
12/04/2017
|
Հայ-հրեական կապերի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականի գիրքը թարգմանվել է հայերեն

Ապրիլի 14-ին՝ ժամը 12:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա Յաիր Օրոնի «Փրկիչներ և մարտիկներ» գրքի շնորհանդեսը։ Ինչպես հայտնում էՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը, հեղինակը ներկա է գտնվելու միջոցառմանը:
Յաիր Օրոնը տասնամյակներ շարունակ զբաղված է հայ-հրեական կապերի ուսումնասիրությամբ, հատկապես որ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների մեկնարկից առաջ գրված այս գիրքն ընթերցողին վերադարձնում է դեպի Ֆրանսիայի բռնազավթման տարիներ, ներկայացնում Ազնավուրյանների ընտանիքի զարմանալի պատմությունը։
Գրքի նախաբանի հեղինակ Շարլ Ազնավուրը գրել է.
-Այն, ինչ մենք անում էինք բռնազավթման տարիներին, մեզ շատ բնական էր թվում, ու մենք մեր ծնողների արածը կամաց-կամաց մոռացանք մինչև այն օրը, երբ Յաիր Օրոնը եկավ ու մեզ հետ խոսեց այդ ամենի մասին… Յաիրը բարի մարդ է, սո′ւրբ մարդ։ Գրելով այս գիրքը՝ նա մեզ համար բացահայտել է մեր իսկ էությունը, նա մտել է հայոց պատմություն ու կմնա այնտեղ հավերժ։ Ինչ-որ չափով նա իր հերթին դառնում է այն, ինչ հրեաներն անվանում են «Արդար»:
Իսրայելցի հետազոտող ու դասախոս Յաիր Օրոնը ցեղասպանությունների, արդի հուդդայականության և իսրայելապաղեստինյան հարաբերությունների մասնագետ է։ Երկար տարիներ դասավանդում է Իսրայելում: Հրատարակել է Ցեղասպանությանը, նրա դասավանդմանը, Իսրայելում, Եվրոպայում ապրող հրեաների ինքնության հարցում Ցեղասպանության թողած հետևանքների մասին ավելի քան քսան աշխատություն, որոնք հասու են հրեերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, հայերեն ։
Հեղինակն ապրում է Նեվեհ Շալոմ-Վահատ էլ Շալոմում, որը միակ հրեա-պաղեստինյան խառը համայնքն է Իսրայելում։