a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ռոբոտաշինությունը Լոռու մարզում

history-of-robots1

Լոռու մարզի ռոբոտաշինության խմբակները ձևավորվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ ձեռնարկությունների միության կողմից (2013 թ.)՝ «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակում , որին առաջին անգամ հայտ ներկայացրել է  նաև Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցը:  2013թ.-ից արդեն դպրոցում գործում է ռոբոտաշինության խմբակ:

Ի սկզբանե նկատվել է պասիվություն, բայց աստիճանաբար խմբակ հաճախող աշակերտների թիվն ավելացել է: «Սեպտեմբերից այստեղ հիմնվեց ռոբոտաշինության խմբակ, ունեինք 40-50 աշակերտ. հենց այդ ամսում որ եկան ստուգելու, իրենք էլ էին զարմացել, որ մեր դպրոցում արդեն այդքան աշակերտ է հաճախում»,-նշում է թիվ 5 դպրոցի ռոբոտաշինության խմբակի խմբակավար Եղիշե Սաֆարյանը:

Հենց նույն տարում խմբակի սաները մասնակցել են «Ինստիգեյթ» ընկերության կողմից կազմակերպված անիմացիոն խողերի «Աղվես» մրցույթին.  3 աշակերտ գրավել է պատվավոր առաջին տեղը, նվաճել են բազմաթիվ մրցանակներ ու հավաստագրեր: Իսկ որպես ռոբոտաշինության լավագույն դպրոց-խմբակ՝ ստացել են ոչ թե մեկ, այլ միանգամից երկու ռոբոտ, որոնցից յուրաքանչյուրի ինքնարժեքը կազմում է 400-500 հազար դրամ:

Այժմ Եղիշե Սաֆարյանը համակարգում է Լոռու մարզում գործող ռոբոտաշինության խմբակները: Ներկայում դրանք վեցն են: Ընդհանուր առմամբ մարզում ռոբոտաշինության խմբակ է հաճախում 100-120 աշակերտ: Հաճախումները սկսվում են 6-րդ դասարանից, ասել է թե տասը տարեկանից:

«Երեխաները շատ մեծ ոգևորությամբ են գալիս ռոբոտաշինության խմբակ, կան դեպքեր նաև, որ ծնողները 4-րդ դասարանից են ուզում բերեն: Մենք տեսնում ենք, եթե երեխան կարողանում է այդ դժվարությունները հաղթահարել, բացառություններ անում ենք, իհարկե  ծնողի թույլտվությամբ, քանի որ այդ տարիքում աշակերտները ավելի շատ կենտրոնանում են ոչ թե դասերի վրա, այլ շատ սիրում են խաղալ, իսկ մենք արդեն այդ մանկական հոգեբանությունը երեխայից վերցնում ենք, ինչը սխալ է, պետք է համաչափ ամեն ինչ լինի, բայց եթե  աշակերտի ցանկությունները  մեծ են` ընդառաջում ենք»,-պարզաբանում է Լոռու մարզի ռոբոտաշինության խմբակների համակարգող Եղիշե Սաֆարյանը:

Ե. Սաֆարյանի խոսքով՝ այս պահին խմբակներում ներգրավված տղաների թիվն ավելի մեծ է, քան աղջիկներինը, բայց այս ոլորտում կարևորը թիմային աշխատանքն է:

«Խմբային աշխատանքն էլ է շատ կարևոր, որ իրենք կարողանան խմբով աշխատել. եթե մարդը չկարողացավ խմբում աշխատել, ինչքան էլ խելացի լինի լուծումներով, ինքը չի կարող ՏՏ ոլորտում աշխատել, որովհետև այնտեղ լուծումները խմբային են, և դու ինքդ պետք է կարողանաս տվյալ խմբի հետ աշխատելու ունակություն ձեռք բերես, սովորես՝ դա ինչ բան է»,-Culture.AM-ի հետ զրույցում նշում է Եղիշե Սաֆարյանը:

Առաջիկայում նախատեսվում է ավելացնել մարզում գործող խմբակների քանակը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն ավելի արագ զարգացնել նշված ոլորտը, այլև ոլորտին տիրապետող այլ մասնագետներ ևս կարող են որպես խմբակավար աշխատել: Ամենայն հավանականությամբ նմանատիպ խմբակներ կստեղծվեն Վանաձորի թիվ 24 և Սպիտակի թիվ 1 դպրոցներում:

Ինչ վերաբերում է ցուցաբերած արդյունքներին, ապա զրուցակիցս դրանք բարձր է գնահատում:

«Այս պահին եթե վիճակագրական տվյալներով նայենք, մենք բավականին լուրջ արդյունքներ ունենք: Գյումրին վաղուց  ինժեներականն լուծումներով քաղաքի անուն ունի, բայց մենք այս պահին չենք զիջում ո՛չ Գյումրիին, ո՛չ Երևանին: Դա շատ կարևոր է, որ աշակերտների մոտ չկա ձևավորված այն միտքը, թե Երևանում ավելի լավ են լուծումներ տալիս, քան ասենք Վանաձորում, Գյումրիում կամ Ստեփանավանում»:

Ե. Սաֆարյանի խոսքով՝ սա շատ կարևոր ոլորտ է,պետք է ամեն կերպ օգնել աշակերտներին: Այդ նպատակով առաջիկայում կիրականացվեն թրեյնինգներ և գործնական պարապմունքեր՝ ոլորտի գործող ընկերություններում:

«Ավելի սրընթաց զարգացում ապահավելու համար իհարկե մեզ կօգնի նաև Տեխնոլոգիական կենտրոնի բացումը, քանի որ այնտեղ կլինեն ֆիրմաներ՝ լավ մասնանագետներով, ովքեր կօգնեն մեզ»,-համոզված է Լոռու մարզի ռոբոտաշինության խմբակների համակարգողը:

 Գոհար Մովսիսյան (Culture.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0