a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
13/05/2015

Հայաստանը մասնակցել է Սալոնիկի Գրքի 12-րդ միջազգային ցուցահանդեսին

capture.thumb

Օրեր առաջ Հայաստանը մասնակցեց Սալոնիկի Գրքի 12-րդ միջազգային ցուցահանդեսին,  Tert.am-ի փոխանցմամբ տեղեկացնում է Արտգործնախարարության կայքը:
Հայաստանի մասնակցությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հունաստանի հանձնաժողովի կողմից: Ի հավելումն Հայաստանից բերված հրատարակություններին, ցուցադրության համար արժեքավոր գրքեր են տրամադրվել նաև Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցու «Արևիկ» գրատան և հունահայ «Արմենիկա» ամսագրի խմբագրության կողմից:

Հայկական տաղավարում ցուցադրվել են վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում տպագրված հայերեն, հունարեն և օտարալեզու հրատարակություններ` մեծամասամբ Հայոց ցեղասպանության թեմայով: Մայիսի 7-ին ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը նախորդեց «Համազգային» մշակութային կենտրոնի Սալոնիկի մասնաճյուղի կողմից կազմակերպված գրական-մշակութային միջոցառում «Հոգու տողեր, Հայաստանի տողեր» խորագրով` սալոնիկահայ երիտասարդության մասնակցությամբ:

Սալոնիկի քաղաքային թատրոնի դերասան Մանոլիս Ֆուդուլիսի բեմադրությամբ, Կոմիտասի կատարումների ներքո Արաքսյա Գանապետյանը, Անժել Երամյանը, Վիգեն Դերեյանը, Անահիտ և Մելին Քարաօղլանյանները, Մարի Քյուրքչյանը, Ռոզա Փափազյանը և Տիգրան Սարգսյանը ներկայացրին 19-րդ և 20-րդ դարերի հայ պոեզիայի ամփոփ նկարագիրը, ընթերցեցին Խաչատուր Աբովյանի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի հունարեն թարգմանված ստեղծագործություններից:

Միջոցառմանը ներկա են Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, հունահայ համայնքային և կրոնական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև ցուցահանդեսի բազմաթիվ հույն և օտարազգի այցելուներ:

Հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես ցուցահանդեսի այցելուների, այնպես էլ հրատարակիչ ընկերությունների մոտ: Հայկական մշակութային միջոցառումն ընդգրկվեց ցուցահանդեսի շրջանակում անցկացված լավագույն միջոցառումների շարքում և լայնորեն լուսաբանվեց հունական լրատվամիջոցների կողմից:

Tert.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0