a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի ունեցավ լոնդոնաբնակ հեքիաթագիր Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը

Նունե_Սարգսյան

Հունիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ լոնդոնաբնակ հեքիաթագիր Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Նունեն այսօր դարձել է հայ մանուկների ամենաճանաչելի մանկագիրներից մեկը: Նրա հեքիաթներում նույնիսկ վիշապները կարող են գեղեցիկ ու բարի լինել, լույսի ու խավարի պայքարում միշտ հաղթում է լույսը: ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի օգնությամբ Նունեի հեքիաթները փոխադրվել են Գավառի (Բայազետի), Գյումրվա (Կարնո) և Արցախի բարբառներով: Այսօր մենք աշխատում ենք սիրելի Նունեի հեքիաթները փոխադրել արևմտահայերենի: Նրա հեքիաթներից մի քանիսը վերածվել են տիկնիկային բեմադրությունների և հաջողությամբ ցուցադրվում են Թումանյանի անվան տիկնիկային և Խամաճիկների թատրոններում»:

Նախարարը գոհունակությամբ ընդգծեց, որ 2006-2016թթ. Նունեի գրքերը նվեր են ստացել Երևանի քաղաքային և համայնքային գրադարանները, Երևանի 5 մանկատները, Գյումրիի 29 դպրոցական, Ստեփանակերտի 9 դպրոցական, Մոսկվայի և Պետերբուրգի հայակական կենտրոնների գրադարանները, Լոնդոնի հայկական դպրոցները:

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ նախարարության նախաձեռնությամբ և պատվերով ամեն տարի լույս տեսնող «Գրական Սփյուռք» տարեգրքի 2017թ. համարում կընդգրկվի նաև լոնդոնահայ հեքիաթագիր Նունե Սարգսյանի հեքիաթներից մեկը:

Շնորհանդեսի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը՝ Նունե Սարգսյանը՝ նշելով. «Շատ հուզված եմ, որովհետև այս հանդիպումն ինձ համար անակնկալ էր: Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ իմ հեքիաթները արևմտահայերենի փոխադրելու առաջարկության և նախաձեռնության համար: Անպայման ուզում եմ նշել, որ տիկին նախարարը ճիշտ էր, երբ ասաց, թե ընտանիքը մեծ նշանակություն ունի արվեստագետի կայացման գործում: Իմ պարագայում շնորհակալ եմ մանկությանս ընկերոջն ու ամուսնուս՝ Արմենին, ով ինձ վստահություն ներշնչեց և համոզեց գրել հեքիաթներ»:

Նունե Սարգսյանն ասաց, որ ինքը գրել է նաև մեծերի համար, սակայն հոգեհարազատը մանուկների աշխարհն է: «Մենք պետք է փայփայենք մանուկների աշխարհը և օգնենք երեխաներին ճիշտ մեծանալ: Հեքիաթագրի գործն այն է, որ մանուկներին ներկայացնի գեղեցիկը, երևակայականը, օգնի նրանց երազել: Չէ՞ որ բոլոր համաշխարհային լուրջ հայտնագործությունների նախասկիզբն ի սկզբանե երազնանք է, որը հետագայում դառնում է իրականություն», – ասաց հեղինակը:

Հանդիպման ավարտին ընթերցվեցին հատվածներ հեղինակի՝ Արցախի բարբառով փոխադրված «Երեք վիշապ» հեքիաթից:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0