a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
29/04/2015

Հովհաննես Շիրազի ծննդյան տարեթիվը՝ վեճերի առարկա

timthumb

Այսօր հայ նորագույն քնարերգության մեծագույն դեմքերից մեկի՝ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է: Ըստ պաշտոնական տվյալների, Շիրազը ծնվել է ապրիլի 27-ին: Իսկ ո՞ր թվականին է ծնվել մեծ բանաստեղծը: Մեկ տարի առաջ՝ 2014-ին, նշվեց նրա ծննդյան 100-ամյակը: Այսինքն, Հովհաննես Շիրազը ծնվել է 1914 թվականին: Սակայն առկա է նաև 1915-ը: Ինքը՝ Շիրազը, և նրա կենսագիրներից շատերը պատմել են, որ բանաստեղծը մեծ ցանկություն է ունեցել, որպեսզի իր ծննդյան տարին նույնացվի Մեծ եղեռնի տարվա հետ, որպեսզի ազգային ցավերից մորմոքվող մեծ բանաստեղծի հոգին ձուլվի այդ եղեռնազարկ տարվան:

Եվ, ըստ տեղեկությունների, բանաստեղծ Գուրգեն Բորյանը, որը գրողների միության քարտուղարներից մեկն էր, բանաստեղծի ցանկությամբ գրում է՝ 1915 թվական, ասելով. «Մի բան, որ մեծ սխալ թույլ չենք տալիս, քո 1914-ն էլ ճիշտը չէ»: Հենց Գուրգեն Բորյանի խոսքը, որին չի հակադրվել բանաստեղծը, չի հերքել, հուշում է, որ, այնուհանդերձ, առեղծված կա Հովհաննես Շիրազի ծննդյան տարեթվում:

Բանաստեղծի լավագույն ընկերներից մեկը՝ նկարիչ Գուրգեն Կարապետյանը, որը ստեղծել էր Շիրազի հոր գրաֆիկական դիմանկարը, պնդում էր, որ Հովհաննես Շիրազը 1918 թվականի ծնունդ է, քանի որ բանաստեղծը, հոր դիմանկարը պատվիրելով ընկերոջը, ասել էր. «Հորս դեմքը չեմ հիշում, մոտ երկու տարեկան էի, երբ նրան սպանեցին»: Իսկ Շիրազի հայրը սպանվել է թուրքերի ձեռքով 1920 թվականին: Իր «Մի փետուր իմ արծիվ կյանքից» էսսեում Շիրազը գրում է, որ մոտ երկու-երեք տարեկան էր, երբ սպանվել է հայրը: Այսինքն, 1918 թվականը դառնում է իրական: Կամ՝ իրականությանը մոտ:

Բանաստեղծի ավագ քույրը՝ Գոհար Կարապետյանը, ժամանակին ասում էր, որ ինքն է Շիրազի փաստաթղթերում գրել տվել 1914 թվականը, քանի որ նրան աշխատանքի չէին ընդունում տեքստիլ կոմբինատում՝ պնդելով, որ անչափահաս է: Գոհարը, իր պատմելով, երկու տարի մեծացրել է եղբորը: Այսինքն, քրոջ հավաստմամբ, Հովհաննես Շիրազը ծնվել է 1916 թվականին: Ոմանք էլ պնդում են, թե բանաստեղծն ավելի մեծ էր, ծնվել է 1911 թվականին: 1990ա-ականների սկզբներին, զբաղվելով բանաստեղծի ծննդյան տարեթվի ճշգրտումներով, մենք զրուցեցինք նրա առաջին կնոջ՝ Սիլվա Կապուտիկյանի և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,պրոֆեսոր Հրաչուհի Ջինանյանի հետ, որը Շիրազի համակուրսեցին էր: Երկուսն էլ պնդեցին, թե 1914 և 1915 թվականներն իրական չեն, թե բանաստեղծի ծննդյան ճիշտ տարեթիվը 1918-ն է: Հովհաննես Շիրազի մանկության ընկերներից՝ գրականագետ Արամ Ռուբենի Գրիգորյանը իր հուշերում գրում է, թե 1926 թվականին է իր առաջին բանաստեղծությունը գրել պատանի Օննիկը, որը հետագայում երգի տեքստ դարձավ:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ավանի պետական գործիչ Գևորգ Հայրյանը՝ Շիրազի պատանեկության ընկերներից մեկը, ապագա մեծ բանաստեղծի հետ եղել է Ալեքպոլի մանկատանը: Նա էլ պնդում էր, թե Շիրազն իրենից մեծ էր մեկ տարով: Իսկ Հայրյանը ծնվել է 1913 թվականին:

Ուրեմն, ո՞ր թվականին է ծնվել Հովհաննես Շիրազը: Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, որն իր ողջ կյանքը նվիրել է շիրազագիտությանը, եղել բանաստեղծի մտերմագույն բարեկամը, իր հիմնարար աշխատության մեջ ծննդյան տարեթիվ է ընդունել 1914-ը: Հավատա՞նք այս տարեթվին: Կարծում եմ՝ ոչ, որովհետև պետք է հավատալ քրոջն ու լավագույն ընկերոջը՝ Արամ Ռ. Գրիգորյանին: իսկ ինչու՞ է այդքան կարևոր բանաստեղծի ծննդյան տարեթիվը: Բանն այն է, որ Հովհաննես Շիրազը ստեղծագործել է վաղ մանկության տարիներից, իր մի շարք գլուխ-գործոցներ գրել է ոչ թե հասուն, այլ պատանության տարիներին: Առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», հրատարակել է 1934 թվականին, որի առաջաբանը գրել է Վահրամ Ալազանը: Եթե ստույգ է Գոհար Կարապետյանի վկայությունը, ապա 1934 թվականին Հովհաննես Շիրազն ընդամենը 18 տարեկան էր, իսկ գրքում տեղ էին գտել երկու-երեք տարի առաջ գրված բանաստեղծություններ: Ուրեմն, հայ նորագույն բանաստեղծության նվաճումներ հանդիսացող մի շարք բանաստեղծություններ Հովհաննես Շիրազը գրել է 15-16 տարեկան հասակում: Խոստովանենք, նման հանճար մեր գրականության մեջ չենք ունեցել:

Լևոն Մութաֆյան
Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0