a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
04/12/2014

Ինքնաբերաբար գրված գիրքը պարտադրեց տպագրել իրեն

Harenc

«Եթե պոետը, լինելով տեսակ, ունենում է նաև ընթերցողի տեսակ, նշանակում է՝ նրա հաջողություններն, անպայման, շարունակական են լինելու»,- այսպես է կարծում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Պոետը, տվյալ դեպքում, Էդուարդ Հարենցն է, որի բանաստեղծությունների 6-րդ՝ «Ինտերմեդիա ջրերից» ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում: «Դուք այսօրվա շնորհանդեսին կտեսնեք այնպիսի մարդկանց, որոնց մեծ մասին ուրիշ տեղերում չեք տեսնի: Դա նշանակում է, որ Հարենցն ունի մի հատկանիշ, որով կարողացել է որսալ ընթերցողի որոշակի տեսակ: Մնում է չննջել դափնիների վրա, չխաբել ընթերցողին, մնալ նույնքան անկեղծ ընթերցողի հետ, որքան միշտ եղել է Հարենցը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց գրականագետը: Ա. Նիկողոսյանը բարձր է գնահատում Է. Հարենցի վերջին երկու ժողովածուները՝ երկու տարի առաջ լույս տեսած «Լեթարգիական արթնությունը» և նոր՝ «Ինտերմեդիա ջրերից»-ը: Նրա խոսքով՝ առաջին չորս ժողովածուներում շատ են վայրիվերումներն ու փնտրտուքները. «Եթե վերջին ժողովածուն համեմատենք նախորդի՝ «Լեթարգիական արթնության» հետ, այն կարող ենք համարել փնտրվող ձեռագրի, ոճի կայուն, գտնված տարածություն, և, ի վերջո, հասուն խոսքի տարածություն, որն ամենակարևորն է, և որի մասին երազում է ցանկացած պոետ: «Ինտերմեդիա ջրերից» գրքում արդեն հստակ են Հարենցի որոնումները, խոսքի ուղղությունը, խոսքի թռիչքը, բանաստեղծական տողը, բառը և հարենցյան տարածության մեջ են փորձում ինքնադրսևորվել»,- վերլուծում է մեր զրուցակիցը: Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսն էլ վստահեցնում է, որ արդի հայ պոեզիան համարժեք է համաշխարհային պոեզիային. «Էդուարդ Հարենցի և նրա սերնդակիցներից շատերի պոեզիան փորձում է մեր բանաստեղծությունը դնել մշակութային ռելսերի վրա, որն ինձ համար շատ կարևոր է: Ես տանել չեմ կարողանում այն բանաստեղծությունը, որը կամ ռոքի տեքստ է կամ աշուղական երգի»,- ասում է նա: Պարզվում է, որ նոր ժողովածուն հեղինակի համար շատ անսպասելի է գրվել, ինչպես ինքն է ասում՝ ինքն իրեն է գրվել, ինքնաբերաբար. «Ես չէի սպասում, որ գիրքը կգրվի՝ նկատի ունենալով նախորդ գրքից հետո ենթադրվող ստեղծագործական վակուումը, որը կարող էր առաջանալ, բայց զարմանալիորեն չեղավ այդ վակուումը, և գիրքը, հասուն, հանգրվանային վիճակի գալով, պարտադրեց տպագրել իրեն»,- ասում է Է. Հարենցը: Գրքի շապիկը զարդարում են նկարչուհի Մոկո Խաչատրյանի երկու ստեղծագործությունները:

Մանրամասները՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0