a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանի ռուսական արվեստի թանգարանում կնշվի նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի 75-ամյակը

image_032

2016 թ. ապրիլի 21-ին լրացել է մեծանուն  արվեստագետ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի 75-ամյակը: Մեծ վարպետի հոբելյանն իր հարկի տակ նշելու է նաև Երևանի ռուսական արվեստի թանգարանը (հասցեն՝  Իսահակյան 38 ):

Երեկոն տեղի կունենա ս.թ. ապրիլի 29, ժամը 17:30: Հոբելյանական երեկոյի շրջանակներում ողջույնի խոսքով հանդես կգա թանգարանի տնօրենի ժ.պ. Մարինե Մկրտչյանը: Թանգարանի ավագ գիտաշխատող Լիլիթ Սարգսյանը կներկայացնի “Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը և սիմվոլիզմի դարաշրջանի արձագանքումները 1970-80-ական թթ. հայ արվեստում“ թեմայով ուսումնասիրությունը, կցուցադրվեն հատվածներ Ռոբերտ Էլիբեկյանին նվիրված վավերագրական ֆիլմից, հեղինակ՝ Ջուլիետ Կաժոյան:

Երեկոյի ընթացքում հյուրերը՝ այդ թվում ԵՊՀ և ԵԳՊԱ արվեստաբանական բաժինների ուսանողները, բացառիկ հնարավորություն կունենան անմիջական մթնոլորտում հաղորդակցվել, հարցեր ուղղել մեծ վարպետին: Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուին և էլիբեկյանական գեղագիտությանը հարազատ՝ երեկոն համեմված կլինի տոնական-թատերականացված մթնոլորտով, որը կապահովեն Գեղագիտության ազգային կենտրոնի “Փոքր թատրոնի” սաները, ղեկավար՝ Վահան Բադալյան, ինչպես նաև կուղեկցվի երաժշտությամբ:

Միջոցառման հղացումը Ռուսական արվեստի թանգարանում և Ռոբերտ Էլիբեկյանի արվեստի ներկայացումն այս գեղարվեստական օջախում պայմանավորված են ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու ցանկությամբ մեծ արվեստագետին, այլև կրում են գաղափարական իմաստ: Ռոբերտ Էլիբեկյանը XX դարի երկրորդ կեսի ամենանշանավոր հայ արվեստագետներից է, ում գեղանկարչությունը դարձավ իր ժամանակի հայ արվեստի խորհրդանիշը և նոր ուղի բացեց հետվաթսունական հայ կերպարվեստում: «Թիֆլիսյան դպրոցի» վառ ներկայացուցիչ, նա այն սերնդի արվեստագետներից է, ովքեր հակադրվեցին խորհրդային պաշտոնական արվեստին և, մերժելով ամբողջատիրական համակարգի կանոնները, հաստատեցին մաքուր արվեստի ինքնուրույն արժեքը: Վարպետը սերում է թիֆլիսահայ Էլիբեկյանների տոհմից, նրա հայրը նշանավոր թատերական գործիչ էր, Թիֆլիսի հայկական թատրոնի տնօրենը, և ապագա արվեստագետի կյանքն ու ստեղծագործությունը, մանկուց ի վեր, կապված է եղել թատրոնի հետ: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Էլիբեկյանը նաև ճանաչված է իր բազմաթիվ թատերական ձևավորումներով, իսկ իր գեղանկարչության գլխավոր թեման թատրոնն  է, որը հանդես է գալիս որպես կատարյալ ոգեղենի և գեղեցիկի խորհրդանիշ: XX դարի II կեսի ազգային մոդեռնիզմի համայնապատկերում Ռոբերտ Էլիբեկյանը միակ նշանավոր վարպետն է, ով շարունակեց և վերածնեց  XX դարասկզբի համաեվրոպական արվեստի նշանավոր ուղղություններից մեկը՝ “մոդեռնը”, որը միահյուսված էր սիմվոլիստական գեղագիտության և փիլիսոփայության հետ: Որպես մեծ սինթեզի վարպետ, Ռոբերտ Էլիբեկյանն իր գեղանկարչական լեզուն հագեցնում է ոչ միայն “մոդեռնի”, այլև եվրոպական “հին վարպետների”, ինչպես նաև հայկական ավանդական մշակույթի հատկանիշներով, սակայն այդպիսով նա կերտում է իր՝ խիստ յուրահատուկ, անկրկնելի գեղանկարչական լեզուն: Ահա, մոդեռն-սիմվոլիստական գեղագիտության վերարծարծումներն են, որ համահունչ են դարձնում Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուին և ոգուն, որը և հիմք հանդիսացավ այն ներկայացնելու համար այդ թանգարանում, ուստի և՝ համաշխարհային արվեստի կոնտեքստում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0