a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կոմիտասի հիվանդության ուսումնասիրությունը՝ հոգեվերլուծական ու բժշկական տեսանկյունից

Komitas

Ռիտա Սուլահյան-Կույումջյանի «Խելագարության ակունքներում: Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» գիրքը 15 տարի առաջ տպագրվել է անգլերենով: Գրքի հիման վրա Դավիթ Ռոբերտ Դերանյանը ֆիլմ է նկարհանել, ԲիԲիՍի  ռադիոկայանը պատրաստել է մեծածավալ երաժշտական ռադիոհաղորդում:  2010-ին գիրքը թարգմանվել է թուրքերեն և համալրել ցեղասպանության մասին գրականության շարքը: Մինչ օրս, ըստ լուրերի, այն համարվում է Թուրքիայում ամենից շատ վաճառվող   գրքերից մեկը:

Հայ ընթերցողի սեղանին  է կանադահայ հոգեբույժի Կոմիտասին նվիրված աշխատության հայերեն թարգմանությունը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ «Խելագարության ակունքներում: Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» հիմնված է բացառապես փաստերի վրա, հիվանդանոցային արխիվների, ականատեսների վկայությունների. «Ականատեսներից մեկը՝ Արամ Անտոնյանն էր, ով  հոդվածների շարք հրատարկեց 46-47 թվականներին: Նա Չանգր աքսորված հայ մտավորականների խմբում էր և նկարագրում է, թե ինչ պայմաններում առաջացավ Կոմիտասի մտքի տագնապը, ինչպիսին էր նա աքսորի ընթացքում և դրանից հետո»:

Ռիտա Սուլահյան-Կույումջյանը նշում է, որ Կոմիտասի հիվանդությունը ուսումնասիրել է հիմնականում հոգեվերլուծական ու բժշկական տեսանկյունից: Տարիներ առաջ, երբ սկսել է հետաքրքրվել Կոմիտասի կյանքով, նկատել է, որ որևէ լուրջ աշխատանք չկա նրա հիվանդության մասին: Գիտական բաց կա, որ պետք է լրացնել: Հոգեբույժի   համոզմամբ` Վարդապետի մոտ ախտորոշվել է հետտրավմային սթրեսային խանգարում. «Երբ 15-ին հայ մտավորականության հետ աքսորվեց Չանգր, այդ ճանապարհին նրա մոտ առաջացավ հալածախտի զգացում, մտքում տեղ  գրավեց վախը, ստորացած լինելու զգացումը, կորցրեց վստահության զգացումը, ստեղծագործելու ունակությունը: Որովհետև ինքն իր ուղեղի մեջ բանտարկվեց»:

Անդրադառնալով մեր «Կա կարծիք, որ  Կոմիտասին հնարավոր էր բուժել նորմալ միջավայր վերադարձնելով, վերականգնելով նրա կյանքի ռիթմը, ստեղծագործական աշխատանքը, շփումը հասարակության հետ» հարցին՝ Ռիտա Սուլահյան-Կույումջյանն ասաց. «Վստահ չեմ, որովհետև շատ խորն էր տրավման: Կոմիտասի կյանքը կարելի  է  մեկ բառով բնորոշել` կորուստ: Մանկության տարիների որբությունը,  կյանքի դժվարությունները, մարդկանց չարախոսությունները, եղեռնը, որի պատճառով կորցրեց  ժողովրդին, մտավոր հիվանդությունը, ստեղծագործելու ունակության կորուստը և վերջնական «բանտարկությունը» հոգեբուժարանում»:

Ռիտա Սուլահյան-Կույումջյանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Որպես հոգեբույժ մասնագիտացել է Մոնրեալի Մակ-Գիլի համալսարանում, որտեղ դասավանդում է 35 տարի: Ունի դոցենտի կոչում: Ներկայումս նա աշխատում է Մոնրեալի «Սուրբ Մարիամ» հիվանդանոցում՝ որպես հոգեբուժական ամբուլատոր վարչության տնօրեն: Հինգ գրքի հեղինակ է: «Խելագարության ակունքներում: Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» երկրորդ գիրքն է: Այն անգլերենից հայերեն թարգմանել են Լուսինե Աբրահամյանը և Ռոբերտ Թաթոյանը:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0