լայն հասարակությանը նա առավելապես հայտնի է որպես գիտության, մշակույթի և պատմական ճանաչված գործիչների բազմաթիվ հաստոցային դիմաքանդակների և Երևանում ու Մոսկվայում կանգնեցված մոնումենտալ մի շարք հուշարձանների հեղինակ: Իսկ արվեստագետի հարուստ գեղանկարչական ժառանգությունն ամբողջությամբ կարելի է տեսնել միայն իր սեփական՝ “Նիկո”, արվեստանոց-ցուցասրահում, Մոսկվայում: Թեպետ հայ հանրությանն այն նվազ հայտնի է, սակայն վստահորեն կարելի է ցուցադրել այնպիսի վարպետների գործերի կողքին, ինչպիսիք են Օսմյորկինը, Ֆալկը, Կուպրինը, Կոնչալովսկին և այլոք, որ լայնորեն ներկայացված են Երևանի Ռուսական արվեստի թանգարանում:

Դեռևս 2012 թ. Նիկողայոս Նիկողոսյանը Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրեց բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայի մարմարյա կիսանդրին: Այս երկու նվիրատվությունները հնարավոր դարձան արվեստաբան, Ռուսական արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Լիլիթ Սարգսյանի սերտ համագործակցության արդյունքում Նիկողոսյանների ընտանիքի հետ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0