a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վենետիկի բիենալեին Հայաստանը կներկայացնի երեք արվեստագետ

San_Lazzaro_degli_Armeni

Մայիսի 13-ից նոյեմբերի 26-ը Վենետիկում կկայանա «Viva Arte Viva» խորագրով արվեստի միջազգային 57-րդ բիենալեն, որտեղ Հայաստանը կներկայացնեն արվեստագետներ` Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյան: Ինչպես հայտնում է Հհ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, Հայաստանի տաղավարը տեղակայված կլինի Վենետիկի Մուրադ-Ռա­ֆաելյան վարժարանում և Սուրբ Խաչ եկեղեցում:

ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Մե­գալը (համադրող՝ Դեմետրիո Պապարոնի) կներկայանա «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրությունով: Գեղանկարիչը ազգային զարդանախշերի և հայ մշակույթին բնորոշ տարրերի նորովի մոտեցմամբ ներկայացնում է մարդու և բնության միջև եղած փոխհարաբերությունները: Արվեստագետը մեկ միասնություն կազմող 15 աշխա­տանքի միջոցով կոչ է անում մարդկությանը վերադառնալ իրենց ակունք­ներին, ավելի մեծ տեղ հատկացնելով սեփական զգացմունքներին: Պատ­կերելով հովազին ծաղկող այգում, Մեգալը սարսափազդու կենդանուն դարձնում է այդ գեղեցիկ այգու պահապանը: Կոմպոզիցիոն շարքի, բուսական զարդանախշերի և գույների հակադրության միջոցով արվեստագետը փորձում է վերականգնել կորցրած ներդաշնա­կությունը և ստեղծել այնպիսի վայր, որտեղ կարող ենք մեզ զգալ ոչ միայն պաշտպանված, այլ նաև գեղեցկությամբ շրջապատված: Ու թեև մարդու ներկայու­թյունը կտավներում առհասարակ բացակայում է, մենք այն զգում ենք ամենուր: 34-ամյա արվեստագետը բազում անհատական ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանյան լավագույն պատկերասրահներում (Ֆլորենցիա, Լոնդոն, Փարիզ, Նյու-Յորք, Տորոնտո), մասնակցել տարբեր միջազգային բիենալեների՝ արժանանալով հեղինակավոր մրցանակների և պատվավոր կոչումների, իսկ 2013 թվականին՝ «Մարութա սար»` չարի և բարու պատերազմը պատկերող մասշտաբային ստեղծագործության համար արժանացել է Ֆլորենցիայի բիենալեի «Լորենցո Մե­դիչի» արծաթե մեդալին:

Լիբանանահայ, ներկայում Բրյուսելում բնակվող, քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանը Վենետիկի արվեստի 57-րդ միջազգային ցուցահանդեսում կներ­կայացնի «Անշեջ կրակ» խորագիրը կրող ցուցադրությունը (համադրող՝ Բրունո Կորա): Ցուցահանդեսի խո­րա­գրի գաղափարը ներշնչվել է զոդալամպի կրակից, որը Ժան Պողոսյանն օգտա­գոր­ծում է որպես «հրե վրձին»՝ իր անշեջ ստեղծագործությունները կերտելու համար: Պողոսյանը տարբեր աշխատանքներ ստեղծելիս, կիրառում է կրակը և խանձվածքը: Կրակը նրա ընտրության գեղագիտական լեզուն է, որն արտահայտելու համար արվեստագետն օգտագործում է տարատեսակ զոդալամպեր: Ժան Պողոսյանի նկարչությունը ներշնչված է Ջեքսոն Փոլոքի, Սիմոն Անթայի, Ջոան Միթչելի և Իվ Քլեյնի արվեստով: Արվեստագետը կցուցադրի վերջին շրջանի իր գեղարվեստական աշխատանքները, որոնք ստեղծվել են ամենատարբեր տեխնիկաներով և նյութերով՝ կրակ, հուր, խանձվածք, գունանյութ և ջուր: Այրված առարկաները հաճախ ներառում են կտավ, թուղթ, գրքեր, աթոռներ և նկարներ՝ երբեմն արտացոլելով բազմազան տեխնիկաներով ստեղծված ծակոտկեն ուրվագծերը: Վաստակաշատ արվեստագետը բազում անհատական ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանյան լավագույն պատկերա­սրահներում (Բրյուսել, Աբու Դաբի, Բեյրութ):

Հայկական տաղավարի 3-րդ մասնակիցը՝ ազգությամբ սլովենացի, ներկայում Իտալիայում ապրող և ստեղծագործող Միրո Պերսոլյան է: Նրա ցուցադրությունը կրում է «Առանց սահմանի» խորագիրը (համադրող` Ջիորջիո Գրասսո): Արվեստագետը կարմիր և կապույտ գույների համադրության և ներդաշնակության միջոցով փորձում է ընդգծել, որ արվեստը սահմաններ չունի:

Վենետիկի արվեստի 57-րդ միջազգային ցուցահանդեսի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատարն է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, ի դեմս Սվետլանա Սահակյանի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0