a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/05/2015

Սենսացիոն բացահայտում. Նախամաշտոցյան հայոց գրեր` հայտնաբերված Բոլիվիայում

CULTURE komitas-vard

Հարավային Ամերիկայում, ավելի որոշակի` Բոլիվիայում շուրջ 5500 տարվա վաղեմության մի կավե անոթի և դրա վրա հայերեն տառերի առկայության մասին է մեր հարցազրույցը փաստագրական մի տեսանյութում դրանք առաջինը նկատած Մայր Աթոռի հայորդաց տների տեսուչ-տնօրեն հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ: Հայր Կոմիտասը մեր ազգային արժեքների նվիրյալ, երևույթների խորքը թափանցելու բնատուր շնորհով, մեծ դիտողունակությամբ, վերլուծական ձիրքով օժտված մտավորական է և հոգևորական, որի համար մեր ազգի հոգևոր, բարոյական ու մշակութային արժեքներն անանց են, իսկ հայի առաքելությունը` նախասահմանված:

- Հայր սուրբ, խնդրում եմ տեղեկացնել, թե Ձեզ ինչպե՞ս հայտնի դարձավ Բոլիվիայում հայտնաբերված անոթի մասին, որի վրա հայերեն տառեր կան: Ինչի՞ մասին է, իրականում, խոսքը:

– Նյութը, որը շատ հետաքրքիր է, իմ լավ բարեկամ Ալեքսան Գրիգորյանի հետ համացանցում գտած բոլիվիական փաստագրական մի տեսանյութ է, որի բուն նպատակը հնագիտական, հնէաբանական և այլ փաստերով, մարդու` կապիկից առաջացման դարվինյան տեսակետը մերժելն է և հերքելը: Այդ տեսանյութում ներկայացված են աշխարհի այս կամ այն ծայրում հայտանբերված տարաբնույթ գտածոներ, փաստեր, տեղեկություններ: Ուշագրավ էր Բոլիվիայի Պոկոթիա շրջանում գտնված և Բոլիվիայի պետական թանգարանում պահվող մի անոթ, որը, չգիտես ինչու, ներկայացվում էր այսպես. «…հնարավոր է, որ շումերա-աքադական է»: Անոթի ներսը, որ կարծես կավե գոգավորություն լինի, պատված է սեպագիր արձանագրություններով: Սակայն երբ անոթի հետնամասն էր ցուցադրվում, այնտեղ, ի զարմանս ինձ, շատ պարզ ու հստակ երևացին մի շարք հայերեն տառեր` Է, Հ, Չ, Ձ, Ղ, Դ, Յ, Ո, Ռ, Ց, և մի քանի խաչ: Բառեր և բառակապակցություններ չկան, բայց առկա են հայոց գրերը:

- Ի՞նչ վաղեմություն ունի այդ անոթը:

– Երբ հետագայում սկսեցի մանրամասնորեն հետաքրքրվել այդ գտածոյով, կարդացի մի տեղեկատվություն, որ Ք. ա. 3500 տարվա պատմություն ունի: Ինձ ապշեցրեց հայոց տառերի առկայությունը Բոլիվիայում գտնված այդ անոթի վրա, որն, իրոք, սենսացիոն իրողություն է: Հնագետ Սուրեն Պետրոսյանը հայկական ժայռապատկերներում ժամանակին նկատել է հայկական և հունական գրերի նախատիպերը, բայց մենք դրանց վրա, եթե չասեմ ընդհանրապես, երբեք հավուր պատշաճի ուշադրություն չենք դարձրել: Ու հիմա հանկարծ Բոլիվիայում հայտնաբերվում է մի անոթ, որի վրա տեսնում ենք նույն այդ գրերը: Ընդգծեմ, որ այս բացահայտումը բնավ չի նսեմացնում սուրբ Մեսրոպ Մաշտոցի դերն ու կատարած աշխատանքի նշանակությունը, բայց դա արդեն մեկ այլ խոսակցության, մեկ այլ զրույցի նյութ է:

- Գիտնականներն ի՞նչ կարծիք են արտահայտել այդ անոթի վերաբերյալ:

– Մեր գիտնականներն անտարբեր են ու լռում են, իսկ այնտեղ, չգիտես ինչու, անոթի ծագումը ներկայացնում են` «հնարավոր է, որ շումերա-աքադական է››: Հայ գիտնականների լռության պարագայում դա, թերևս, այնքան էլ զարմանալի չէ: Երբ մանրակրկտորեն այդ անոթի նկարներն էի ուսումնասիրում, ի զարմանս ինձ, նկատեցի, որ անոթի այն հատվածը, որի վրա հայկական տառեր կան, և որը պատկերված է այդ փաստագրական ֆիլմում, թանգարանի լուսանկարում չկա: Սա ինձ ուղղակի ապշեցրեց, այսինքն` հայության համար այնքան կարևոր խնդիրը կամ փաստը մեկ անգամ ևս դրվում է ծածկոցի տակ: Վստահ եմ, որ հայ գիտնականները պետք է դրանով լրջորեն զբաղվեն և բացահայտեն ճշմարտությունը: Կուզենամ, որ նրանք ավելի սթափ մոտենան պատմագիտությանը. ոչ թե կառչեն որոշ օտար գիտնականների գրածներից, ինչպես տասնամյակներ կառչած էին Դյակոնովի և Պիոտրովսկու շուրթերից, որի հետևանքով` այսօր հայտնվել ենք դատարկ ու կոտրած տաշտակի առջև: Մարդիկ պետք է հասկանան, թե իրականում ո՛վ է հայ ժողովուրդը, ի՛նչ անցյալ և մշակույթ է ունեցել, ինչ արժեքների կրողն են իրենք, ժառանգություն ստացած ի՛նչ արժեքներ պետք է տանեն իրենց ուսերի վրա` սերունդներին փոխանցելու:

Ավելին՝ Nyut.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0