a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լեոնարդո դա Վինչին իր նշումները ծածկագրել է հայերեն

da-Vinchi-675x308

Վերջերս  հայկական  լրատվամիջոցներով  տարածվել  է  հետաքրքիր  տեղեկություն,  թե  դա  Վինչիի  ծածկագրերի  մի  մասը  կարդացվում  է  հայերեն,  այն  էլ  ոչ  թե  սովորական  ձևով,  այլ  հայելային  անդրադարձմամբ,  երբեմն  էլ՝  գլխիվայր  շրջված:  Այդ  բացահայտման  մասին  դեռևս  2008  թ.  դեկտեմբերի  25-ին  ռուսական  մամուլում  «Դա  Վինչիի  ծածկագիրը»  վերնագրով  հոդված  է  հրապարակել  Եգոր  Օռլովը:  Արվեստի  պատմաբանները  վաղուց  բացահայտել  են,  որ  1452-1519  թթ.  կյանքն  ապրած  նկարիչն  ու  գիտնականը,  որ  ամենուր  գնում  էր  նշումների  ալբոմը  գոտուց  կախ,  հազարավոր  ձեռագիր  էջեր  է  թողել,  որոնց  մեծ  մասը՝  ծածկագրված:  Նրա  շատ  ծածկագրեր  վաղուց  վերծանվել  և  ուսումնասիրվել  են,  այդ  թվում՝  լատինագիր  նշումների  հայելային  անդրադարձումները:  Տեղեկություններ  կան,  որ  աշխատելիս  Լենարդոն  հայելիներ  է  օգտագործել:

Fact.am-ի տեղեկացմամբ վերջին  բացահայտման  հեղինակը  Երևանի  մանկավարժական  ինստիտուտի  գեղանկարչության  բաժնի  շրջանավարտ,  այժմ  ՌԴ  Լիպեցկ  քաղաքի  բնակչուհի  Արմինե  Խաչատրյանն  է:  Իրապաշտները  գուցե  անհավանական  համարեն  Արմինեի  հետ  կատարվածը,  բայց  պարտավոր  ենք  խոստովանել՝  մեր  հայրենակցուհու  բացահայտման  մեջ  մեծ  դեր  է  խաղացել…  երազը:  Հայրենիքից  հեռու  ապրուստ  վաստակելու  համար  նկարչի  վրձինը  մոռացած  Արմինեին  տարիներ  առաջ  երազում  երևացել  է  գեղանկարչության  նրա  կուռքը՝  Լեոնարդո  դա  Վինչին  և  առաջարկել  կրկին  վերադառնալ  նկարչությանը  ու  գրել  միաժամանակ  երկու  ձեռքով:  Անհավանականը  շարունակվում  է  Արմինեի  տեսողության  առանձնահատկությունների  նկարագրությամբ՝  նա  կարողանում  է  կարդալ  շատ  մանր  գրանշանները,  ասես  աչքերը  «տասն  անգամ  մոտեցրած  հեռադիտակի»  փողեր  լինեն:  Սակայն  այս  դեպքում  անհավանականը  հավաստի  է  դառնում  հոդվածին  կցված  բժշկական  եզրակացությամբ,  առ  այն,  որ  Արմինե  Խաչատրյանի  տեսողությունը  յուրահատուկ  է:  Այս  ամենը  քիչ  է՝  նկարչուհին  նաև  կարողանում  է  կարդալ  թե  հայելային  անդրադարձմամբ  նշանները,  թե  գլխիվայր  շրջվածները.  սա  էլ  երեխա  ժամանակ  դասերը  եռափեղկ  հայելու  առջև  սովորելու  շնորհն  է:

Մարգարեական  երազից  հետո  գրախանութ  վազելով՝  Արմինեն  բացում  է  Վերածննդի  հսկայի  վերատպությունների  գրքի  պատահական  էջը.  «Ես  բացեցի  այն  էջը,  որտեղ  «Սիրտ»  նկարն  է:  Նայեցի  վերատպությանը  և  ախ  քաշեցի:  Այն  տեղում,  ուր  սիրտն  է  պատկերված,  հստակ  հին  հայերեն  տառեր  տեսա»:

Դա  Վինչիի  գծանկարը  վերծանել  է  Արմինե  Խաչատրյանը

Գիրքը  տուն  տանելով՝  Արմինեն  սկսել  է  կարդալ  վերատպության  անկյան  գլխիվայր  գրությունը.  «Մասիս  սարի  ճակատին՝  Մուշ  երկրում,  ես  լսեցի,  որ  թուրքերը  խարույկի  են  հանել  մորս  քույրերին»:  Տեղեկատուների  օգնությամբ  նա  փորձել  է  ընթերցածն  իմաստավորել:

Հոդվածագիրը  ենթադրություն  է  անում,  թե  «Սիրտ»  նկարում  պատկերվածը  ոչ  թե  սոսկ  երկու  սրտեր  են,  հավանաբար  մոր  և  մանկան,  այլ  Արարատ  սարը՝  իր  երկու  գագաթներով:  Չմոռանանք,  որ  համաձայն  առասպելի՝  Սիսն  ու  Մասիսը  նման  են  երկու  սրտերի՝  մեծահասակի  ու  մանկան:  Արմինեն  վերծանելով  ծածկագիրը՝  եզրակացնում  է,  որ  նկարում  արտացոլված  է  հինգ  տարեկանում  մորից  հեռացված  Լեոնարդոյին  մաշած  կարոտը:  Պատմությունը  ևս  դա  է  հաստատում.  այն  ժամանակ,  երբ  նկարիչն  ստեղծել  է  «Սիրտը»՝  Օսմանյան  կայսրությունը  բզկտել  է  Հայաստանը,  որը  կարճ  դադարներով  եղել  է  նաև  թուրք-պարսկական  կռիվների  թատերաբեմ:  Օռլովը  եզրակացնում  է.  «Դրանց  սարսափների  մասին,  երևում  է,  նկարիչը  ցանկացել  է  սերունդներին  պատմել»:  Ի  լրումն  ասվածի՝  երբեմն-երբեմն  կարծիքներ  են  հնչում,  թե  Լեոնարդոյի  գեղջկուհի  մայրը  Կիլիկիայից  Իտալիա  տեղափոխված  հայերից  է  եղել:

Երբ  իր  վերծանած  հայերեն  շարադրանքը  Արմինե  Խաչատրյանը  ցույց  է  տվել  հայագետ  Ներսես  Մկրտչյանին,  նա  հաստատել  է,  որ  դա  12-րդ  դարի  հայերեն  է:  16-րդ  դարի  Իտալիայում  12-րդ  դարի  հայերենի  առկայությունը  նրանք  բացատրում  են  այսպես.  12-րդ  դարում  մեծ  թվով  հայեր  Կիլիկիայից  Իտալիա  են  գաղթել  և  ըստ  երևույթին  գրեթե  քարացած  վիճակում  պահպանել  իրենց  հետ  տարած  հայերենը,  մինչդեռ  բնօրրանում  լեզուն  բնական  ճանապարհով  փոփոխվել  է:

Քանի  որ  Լեոնարդոյի  նկարների  անկյուններում  գրվածները  վերծանելը  Արմինեին  շատ  պարզ  է  թվացել,  մտածել  է,  թե  գաղտնիքը  վաղուց  բացահայտված  է:  Սակայն  իր  երազից  ամիսներ  անց  լսել  է,  թե  ինչպես  է  «Երեխան  մոր  արգանդում»  նկարի  գնման  առնչությամբ  (ձեռք  բերողը  եղել  է  Անգլիայի  թագուհին)  հաղորդավարն  ափսոսանք  հայտնում,  թե  այնտեղ  եղած  գրությունը  ոչ  մի  կերպ  չի  հաջողվում  վերծանել:

–  Ինչպես  թե,-  բացականչում  է  նկարչուհին,-  ախր  այնտեղ  շատ  պարզ  գրված  է.  «Վախով  եմ  գրում,  հանկարծ  մայրս  չնկատի»:

Ինչպես  պարզվում  է  Ե.  Օռլովի  հոդվածից՝  Արմինեն  Լեոնարդոյի  վերաբերյալ  իր  բացահայտումների  մասին  գիրք  է  գրել:  Այնտեղ  այլևայլ  հետաքրքրական  տեղեկություններ  կան,  օրինակ՝  Ջոկոնդայի  ճակատին  արված  հայերեն  գրության  մասին՝  «Ամաչկոտ»,  անկյունում  էլ  գրված  է.  «Ների՜ր,  մունետիկ»  և  այլն:  «Ես՝  Վաչիս»  գրությունից  էլ  եզրակացնում  է,  թե  դա  կարող  էր  նկարչի  կնունքի  հայերեն  անունը  լինել:

Արմինե  Խաչատրյանը  սովորել  է  երկու  ձեռքով  միաժամանակ  գրել,  ինչպես  ըստ  երևույթին  հենց  Լեոնարդոն  է  կարողացել  անել:

Լեոնարդոյի  ներքոդրյալ  ձեռագրերը  գտել  և  հայելու  առջև  լուսանկարել  են  «Լույսաշխարհ»  կայքի  աշխատակիցները:  Թեև  պարզ  չի  երևում,  բայց  ըստ  ընդհանուր  տեսքի՝  հայերեն  գրություններ  են,  նշմարվում  են  նաև  առանձին  բառեր  ու  տառեր:

Լեոնարդո  դա  Վինչիի  և  հայերի  առնչություններին  բազմիցս  անդրադարձել  է  ականավոր  գրող  Կոստան  Զարյանը:  Այդ  թեման  նրան  գրավել  է  դեռևս  1920-ականներին,  դրա  շուրջ  Հայաստանից  դուրս  դասախոսություններ  է  կարդացել,  1967թ.  հրապարակումներ  ունեցել  «Սովետական  արվեստ»  ամսագրում,  որոնք  հետագայում  տեղ  են  գտել  «Նավատոմար»  ժողովածուում  (1999թ.):

Կոստան  Զարյանը  բազմաթիվ  փաստեր  է  բերում,  որոնք  հաստատում  են  Վերածննդի  մեծ  նկարչի,  ճարտարապետի,  գիտնականի  և  մտածողի  ու  հայերի  առնչությունները:

Արվեստաբանների  ու  պատմաբանների  մի  մասը  պնդում  է,  որ  Լեոնարդո  դա  Վինչին  այցելել  է  Կիլիկյան  Հայաստան,  իսկ  շատերը,  հատկապես  իտալացիները,  ամեն  կերպ  դա  ժխտում  են,  նրա  «Հայկական  նամակները»  և  տեղանքի  ու  դեպքերի  նկարագրությունները  համարում  երևակայության  արդյունք  կամ  գեղարվեստական  հնարանք,  ոչ  ավելի,  ոչ  պակաս՝  ապագա  վեպի  նախագիծ:  Կոստան  Զարյանը  բազմաթիվ  հետազոտողների  վկայությունների  հիման  վրա  համոզիչ  փաստեր  է  բերում  ապացուցելու,  որ  Դա  Վինչին  հավանաբար  որպես  Եգիպտոսի  սուլթանի  ինժեներ,  եղել  է  Կիլիկիայում,  ավելին՝  հասել  է  նաև  Հայաստան:  Դրանց  վկայությունն  են  բնակավայրերի  ու  իրադարձությունների  հավաստի  նկարագրությունները,  որոնք  պատմական  փաստերով  ևս  հաստատվում  են:

Կոստան  Զարյանը  հիշեցնում  է,  որ  15-16-րդ  դարերում  Ֆլորենցիայում  հայերին  շատ  լավ  են  ճանաչել:  Քաղաքի  վրա  իշխող  բլրին  կառուցված  բազիլիկ  եկեղեցին՝  Սան-Մինիատոն,  եղե  է  Լեոնարդոյի  սիրելի  վայրը:  Հայտնի  է,  որ  այդ  եկեղեցին  նախկինում  կոչվել  է  Սան-Մինիաս,  մի  հայի  անունով,  ով  250  թ.  Տոսկանայում  քրիստոնեություն  է  քարոզել  և  տանջամահ  արվել:  Պատանի  Լեոնարդոն  հաճախ  է  այցելել  այդ  եկեղեցին,  սիրել  է  զննել  հատկապես  գլխավոր  խորանի  խճանկարները:  Եկեղեցում  նա  հանդիպելիս  է  եղել  մենաստանի  անապատականների  հետ,  որոնք  հայր  Լուգանոյի  վկայությամբ  եղել  են  երկարամորուս  ու  հրաչյա  հայեր:  Հենց  նրանք  էլ  կարող  էին  պատանուն  պատմած  լինել  Հայաստանի,  նրա  գեղեցկության  և  դաժան  ճակատագրի  մասին:  Իսկ  վերածննդի  Ֆլորենցիայում  հայտնի  են  եղել  առնվազն  մեկ  տասնյակ  հայ  սրբեր:

Ասվածը  հիմնավորելու  համար  կարևոր  փաստ  է  նաև  Լեոնարդոյի  ներկապնակում  տեղ  գտած  մուգ  դեղին  կամ  բաց  շագանակագույն  եզակի  գույնը,  որն  ինքը  կոչել  է  «տերրա  Արմենա»:  Այս  գույնը  Մեծ  նկարչից  բացի  ոչ  ոք  չի  օգտագործել:  Եզրակացությունը  բխում  է  ինքնին,  թե  հայոց  հողի  գույնն  ունեցող  այդ  ներկը  Լեոնարդոն  բերել  է  Հայաստանից:

Կոստան  Զարյանը  նշում  է,  որ  Լեոնարդոյի  ուրվանկարներից  շատերը  դիտելիս  հնարավոր  չէ  դրանք  հասկանալ  և  բացատրել,  եթե  նախապես  բացառես,  որ  նա  եղել  է  Հայաստանում:  Գրողը  մեծ  է  համարում  նաև  Լեոնարդոյի  դերը՝  հայկական  ճարտարապետության  սկզբունքերը  Իտալիայում,  այնուհետև  Եվրոպայում  արմատավորելու  գործում:  Նա  միայն  Լոենարդոյի  ազդեցությանն  է  վերագրում  այն  հանգամանքը,  որ  Բրամանտեն  լիովին  հրաժարվել  է  գոթական  ոճից  և  ընդունել  հայկական  ճարտարապետության  այն  սկզբունքները,  որոնք  հետագայում  նոր  ընթացք  են  տվել  սուրբ  Պետրոսի  տաճարի  կառուցմանը:

ԱՄՆ-ում  գործող  Aquarian  Millennium  Armenological  Institute-ի  աշխատակից  Մելքոն-Արմենիա  Խանջյանը  ևս  անդրադարձել  է  մեզ  հուզող  խնդրին:  Նա  գրում  է.  «Լեոնարդո  դա  Վինչիի  մահից  հետո  հայտնաբերվել  է  երեք  օղակ,  ինչը  մեծ  նկարչին  և  գիտնականին  շաղկապում  է  Հայաստանի  հետ.  դա  հայկական  եկեղեցու  նախագիծն  է՝  Բագարանի  ոճով,  որը  հայտնաբերվել  է  նրա  օրագրում,  «Հայոց  տառերը»,  որոնք  հայելանման  արտացոլված  են  նրա  The  Codex  Atlanticus  օրագրում  և  երեք  հայ  տիրակալների  դիմանկարները»:

Նշվում  է,  որ  Բագարանի  ոճի  եկեղեցի  Կիլիկյան  Հայաստանում  չի  եղել,  այն  կառուցվել  է  Արևելյան  Հայաստանում՝  Ախուրյան  գետի  աջ  ափին,  624-631թթ.,  և  միայն  այնտեղ  նկարիչը  կարող  էր  գտնել  և  իր  օրագրում  վերարտադրել  եկեղեցու  նախագիծը:  Բագարանի  ոճի  եկեղեցիներ  կառուցվել  են  նաև  Եվրոպայում,  և  նրանց  ճարտարապետներն  ու  շինարարները  հայեր  են  եղել:  Այսպիսով՝  վարկածն  այն  մասին,  թե  դա  Վինչին  այցելել  է  միայն  Կիլիկյան  Հայաստան,  չի  հաստատվում:  Նրա  The  Codex  Atlanticus  օրագրում  արվեստաբանները  նկատել  են  նաև  երկու  էջ,  որոնց  վրա  նկարիչը  հայելանման  արտացոլել  է  հայերեն  տառերը  և  պատմել  իր  այցելության  մասին՝  Տավրոսի  լեռներ:

Արդեն  500  տարի  հետազոտողները  քրքրում  են  դա  Վինչիի  թղթերն  ու  ստեղծագործությունները,  բացահայտումներ  անում,  իսկ  որոշ  դեպքերում  ինչ-ինչ  փաստեր  պարտակում:  Ճշմարտությունները,  սակայն,  ջրի  երես  դուրս  գալու  հատկություն  ունեն,  մնում  է  միայն  դրանք  ընդունել  հավուր  պատշաճի:

Ի  դեպ  Լեոնարդո  դա  Վինչիի  և  հայերի  առնչությանն  է  անդրադարձել  նաև  hay-power.com  կայքը՝  «Լեոնարդո  դա  Վինչին  և  Հայաստանը»  հրապարակման  մեջ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0