a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Երբ հեղինակն իր գիրքը տեղադրում է Ֆեյսբուքում, ինչպե՞ս կարող է պաշտպանել այն»

11328804_815344758515421_873933966_n

Թվային դարաշրջանը գուժում էր` տպագիր, դասական գիրքն իր տեղը զիջելու է էլեկտրոնային գրքին: Հաստափոր գրքերի կարիք չենք ունենա, կպահպանենք բնությունը, միաժամանակ կօգտվենք էկոլոգիապես մաքուր, չհնացող, չխունացող  էլեկտրոնային գրքից: Ավելին` փոքր էկրանի վրա գրքերի մի ողջ աշխարհ կարող ես ունենալ:  Եվ այդ աշխարհը հետդ կարող ես տանել ուր ուզես:
Սակայն գրքասերները վստահեցնում էին, որ համակարգչի սառը էկրանը չի կարող փոխարինել գիրքը ձեռքը վերցնելու, թերթելու, գրքի հոտը զգալու հաճույքին: Գրադարակում շարված գրքերը մի այլ, անբացատրելի խորհրդավորություն ունեն: Ամենակարևորը` դրանք շոշափելի են, առարկայական, ասել է թե` իրական:
Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը: Հենց տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի արդունքում ընթերցանությունը մղվեց երկրորդ պլան: Թղթե գրքի շուկան ողջ աշխարհում արձանագրեց  ամենամյա անկումներ, անհամեմատ փոքր տոկոս կազմող էլեկտրոնային գրքերի շուկան առաջընթաց  ապրեց: Սակայն փորձագետները վկայում են` էլեկտրոնային գիրքը կարող է գրավել գրքի շուկայի քառորդ մասը:

Մեզ մոտ էլեկտրոնային գրքերի հրատարակությամբ զբաղվում է հիմնականում  «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Տպագրվող բոլոր գրքերը հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով: Չնայած զարգացման միտումներին, էլեկտրոնային գրքերը շատ քիչ են վաճառվում, տոկոսների մասին խոսք չի կարող լինել: Ասել է թե` զրոյական վիճակ է: «Հետաքրքություն  կա այնքանով, որ նայում են, թե ինչ գրքեր կան տեղադրված կայքում, և վերջ: Վաճառք գրեթե չկա»,- մեզ հետ զրույցում ասաց «Էդիթ պրինտ» հրատարակչության տնօրեն Արթուր Գալստյանը:
Անդրադառնալով մեր «Ներբեռնելը անօրինական է համարվում, իսկ երբ գրողը  ինքնակամ ու բաց տեղադրում է իր գիրքը, սա նո՞ւյնպես դուրս է օրինական դաշտից» հարցին` ասաց. «Համացանցում այսօր շատ բաներ կան տեղադրված, որոնց հեղինակային իրավունքները պաշտպանված չեն: Երբ հեղինակն իր գիրքը տեղադրում է, օրինակ, Ֆեյսբուքում, ինչպե՞ս կարող է պաշտպանել այն: Կամ չի գիտակում, որ վերահսկողությունից դուրս է գալիս, կամ ձեռք է տալիս գիրքն ինչ որ ձևով գովազդելը: Մենք` իբրև հրատարակիչ, պաշտպանում ենք հեղինակի իրավունքները, պայմանագրեր ենք  կնքում և այլն, որ վաղը, մյուս օր չլցվի համացանցում, ով ինչպես ուզենա ներբեռնի, օգտագործի»: Արթուր Գալստյանը նշեց, որ Amazon-ում և նման այլ հարթակներում   մինչև անգամ հրատարակչությունների ներկայացրած գրքերը մի քանի ամիս հետազոտում են, ճշտում`պաշտպանվա՞ծ  է  հեղինակային իրավունքը, նոր միայն տեղադրում են կայքում`վաճառքի համար:

 

Էլեկտրոնային գրականությունը Հայաստան մուտք գործեց բավական ուշ, զարգացման միտումներն էլ դանդաղ են ընթանում:

Խոչընդոտները շատ են. ոչ բոլորն են  կարողանում վճարել էլեկտրոնային գրքերի համար, մի մասն էլ չունի էլեկտրոնային գրքեր կարդալու համար նախատեսված սարքեր ու պլանշետներ, քիչ են հայերեն թվային գրքերը, այս ամենին գումարվում է ընթերցողների պակասն ու նրանց  նախընտրությունը: Ամենակարևորը` մեզ մոտ չկա էլեկտրոնային գրականության  համար վճարելու ավանդույթ:  Եվ ինչո՞ւ վճարել, եթե կարող ես ներբեռնել անվճար: Ի դեպ, զրույցների ընթացքում պարզեցինք, որ  ՏՏ ոլոտի մասնագետները նույնպես նախընտրում են տպագիր ու անպայման լավ որակի գիրքը: էլեկտրոնային գիրք գնում են, եթե չկա տպագիր տարբերակը, նորություն է և իհարկե, անհրաժեշտ նորություն:
Իսկ ահա աշխարհի ամենամեծ ինտերնետ-խանութում` Amazon.com-ում, Էլեկտրոնային գրքի վաճառքը 14 տոկոսով գերազանցում է տպագիր գրքի վաճառքը: Գրողներն ավելի շատ իրենց գրքերի էլեկտրոնային տարբերակներն են վաճառում, քան տպագիր: Այս մասին տեղեկացնում է Անի Ալեքսանդրը (Անի Չիբուխչյան), ում գրքերը ներկայացված են Amazon-ում: Նա նշում է, որ այնտեղ կան  հայ գրողների (և՛ Հայաստանից, և՛ արտասահմանից) անգլալեզու գրքեր: Կարելի է հանդիպել նաև հայ ժամանակակից և դասական գրողների հայերեն գործերի: Իսկ գրքերի առատության մասին պատկերացում կազմելու համար ասում  է,  որ ամեն օր Amazon-ում հրատարակվում է շուրջ 40 հազար գիրք:

 

Ինչևէ,  գուցե գա մի օր որ բոլոր գրքերն ունենան իրենց տպագիր ու թվային տարբերակը, իսկ ընթերցողները  երկմտելու փոխարեն ունենան հնարավորություն գնելու թե’ մեկը, թե’ մյուսը: Իսկ թե ընտրության այդօրինակ հնարավորության դեպքում ձեռքը որ գրքին կմեկնեն, հավանաբար, ցույց կտան  փորձագետների ուսումնասիրությունները:

Արմինե Սարգսյան (Culture.AM)

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0