a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ Մշակույթի համալսարանում

arno1

Օրերս Երևանի Մշակույթի համալսարանում ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ  կոմպոզիտոր, դաշնակահար  Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ: Մասնակցում էին  ԲՈՒՀ-ի  վոկալ-գործիքային և պարային բաժինների ուսանողները:

Բաբաջանյանի ստեղծագործական դրամատիզմը, դինամիկ, մեղեդային և հարմոնիկ հագեցվածությունն առավել ընդգծվեցին   ուսանողների  կատարումների ներքո:  Կոմպոզիտորի մեղեդային բացառիկ տաղանդը, խոր զգացմունքայնությունը առավելագույնս դրսևորվեցին նրա հայրենասիրական ու քնարական ստեղծագործություններում` «Իմ սիրտը լեռներում է», «Առաջին սիրո երգը», «Էլեգիան», «Նոկտյուռնը», «Մեղեդի»: Ստեղծագործությունների կատարումները ուղեկցվեցին նաև  պարային համարներով:

Երաժշտագետ Անահիտ Խեչումյանը հպարտությամբ  է  նշում, որ  հայ  ուսանողները պատվով են հանդես գալիս  ոչ միայն տեղի, այլ նաև արտերկրի  հայտնի բեմերում. «Բոլորովին  վերջերս  Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի  փոքր դահլիճում տեղի ունեցած  մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ մասնակցում էին երաժշտական հաստատությունների  սաներ, դուդուկահար Սուրեն Աբրահամյանը  ճանաչվեց տարվա լավագույն  դուդուկահար, իսկ  Արծրուն Գրիգորյանն էլ   հաղթող  ճանաչվեց  լավագույն  գործիքային  կատարում  անվանակարգում»,- նշում է Ա. Խեչումյանը:

Առաջիկայում արդեն հրավեր ունեն «Նարնջագույն Քոբուլեթի»  հայ -վրացական  միջազգային  փառատոնին մասնակցության:Այս տարի հրավիրված են  բոլոր  բաժինների ուսանողները:

Ի դեպ, այս օրերին  ուսանողներից շատերը  սահմանում կանգնած ծառայում են հայոց բանակում: Մեզ հետ զրույցում  ռեկտոր  Քնարիկ Բլեյանը,  նախ  խաղաղություն մաղթեց մեր երկրին, բոլոր զինվորներին` բարի վերադարձ, իսկ հայ մայրերին՝  համբերություն. «Թող Աստված համբերություն տա այն մայրերին ու հայրերին, ովքեր սպասում են իրենց զինվորների բարի վերադարձին:  Հպարտ եմ, որ մեր տղաները  ծառայում են հայոց բանակում ու նրանց ենք պարտական մեր խաղաղ քնի համար: Մեր բանակը ուժեղ է իր հավատով ու անկոտրում ոգով»-հավելեց տնօրենը:

 

Սիրանույշ Նազլուխանյան

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0