a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արվեստ սիրել կարող են բոլորը, արարել` միայն ընտրյալները

Narek (2)

«Երբ 12 տարեկան էի, մայրս ինձ տարավ երաժշտական դպրոց: Սկզբից չսիրեցի ակորդեոնը, հետո էլ ՝ դաշնամուրը: Երևի արդեն բավականին մեծ էի հասկանալու համար, թե ինչ եմ ուզում և որ մասնագիտությունն է լինելու իմը». Նարեկ Հայրապետյան:

Սա այն սկիզբն էր, որի համար Նարեկը հետո  չափսոսեց ու այսօր ներքուստ պարտական է այդ 12 ամյա տղային, որին քայլերը տարան նկարչության դասերին:Այսօր Նարեկը  սովորում է ԵՊՄՀ  գեղարվեստական կրթության ֆակուլտետի  կերպարվեստի և գծագրության բաժնի  մագիստրատուրայում: Դեռևս 2-րդ կուրսից կողմնորոշում ուներ դեպի քանդակագործություն: Ավարտելուց հետո անցավ զինվորական ծառայության, որտեղ նույնպես շարունակեց հավատարիմ մնալ իր արվեստին՝ կերտելով  Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի և այլոց կիսանդրիները, որոնք էլ այժմ դրված են իրենց զորամասում:

Նարեկի համար արվեստը զգալ և ոչ թե հասկանալ կարող են քչերը, եզակիները.«Այն, ինչ ես անում եմ ու կարողանում եմ անել,  ի վերուստ է տրված ինձ ու արվեստին մոտ կանգնած մարդուն: Այն հասու չէ բոլորին: Այն մեծ էներգիա է, որը բացվում է քո մեջ: Ոմանց համար կենսակերպ է, ոմանց համար՝ ուղղակի աշխատանք»,-ասում է նա:

Նարեկ Հայրապետյանը, ինչպես ասում է իր դասախոսներից պարոն Քեշիշյանը, այն եզակի ուսանողներից է, որոնք հիշվում են, որոնց կարոտում են և որոնցից, ինչու ոչ, նաև սովորում են իրենք: Վստահ է՝ շնորհալի երիտասարդ է, նրա մասին դեռ լսելու ենք: Միևնույ ժամանակ չի սիրում խոսել  Նարեկի հաջողությունների մասին.«Նրա մոտ այժմ կայանալու փուլն է: Չեմ ուզում խոսել  ձեռագրի մասին, դեռ շուտ է: Կարևորը՝ գրագետ քանդակ է անում՝ պահպանելով գրագիտության կանոններն ու դրանց խառնելով սեփական երևակայությունը: Սովորելու հետ մեկտեղ նաև աշխատում է: Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է աշակերտդ ստացած գիտելիքներն ու հմտությունները փոխանցում արդեն իր սաներին»:

Շարունակելով Արտաշես Քեշիշյանի խոսքը, ավելացնենք, որ Նարեկն այսօր մագիստրատուրայում սովորելու հետ մեկտեղ աշխատում է Արգենտինյան Հանրապետության թիվ 76 դպրոցում՝ որպես կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցիչ.«Իհարկե մեկնությունս այլ էր, բայց պարզվեց, որ աշխատելու եմ որպես ուսուցիչ: Շատ եմ սիրում իմ աշխատանքը: Չկա ավելի հաճելի բան, քան տվածիդ արդյունքները տեսնելը, երեխաների հետ աշխատելը: 6-12տարեկան երեխաներ են, ժամանակն է նրանց սովորեցնելու  լինել լավագույնը: Երբ մտնեք դասարան, որտեղ դասավանդում եմ ու հարցնեք՝ էրեխեք դուք ինչպիսի նկարիչներ եք դառնալու, կպատասխանեն՝ ամենալավը, ամենահայտնին»:

Նարեկն ունի երազանքների ու նպատակների ընկալման յուրօրինակ տարբերակ: Նպատակների մասին խոսելիս հաճախ է հիշում Նիցշեին, ով ասում էր՝ կամքը արարիչ է: Կարծում է, որ նախ և առաջ պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում նպատակ, և հետո միայն գնալ դրա հետևից, հասնել դրան: Ընդ որում՝ ունենալ մեկը, հասունը. «Երբ հավատում ես սեփական նպատակիդ, որը ստեղծվում է քո երևակայության շնորհիվ և վերածվում իրադարձության ու որը դնում ես քո  առջև կամ, կոպիտ ասած, «պատվիրում»  այն, ամեն ինչ՝ մարդիկ, բնությունը, հանգամանքները տանում են քեզ դեպի դրան: Կարևորը՝ ճիշտ հասկանալն ու տրված հնարավորությունը օգտագործելն է:  Հիշենք Գորկու  խոսքերը՝ կյանքի իմաստը նպատակների ձգտելու գեղեցկության և ուժի մեջ է, հարկավոր է, որ կեցության յուրաքանչյուր պահն ունենա իր բարձր նպատակը: Իսկ երազանքներն ավելի հեքիաթային, ֆիլմային ու էսթետիկ են: Դրանք խիստ անձնական են: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք է ապրել ռեալ՝ գիտակցական կյանքում ու ենթագիտակցորեն»:

 

 Լիլիթ Ղազարյան

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0