a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական ջազի ողջ պատմությունը՝ Արմեն Թութունջյանի գրքում

4077

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն Արմեն Թութունջյանը (Չիկո) ներկայացրել է հայկական ջազի մասին պատմող «Ջազը Հայաստանում» հեղինակային գիրքը, որն առաջին աշխատությունն է, որտեղ մանրամասն նկարագրված է հայկական ջազի ողջ պատմությունը` սկսած 20–րդ դարի 30–ականներից մինչև մեր օրերը։

352 էջից բաղկացած գիրքը հրատարակվել է Երևանում հայկական ջազի 75–ամյակի կապակցությամբ (որը նշվել է 2013 թ.–ին)։ Գրքում տեղ են գտել բաժիններ բաժիններ, որոնք պատմում են ջազի աղբյուրների, աֆրիկյան արմատների, Արևմտյան Եվրոպա և Ռուսաստան ներթափանցելու, մասնագիտական ջազի առաջացման մասին, ինչպես նաև հակիրճ կենսագրական տվյալներ` հայտնի հայ ջազ կատարողների մասին։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Թութունջյանը ասել է, որ անկախ ամեն ինչից, վաղ թե ուշ գրելու էր այս գիրքը, քանի որ իր կյանքի ընթացքում կուտակել է հսկայական թվով նյութեր, որոնք վերաբերում են հայկական ջազին, և բացի այդ, իրեն բախտ է վիճակվել դառնալ գրքում նկարագրված բազմաթիվ դրվագների մասնակիցն ու ականատեսը։

43236003 (1)

Նա նշել է, որ գրքում ներկայացված են նյութեր 57 հայ ականավոր ջազ կատարողների մասին և նրանց միայն մի քանիսի հետ նրան չի հաջողվել շփվել․ մյուսները կա՛մ իր դասախոսներն էին, կա՛մ կոլեգաները։
Նրա խոսքով` խորհրդային  տարիներին Հայաստանում չկար ջազին վերաբերող մասնագիտական գրականություն, հնարավորություն չկար հանդիպելու օտարերկրյա, մասնավորապես` ամերիկացի ջազմենների հետ, ովքեր իսկական ջազ երաժշտության հիմնադիրներն են։ Թեպետ Հայաստանում այդ ժանրը շատ լավ էր զարգացած։

Թութունջյանը փաստել է, որ հայկական ջազի սկիզբը դրել է հայտնի երաժիշտ Արտեմի Այվազյանը 20–րդ դարի 30–ականներին։ Այդ տարիները համարվում են Հայաստանում ջազ երաժշտության ծննդյան տարիներ, քանի որ հենց այդ ժամանակ Հայաստանում պետական մակարդակով ստեղծվեց նվագախումբ, որի  երաժշտական գործիքներն առավել նման էին այդ ժամանակ ամերիկյան և եվրոպական ջազ նվագախմբերում օգտագործվող գործիքներին։ Հայաստանում ջազ սկսել են կատարել դեռևս 1920–ականներին։ 1930–ականների սկզբին հայտնվեցին համույթներ, որոնք հիմնականում այդ ոճի երաժշտություն էին կատարում։ Այդ տարիներին առավել հայտնի էր Ցոլակ Վարդազարյանի համույթը, որը ելույթ էր ունենում «Մոսկվա» կինոթատրոնում։ Առաջին ջազ համույթ է համարվում Հայաստանի պետական ջազ նվագախումբը (ավելի ուշ` էստրադային նվագախումբ), որը ստեղծվել է 1938թ.–ին հանրապետության կառավարության կարգադրությամբ։ Նվագախումբը գլխավորում էր կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանը, դիրիժորն էր Ցոլակ Վարդազարյանը։

1950/60 -ական թվականներին Խորհրդային Հայաստանում ջազը լայն տարածում ստացավ։ Ողջ երկրում հայտնվում էին ջազային խմբեր։ Այդ ժամանակաշրջանում ճանաչում ստացան Լևոն Մալխասյանի ջազային քառյակը, Արմեն Թութունջյանը, Արթուր Աբրամյանը և Ալեքսանդր Զախարյանը, որոնք հաճախակի ելույթներ էին ունենում Երևանում, ինչպես և մասնակցում էին համամիութենական փառատոններին։ 1970-ականների սկզբին հանդես եկան նոր տաղանդավոր երաժիշտներ` Դավիթ Ազարյանն ու Արտաշես Քարթալյանը, կիթառահար Բորիս Անդրեասյանը, դաշնակահար Միքայել Զաքարյանը, Արմեն Տեր-Թադևոսյանի քառյակը, Էդուարդ Բախչիյանի ղեկավարությամբ համույթը։
1970-ականներին սկսած Հայաստանի ջազային նվագախումբը մեծ ճանաչման արժանացավ Խորհրդային Միությունում։ Հայաստանի պետական էստրադային նվագախումբը Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ, առաջինն էր ԽՍՀՄ ջազային նվագախմբերից, որ մեկնեց ԱՄՆ։ Հայ երաժիշտները ԱՄՆ խոշոր քաղաքներում 25 համերգ տվեցին։ Կոնստանտին Օրբելյանը, 36 տարի շարունակ ղեկավարելով նվագախումբը, կարողացավ սիրողական ջազ-համույթի մակարդակից այն վերածել պրոֆեսիոնալ կոլեկտիվ։ 1979 թվականին Օրբելյանին շնորհվեց ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչումը։
1980-ական թվականներին սովետական ջազի մեջ մեծ ճանաչում ուներ Տաթևիկ Հովհաննիսյանը։ Նա սկսել է ջազ երգել 11 տարեկանից հեռուստատեսության և ռադիոյի նվագախմբում, իսկ 17 տարեկանից որպես մեներգչուհի միացել է Կոնստանտին Օրբելյանի նվագախումբ։ Տարիներ շարունակ իրեն տրվում էր Խորհրդային Միության լավագույն ջազ-երգչուհու տիտղոսը։
1990-ական թվականների սկզբին, ԽՍՀՄ փլուզման և Ղարաբաղյան պատերազմի պատճառով հետևող ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով Կոնստանտին Օրբելյանը չկարողացավ այլևս շարունակել աշխատանքը իր նվագախմբի հետ և մեկնեց Սան Ֆրանցիսկո։
1997 թվականին երիտասարդ երաժիշտներից վերականգնված «Հայաստանի պետական ջազ-նվագախումբ» անվանումով նվագախումբը վերսկսեց իր աշխատանքը` կոմպոզիտոր և դաշնակահար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Նվագախումբը բազմիցս շրջագայել է ԱՄՆ և եվրոպական երկրներում, կարողացել է նվաճել մի քանի ազգային մրցանակներ և թողարկել է երկու ձայներիզ։

2013 թվականի դրությամբ Հայաստանում գործում են ջազային տարբեր ուղղվածություններով հանդես եկող բազում խմբեր։ Հայտնի են էթնո-ջազային «Time Report», Վահագն Հայրապետյանի ջազ-ռոքային «Կատուներ», ավանդական ջազի «Chiko & Friends», fusion-ջազային «Art Voices», կանացի «Jazzel», ինչպես և «Ուլիխանյան», «NooZ»խմբերը, Արտո Թունջբոյաջյանի աշխարհահռչակ «Armenian Navy Band» խումբը, ԱՄՆ-ում գործող Night Ark էթնո-ջազային խումբը։ Հայաստանի ամենից ճանաչված ջազմեններն են` Մարտին Վարդազարյան, Լևոն Մալխասյան (Մալխաս), Վահագն Հայրապետյան, Արմեն Թութունջյան (Չիկո), Արտո Թունջբոյաջյան, Արմեն Հյուսնունց, Արմինե Սարգսյան, Տիգրան Համասյան, Հարրի Կեսայան, Աշոտ Պարունակյան, Ջոն Բաբոյան, Ստեփան Շաքարյան, Արա Դինքջյան և այլն։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0