a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վենետիկի բիենալե. հայկական տաղավարը կտեղակայվի «Մուրադ Ռաֆայելյան» վարժարանում

Վենետիկի_Բիենալե_ասուլիս

Մայիսի 13-ից նոյեմբերի 26-ն անցկացվող Վենետիկի բիենալեն կրում է «Կեցցե՛ կենդանի արվեստը» (Viva Arte Viva) խորագիրը։ Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը, ցուցահանդեսի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 11-ին: Հայկական տաղավարը տեղակայվելու է Վենետիկի «Մուրադ Ռաֆայելյան» վարժարանում և Սուրբ Խաչ եկեղեցում:

Հայաստանը կներկայացնեն Ռաֆայել Մեգալը (Մելիքյան), Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյան:

Երիտասարդ գեղանկարիչ Ռաֆայել Մեգալը կներկայանա «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրությամբ: Ազգային զարդանախշերի և հայ մշակույթին բնորոշ տարրերի նորովի մատուցմամբ՝ արվեստագետն իր շարքի 15 գործերում ներկայացնում է մարդ-բնություն փոխհարաբերությունները:

-Այգին Եդեմական պարտեզն է, որը խորհրդանշում է Հայաստանը: Հովազները՝ ժողովուրդն է, որը ներդաշն ապրում է այդ պարտեզում, բայց անհրաժեշտության դեպքում կարող է լինել և չափազանց վտանգավոր, ինչպես հայ ժողովուրդը: Հովազը խորհրդանշում է հողը՝ ըստ հունական դիցաբանության: Այսինքն, հիմքը հողն է: Ես շատ եմ ուսումնասիրել հովազներին. անգամ արվեստանոց էի տարել փոքրիկ մի հովազի, որպեսզի ուսումնասիրեմ, նկարեմ, քանդակեմ: Կարելի է ասել, որ նա ծառայել է նաև որպես «բնորդ»: Ի վերջո, իմ ամենասիրելի կենդանին է հովազը: Խորագրի ընտրության հարցում դա էլ կատարեց իր դերը,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մեգալը:

Մեգալից բացի՝ Հայաստանը կներկայացնեն Բրյուսելում բնակվող լիբանանահայ քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանը և ազգությամբ սլովենացի, Իտալիայում ապրող և ստեղծագործող Միրո Պերսոլյան:

-Երրորդ մասնակցին ընտրելիս առաջնորդվել ենք հետևյալ սկզբունքով. վերջին երկու տարիներին Հայաստանի մշակույթի նախարարությունը շատ ակտիվ համագործակցում է իտալական «Լուպո» մշակութային հիմնադրամի հետ: Վերջինի առաջարկությամբ Վենետիկի բիենալեում իր ուրույն ցուցադրությամբ հայկական տաղավարում կներկայանա նաև Միրո Պերսոլյան, որը 2016-ին մեծ ցուցադրություն ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահում,- պարզաբանել է բիենալեի Հայաստանի տաղավարի համակարգող Սվետլանա Սահակյանը:

Նախորդ տարիների հաջողությունները մշակույթի փոխնախարար, ինչպես նաև բիենալեում հայկական պատվիրակության ղեկավար Արև Սամուելյանին հույս են ներշնչում, որ առաջիկա բիենալեից ևս Հայաստանն առանց հաղթանակի չի վերադառնա:

-Վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն և մեծ հաջողությամբ մասնակցել է ոչ միայն Վենետիկի հիմնական, այլև միջանկյալ անցկացվող ճարտարապետական բիենալեներին: Գլխավոր մրցանակը, որի մասին այնտեղ երազում է յուրաքանչյուր երկիր, «Ոսկե առյուծն» է, որին Հայաստանն արժանացավ 2015 թվականին՝ «Հայություն» խորագիրը կրող տաղավարի համար,- ասել է Արև Սամուելյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0