a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գրքի սև շուկայի հետքերով

newss

Անցան այն ժամանակները, երբ գրքերը գնում ու դարսում էին գրադարակներում` ըստ հրատարակվող գրքերի  կարևորության, մոդայից հետ չմնալու համար, անգամ` ըստ գույների: Այսպես, գրադարակի  մի շարքը համալրում էին կարմիր կազմով գրքերը, մյուսը` կապույտ և այդպես շարունակ:
Բնակարանները զարդարող գրքերը շատ արագ`  ժամանակին համահունչ նոր կարգավիճակ ստացան: Մի մասն ուղարկվեց մակուլատուրը, մի մասը վառարանների բաժին դարձավ, մի մասն էլ` վաճառվեց հանուն հացի և դեռ վաճառվում է:

Երբ տանդ դուռը թակում են ու հնամաշ, ծանր-ծանր գրքերի կապոցը շարում դռանդ դիմաց ու հերթով առաջարկում համաշխարհային ու հայ գրականության գոհարները (և ոչ միայն), գոնե մեկն ուզես-չուզես գնում են: Որ թեթևանա շրջիկ գրավաճառի կապոցը: Բուկինիստական գրքեր կան նաև գրախանութներում: Բայց ամենից հաճախ հանդիպում են այսպես կոչված` գրքի սև շուկայում:

Աբովյան փողոցում տեղակայված ցուցանակները ձեզ կհուշեն, որ գրքերի տոնավաճառը կամերային երաժշտության կից տարածքում է: Մի ժամանակ նման ցուցանակների կարիք չկար, գրքերն ուղղակի ոտքերիդ տակ էին փռված, գրավաճառներն էլ կարծես գոհ էին իրենց բախտից` մարդկանց անցուդարձից:
Երևանյան ավանդական շուկան այլև չկա: Ավելի ճիշտ` այն նոր տեղում է և պատսպարվում է բացօթյա սրահում:

Եթե հիշում եք, «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող գետնանցումի երբեմնի ամենամեծ, ամենահայտնի գրքի շուկայի փակումը դժգոհության ալիք բարձրացրեց: Գրավաճառներին առաջարկվեց այլ տարածք` Մաշտոցի պուրակի կամ էլ այսպես կոչված, «Ձկան խանութի» հարևանությամբ գործող գետնանցումը: Գրավաճառներն ընդվզեցին այս որոշման դեմ, քանի որ տրամադրվող տարածքները հարմար չեն վաճառքի համար` փոքր են, կեղտոտ և բուհերից հեռու: Իսկ, այ գրահրատարակիչների համոզմամբ` գրքի բիզնեսի զարգացման խոչընդոտներից մեկը սև շուկան է, բնականաբար, գրքի տոնավաճառի հնարավոր փակումը նրանք համարում էին դրական տեղաշարժ:
Չփակվեց: Գրավաճառներին օգնության եկավ գրքի վիրտուալ տոնավաճառը, նորաբաց կայքում տեղադրվեցին վաճառվող գրքերի մասին հարյուրավոր անվճար հայտարարություններ: ՈՒզածդ գիրքը կարող ես (այսօր էլ) կայքում փնտրել, կապվել վաճառողի հետ, պայմանավորել և ձեռք բերել այն:  «Օրինակա՞ն է գործընթացը» հարցը միանգամին տրամաբանական պատասխան ունի` «Չենք կարծում, թե գիրք վաճառելն անօրինական է»: Այնպես, ինչպես անվճար բեռնում ենք էլեկտրոնային գրքեր, բայց ոչ ոքի մտքով չի անցնում, որ դրանց մեծ մասն անօրինական է: Վերադառնանք բուն թեմային:

Գրքի ավանդական շուկայի ներկայիս կանգառը` Կամերային երաժշտության տան մոտակայքում բացված գրքի բացօթյա վաճառքի սրահը բավական լավ տեսք ունի:
Դեռ չմոտեցած` չորս կողմից հարցնում են` ինչ է պետք: Տաղավարներից մեկում ցեղասպանության մասին մեծահատոր գրքեր էին դարսված: Նկատեցի, որ  կարծես պահանջարակը մեծացել է ցեղասպանության մասին գրքերի: Գրավաճառն անմիջապես հակադարձեց` նման գքերով սփյուռքահայերն են հետաքրքվում, իսկ նրանք «Վերնիսաժի» գրավաճառ կետերից են օգտվում:

«Գործ կա՞», «Կա», «Առաջվա նման չի՞», «Չէ, տասը տարուց ավել նույն տեղում էինք, ո՞նց կարող է առաջվանը լինել»: «Գրքերն անձրևից չե՞ն թրջվում», «Չեն թրջվում», «Ինչի՞ց եք դժգոհոմ», «Մարդկանց պակասից, քաղաքում մարդ չկա… Ընթերցող էլ չկա»

Երբ անցումների տակ վաճառվող գրքերը տեղահանվեցին,  գրավաճառների մի մասը թողեցին աշխատանքը: Մնացողներն էլ դժգոհեցին, որ գրքերը անձրևից թրջվում են, նոր տեղին սովոր չեն մեր քաղաքացիները, և այնուհանդերձ, հարմարվեցին: ՈՒ հիմա, երբ հարցուփորձ ես անում, այնպիսի տագնապալի աչքերով են նայում, որ հասկանում ես` վախենում են եղածն էլ (օրվա հացը) կորցնելուց, հանկարծահաս վտանգներից, քաղաքը վերաձևողների քմայքներից:

Ինչ որ է:  Գրավաճառների տեղեկացմամբ` իրենց հիմնական գնորդները ուսանողներն են: Համեմատաբար պահանջարկ ունի մասնագիտական գրականությունը: Գեղարվեստական գրքերը հազվադեպ են ուշադրության արժանանում: Իսկ «ընթերցող չկա» ավանդական մտայնությունը մեկ այլ հարթություն է տեղափոխվում և ուրիշ բանաձև  ստանում` «քաղաքում մարդ չկա»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0