a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Իմ վեպը երկու ազգերի միջև երկխոսություն հաստատելու հիանալի հնարավորություն է. Դանա Ուոլրաթ

IMG_1370

Ամերիկացի գրող, գիտնական, մարդաբան Դանա Ուոլրաթի առաջին` «Ինչպես ջուրը քարին» (Like Water on Stone) վեպը Հայոց ցեղասպանության թեմայով է և ներկայացնում է նրա տատիկի՝ 100 տարի առաջ կատարած ճամփորդությունը: Դանան Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքի ժառանգ է և իր չափածո վեպում պոեզիայի լեզվով ներկայացնում է 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցած ողբերգությունը:

Ապրիլի 20-29-ն անցկացված «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Դանա Ուոլրաթի գրքի շնորհանդեսը, որից հետո հեղինակի հետ զրուցեցինք գրքի, դրա ազդեցության և հետագա «ճամփորդության» մասին:

«Գիրքն իմ տատիկի պատմությունն է. երբ նրա ծնողներին սպանել են, նա իր կրտսեր քրոջ և եղբոր հետ Բալուից գաղթել է դեպի Հալեպ: Տատիկիցս լսած մեկ նախադասությունն իր այդ դաժան ճամփորդության մասին թեև ինձ շատ տեղեկություն չտվեց այդ օրերի մասին, բայց այդ նախադասությունն առիթ դարձավ, որ ես սկսեմ ուսումնասիրություններ անել և հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»,- մեր զրույցի ժամանակ նշեց Դանա Ուոլրաթը` ընդգծելով, որ պատմությունը կենտրոնանում է նաև այն բանի վրա, թե ուր կարող է հասնել մեր երևակայությունը, որպեսզի օգնի մեզ գոյատևել. «Գաղափարը հիմնականում այն է, որ շատերին հաջողվել է փրկվել նաև շնորհիվ նրա, որ նրանք կենդանի են պահել իրենց հոգիները»:

Հեղինակի համար ամենակարևորը միայն պատմություն կառուցելը չէր. «Ես ուզում էի շնորհակալական խոսք ուղղել բոլոր այն մարդկանց, ովքեր այդ դժվարին ճանապարհին այս կամ այն կերպ օգնել են մեր հարազատներին»,- ասաց նա և հավելեց, որ հիմնականում դրական արձագանքներ է ստացել իր ընթերցողներից. «Ամերիկացիները, օրինակ, շնորհակալություն հայտնեցին ինձ` իրենց այս պատմությունը պատմելու և Ցեղասպանության մասին տեղեկացնելու համար, որից հետո շատերն սկսեցին նաև ուսումնասիրել այդ թեման»:

«Like Water on Stone» վեպն այս տարի ընդգրկվել է «Notable book for a global society»-ի ընտրած 25 գրքերի շարքում: Պատմությունը դասական վեպի ձևով չի մատուցվում. այն կառուցված է բանաստեղծության օրինաչափություններով, ինչն ընթերցողին ավելի է կապում գրքի հետ և հեշտացնում է ընթերցանությունը:

«Շատ կուզենայի, որ գիրքս թարգմանվեր հայերեն ու թուրքերեն և դիալոգի առարկա դառնար երկու հասարակությունների ներսում ու միջև: Իզուր չէ, որ վեպում կան նաև հայերին օգնած քրդերի ու թուրքերի կերպարներ: Անհատների կյանքի պատմության միջոցով կառուցված այս վեպը, իսկապես, հիանալի հնարավորություն է երկու ազգերի միջև երկխոսություն հաստատելու համար»,- համոզմունք հայտնեց հեղինակը` ընդգծելով, որ մեծահասակներն իր վեպն ընդունում են որպես իրենց կյանքի պատմություն, իսկ երիտասարդներն արժեքավոր նորություններ են բացահայտում դրանում:

Դանա Ուոլրաթը մարդաբանության վերաբերյալ առաջատար դասագրքերի համահեղինակ է։ Նրա գրքերին ու գիտական թեզերին ծանոթ են նաև Ամերիկայում և Եվրոպայում: «Ինչպես ջուրը քարին» գիրքն արժանացել է «Համաշխարհային հանրության համար հռչակավոր գիրք», «Բենք Սթրիթ քոլեջի կրթության լավագույն գիրք» մրցանակներին։ Անվանակարգվել է ԵԳՍԱ «Լավագույն գիրք» և CBC-ի տարվա մրցանակին։ 2012-2013 թթ. Դանան եղել է Հայաստանում։ Նա ունի նաև գրաֆիկական հուշեր, որոնք պատմություններ են իր մոր մասին։ Նրա «Aliceheimer’s» (2013) գիրքն ստացել է «Արևավիշապ» արծաթե մեդալ Երևանի գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնում:

Նշենք, որ ապրիլի 20-29-ն անցկացվեց «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնը, որի ընթացքում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության թեմայով գրված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հեղինակների հետ: Ներկայացվեցին Ալան Ուայթհորնի, Հարրի Ցիթենի, Մարսելա Փոլեյնի, Մարկ Մորտենի և Դանա Ուոլրաթի գրքերը:

Անի Ռափյան (Culture.AM)

IMG_1186 IMG_1230 IMG_1368 IMG_1370 IMG_1158

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0