a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Խաչատրյանի մրցույթը մասնակիցների համար գրավիչ է անմիջապես նվագախմբի հետ աշխատելու հնարավորությամբ

Khachaturyan

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որն այս տարի համախմբել է 11 երկրի 12 դիրիժորների՝ գրավիչ է հենց առաջին փուլից նվագախմբի հետ հանդես գալու հնարավորությամբ: Culture.AM-ի հետ զրույցում մրցույթի մասնակիցները հենց դա են առանձնացնում՝ շեշտելով, որ նման ձևաչափի շնորհիվ դիրիժորը հենց սկզբից կարող է ցույց տալ իր տաղանդն ու ունակությունները:

Լիբանանը ներկայացնող ՐԱՖՖԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ, ով երկար տարիներ ապրել է Հայաստանում` ղեկավարելով «Փարոս» և մի քանի այլ երգչախմբեր, բավական հայտնի և սիրված դիրիժոր է Հայաստանում: Նա վերջերս տեղափոխվել է ԱՄՆ և դիրիժորական մրցույթի մասին լսելով՝ միանգամից որոշել է գալ և մասնակցել: Նրա խոսքով՝ Արամ Խաչատրյանն իր ամենասիրելի կոմպոզիտորներից է և միշտ ցանկացել է կատարել նրա ստեղծագործությունները: Մեր այն հարցին, թե որքանո՞վ կարող է օբյեկտիվ լինել դիրիժորական մրցույթը, հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ՝ Րաֆֆին նշեց. «Շատ դժվար է դատել դիրիժորի աշխատանքը, որովհետև ամեն մեկը մի բան է ցանկանում տեսնել կամ տեսնում է: Մեկին հետաքրքրում է դիրիժորի մեկնաբանությունը, մյուսին՝ երաժիշտների և դիրիժորի միջև կապը »: Դիրիժորն այս մրցույթն առանձնացնում է նրանով, որ փուլերը շատ չեն, դիրիժորները ելույթները չեն սկսում դաշնամուրով կամ փոքր լարային կազմով: «Անմիջապես սկսում ես աշխատել նվագախմբի հետ, առավոտյան փորձ ես անում, երեկոյան՝ ներկայացնում: Շատերը չեն կարողանում դաշնամուրի հետ չափ տալ, իսկ նվագախմբի հետ դու միանգամից ցույց ես տալիս այն, ինչ կարող ես: Այս առումով մրցույթը շատ լավ է մտածված»:

Հարավային Կորեայի ներկայացուցիչ, Մյունխենի Արվեստների ինստիտուտի ուսանող, ՀԱՆԿՅՈԼ ՅՈՒՆԸ առաջին մասնագիտությամբ կոմպորզտոր է, դիրիժորական արվեստին սկսել է առնչվել հենց իր ստեղծագործությունները չափ տալու ընթացքում: Արդյունքում որոշել է իր ստեղծագործական ուղին նվիրել դիրիժորությանը: «Դիրիժորական մրցույթներն ուսումնասիրելիս գտա Խաչատրյանի անվան մրցույթի մասին հայտարարությունը: Այն ինձ միանգամից գայթակղեց, քանի որ հնարավորություն է տալիս անմիջապես աշխատելու նվագախմբի հետ»: Խոսելով մրցույթից իր սպասելիքների մասին, կորեացի դիրիժորը ժպտալով ասաց, որ եկել է լավ ժամանակ անցկացնելու, գեղեցիկ ստեղծագործություններ կատարելու և ծանոթանալու Հայաստանի հետ: «Ապագայում անպայման կատարելու եմ Խաչատրյանի ստեղծագործությունները: Նրա երաժշտությունը շատ առանձնահատուկ է, իսկ ես սիրում եմ առանձնահատուկ ստեղծագործություններ»:

Խորվաթիայից ժամանած ՄԻՐԱՆ ՎՈՊՈՏԻՉՆ արդեն եղել է Հայաստանում: Անցած տարի նա հյուրընկալվել էր Արամ Խաչատրյանի անվան փառատոնին և իրեն դուր էր եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: 34-ամյա փորձառու դիրիժորը ելույթ է ունեցել աշխարհի մի շարք հեղինակավոր սրահներում, այդ թվում նաև Վիեննայի հռչակավոր Մուզիկֆերայն դահլիճում: Միրանը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և Գրեմմիի մրցանակակիր, հնչյունային ռեժիսոր Սթիվ Փրայսի հետ մասնակցում է Չայկովսկու ստեղծագործություններից բաղկացած ալբոմի ձայնագրությանը: Չնայած հարուստ կենսագրությանը, խորվաթ դիրիժորը նմանատիպ ոչ մի մրցույթում չի հաղթել: «Որքան մանսակցել եմ՝ չեմ հաղթել: Արդեն 34 տարեկան եմ և սա իմ վերջին շանսն է հաղթելու երիտասարդական մրցույթում»: Խոսելով մրցույթի մասին՝ մասնակիցը կրկին առանձնացրեց ձևաչափը, նշելով, որ հնարավորություն ունի միանգամից ցույց տալու այն, ինչին ընդունակ է: «Այլ մրցույթներում դու միայն 5 րոպե ունես, բազմաթիվ փուլեր պետք է անցնես: Արամ Խաչատրյանի երաժշտությունը շատ եմ սիրում, դրա համար էլ որոշեցի մասնակցել»:

 

Այս տարի շնորհվելու է մեկ մրցանակ՝ 10․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 2 համերգ՝ Հայաստանում 2016-2017թթ․ և 2017-2018 թթ․ համերգաշրջանների ընթացքում մրցույթի կազմկոմիտեի առաջարկած նվագախմբերի կամ նվագախմբի հետ և դափնեկրի դիպլոմ։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեկնարկել է կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին: Մրցույթին այս տարի դիմել էր 57 դիրիժոր, ընտրվել էին 14-ը, որոնցից մրցութային փուլերին մասնակցում են 12-ը։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: Culture.AM-ը փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է:

Սոնա Խաչատրյան (Culture.AM)

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0