a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները մեկամսյա հյուրախաղերից հետո Երևանում են

efc8a7764771ba5b486baad74925552233336cdd

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկամսյա հյուրախաղերից հետո վերադարձել են Երևան: Այդ մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Գլենդել քաղաքի հեղինակավոր «Ալեքս» թատրոնում երեխաները 3 անգամ լեփ-լեցուն դահլիճում ներկայացրել են Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Բացի այդ, եկեղեցում երեխաները կատարել են «Պատարագ առ Կոմիտաս» համերգ-ներկայացումը: Երաժշտական դպրոցի սաները մասնակցել են նաև ապրիլի 24-ին մատուցված Սուրբ պատարագին:
Այցի ընթացքում դպրոցի պատվիրակությունը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ: Շնորհավորելով երեխաներին՝ թեմի առաջնորդն ընդգծել է մշակութային կրթօջախների ստանձնած առաքելության դերն ու կարևոր այն նախաձեռնությունները, որոնք նոր շունչ են տալիս մշակութային ժառանգությանը:
«Սա բացառիկ իրադարձություն էր Ամերիկայի հայ համայնքի կյանքում: Առաջին անգամ է, որ Երևանի դպրոցի սաները հյուրընկալվել են Միացյալ Նահանգներում հյուրախաղերով: Հուսով եմ, որ տաղանդավոր այս երեխաները, որպես հայ մշակույթի դեսպաններ, կշարունակեն իրենց առաքելությունը», – նշել է Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Հանդիպման ընթացքում երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի և ցուցաբերած աջակցության համար, նշել է, որ դպրոցը կարևորում է մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումը և այսուհետ ևս շարունակելու է պարբերաբար հանդես գալ նման հետաքրքիր մտահղացումներով:
«2015 թվականին, երբ տոնում էինք դպրոցի հիմնադրման 65-ամյակը, Շաքե Աշչյանի վոկալի դասարանի սաները ներկայացրեցին այս բեմադրությունները, և պատկերացնել անգամ չէինք կարող, որ նման հաջողություն կունենան: Այցն ու այս օրերի տպավորությունները դրոշմվեցին երեխաների հիշողություններում, ինչի համար շնորհակալություն պետք է հայտնեմ ամերիկաբնակ Սիլվա և Կարո Կավուկչյաններին և ծրագրի պրոդյուսեր Արման Նշանյանին, որոնց շնորհիվ էլ այսօր այստեղ ենք: Պետք է նշեմ նաև, որ ստեղծագործելու և նոր մտահղացումներն իրագործելու հարցում մշտապես մեր կողքին է Երևանի քաղաքապետարանը և հենց այդ մշտական ուշադրության ու աշխատանքի շնորհիվ է, որ դպրոցը պարբերաբար հանդես է գալիս նոր նախաձեռնություններով: Երևան վերադառնալուն պես մեր այցն անպայման տեղ կգտնի դպրոցի արխիվի կարևորագույն իրադարձությունների էջերում», – նշել է Անահիտ Գևորգյանը:

Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաներն այցի ընթացքում մասնակցել են նաև բարեգործական համերգների, որոնց ամբողջ հասույթն ուղղվելու է բժշկական օգնության կարիք ունեցող հայաստանաբնակ երեխաների բուժմանը, ինչպես նաև՝ ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների ընտանիքներին:
Կալիֆորնիայի նահանգապետի կողմից երաժշտական դպրոցը, տնօրենն ու միջոցառումների մասնակից սաները պարգևատրվել են պատվոգրերով:
Արդեն Երևանում դպրոցի աշակերտները, պատմելով այցի մասին իրենց տպավորությունները, նշել են, որ դրանք համարում են իրենց կյանքի լավագույն և կարևորագույն օրերից մեկը, քանի որ պատիվ են ունեցել տիգրանյանական գլուխգործոցն ու Կոմիտասի երգերը ներկայացնելու ամերիկահայ հանդիսատեսին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0