a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ես հավատում եմ այս երիտասարդությանը, միայն թե չկոտրվե´ք». Ռուբեն Տերտերյան

Ruben Terteryan

Ասում են, որ մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ժամանակը դեռ չի եկել, քանի որ նրա հանճարը դեռ ամբողջովին բացահայտված չէ: Մեծ կոմպոզիտորի որդին` երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը, համաձայն չէ այդ մտքի հետ. «Ես չեմ կարծում, որ մշակույթի մեջ  պետք է զոռով, ուժով արագացում տեղի ունենա: Բոլորը զարմանում են, թե ինչու չի ստեղծվել Տերտերյանի թանգարանը: Ասեմ գաղտնիքը. երկար ժամանակ Հայաստանում չէի եղել, երբ եկա, Հասմիկ Պողոսյանն ինքն ասաց, որ ստեղծենք Տերտերյանի թանգարանը, իսկ ես հարցրեցի` բացի ինձանից և քեզանից ինչ-որ մեկին պե՞տք է այն»,- մեր զրույցում անկեղծացավ նա:

Բայց Ավետ Տերտերյանի ծննդյան օրը` հուլիսի 29-ին, նրա ստեղծագործական տանը` Հայրավանքում, անցկացված փառատոնը «ստիպեց» Ռուբեն Տերտերյանին հավատալ, որ ուրիշներին էլ է այն պետք. «Ես չէի պատկերացնում, որ փառատոնին մասնակցելու համար այդքան մարդ, այդքան երիտասարդ կհավաքվեր Հայրավանքի մեր տանը: Երաժշտության, արվեստի ժամանակը գալիս է այն վայրկյանին, երբ դրա պահանջարկը կա, իսկ եթե դրա պահանջը չկա, ուզում ես նվագի, ուզում ես` մի նվագի, ոչ մի արդյունք չի լինելու: Երբ որ մարդն ինչ-որ հոգևոր արժեքներ է փնտրում իր մեջ, երաժշտությունը նրա համար բացում է այլընտրանքային, էսթետիկ ճանապարհ, որն ի վերջո բերում է նույն կետին, որին բերում է և եկեղեցին»,- ընդգծեց զրուցակիցս` հարց բարձրացնելով, թե ի վերջո ի՞նչ ենք հասկանում, երբ ասում ենք` այս մարդը ճանաչելի է կամ ճանաչելի չէ. «Ի՞նչ է, Տերտերյանի անունով կրծքանշաննե՞ր պատրաստենք, փակցնենք մեր շորերին, որպեսզի ասենք, որ ճանաչում ենք նրան: Հայաստանում շատերը գիտեն Տերտերյանի անունը, բայց չգիտեն երաժշտությունը, մյուսները անընդհատ լսում են նրա երաժշտությունը, բայց չգիտեն, որ Տերտերյանն է հեղինակը: Այս առումով կարող ենք ասել, որ գիտեն նրան, բայց եթե ուզում ենք իրոք հասկանալ և ընդունել այն ճանապարհը, որն առաջարկում է Տերտերյանը… դեռևս հեռու ենք դրանից»:

Ռ. Տերտերյանը վստահ է, որ դա արդեն երիտասարդ սերնդի պահանջը պետք է լինի, քանի որ իրենց սերնդի մոտ ինչ-որ պահի ոգու թուլացում, անկում եղավ` քանդվեց մի երկիր, մյուսը կառուցվեց, իսկ այսօրվա երիտասարդներն արդեն ծնվել են անկախ երկրում. «Եթե նոր սերունդն իր հոգևոր պահանջների բավարարումն այդ երաժշտության մեջ կգտնի, ուրեմն եկել է Տերտերյանի ժամանակը, իսկ եթե չի գտնի, ուրեմն չի եկել, և պետք էլ չէ արագացնել այդ գործընթացը: Բախի երաժշտությունը հարյուր տարի չէին լսում: Կփոխվի երկու-երեք սերունդ և կպարզվի, որ այդ երաժշտությունը պետք է»,- նշեց նա` շեշտելով, որ կան երգեր, որ այսօր ամեն օր լսում ենք, ճանաչում, բայց մի քանի օր, տարի հետո դրանք այլևս լսելի, պիտանի չեն լինի. «Երիտասարդներն արդեն չեն լսում այն էստրադային, փոփ երաժշտությունը, որը մենք էինք լսում, նոր եկող սերունդն էլ չի լսի այն, ինչ այսօրվա երիտասարդներն են լսում: Նույն օրինակը կարող եմ նաև թերթի վրա բերել` թերթ ավելի շատ են կարդում, քան գիրք, բայց այսօրվա թերթը վաղն արդեն ակտուալ չէ: Եթե ուզում ես մի քանի տասնամյակների ինֆորմացիա ստանալ, պետք է գրքեր կարդաս, Չարենց կարդաս, իսկ եթե ուզում ես հասնես հավերժության, պետք է Ավետարան կարդաս: Ամեն ինչ էլ կա, բայց մեր պահանջներն են տարբեր. տրանսպորտում Ավետարան չես կարդա, բայց թերթ կկարդաս, այնպես որ` առանց թերթի էլ չենք կարող»:

Ավետ Տերտերյանին նվիրված փառատոնը նրա որդուն համոզմունք է ներշնչել, որ իսկապես այդ ամենն անհրաժեշտ է մարդկանց և հատկապես երիտասարդներին, որոնց ներկայությունն էլ առավել է ոգևորել երաժշտագետին. «Ես հավատում եմ այս սերնդին` ձեր սերնդին, հիանալի երիտասարդություն է: Միայն թե չկոտրվե´ք: Չլսե´ք այն մարդկանց, ովքեր կասկածի տակ են դնում ձեր գրանցած թեկուզ փոքրիկ հաղթանակը` լինի 2, 3, թե 7 դրամի համար: Երբ լսում էի, որ որոշ մարդիկ ուզում էին համոզել, որ դա հաղթանակ չէ, պետք է կռվել մինչև վերջ, դավաճանության մասին էին ակնարկներ անում, մի պահ վախեցա ձեր սերնդի համար: Մի´ լսեք նրանց: Դուք իրոք ապրում եք, սա ձեր երկիրն է, ձեր հողն է, ծնվել եք անկախության ժամանակ, չեք տեսել ուրիշ ոչ մի երկիր, չեք ապրում այն մտքով, որ եկեք վերադաձնենք Էրզրումը, թե շատ ափսոս է, որ կոմունիստները հեռացան: Դուք ծնվել եք ազատ, անկախ Հայաստանում, ցավոք, ոչ այնքան լավ վիճակով, բայց դուք պետք է կառուցեք այս երկիրը»,- երիտասարդներին հորդորեց Ռ. Տերտերյանը:

Թեև այժմ Ռ. Տերտերյանն ապրում և աշխատում է Էկվադորում, բայց նա չի համարում, որ հեռու է Հայաստանից. «Ես աշխատում եմ Հայաստանից դուրս, բայց այստեղ եմ ապրում»,- ասաց նա:

Հուլիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում` կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տանը, «Մշակույթ և ապագա» մշակույթի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, ՌԴ Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարության, Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցությամբ անցկացվեց «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնը: Հայ-ռուսական համատեղ այս նախագիծն այս տարի իրականացվեց առաջին անգամ` միավորելով մշակույթի և արվեստի մի շարք ճյուղեր:

Նյութն ու լուսանկարները՝ Անի Ռափյանի (Culture.AM)
  • Terteryani jamanaky (1)
  • Terteryani jamanaky (2)
  • Terteryani jamanaky (4)
  • Terteryani jamanaky (6)
  • Terteryani jamanaky (3)
  • Terteryani jamanaky (5)
  • Terteryani jamanaky (7)
  • Terteryani jamanaky (8)
  • Terteryani jamanaky (9)
  • Terteryani jamanaky (10)
  • Terteryani jamanaky (11)
  • Terteryani jamanaky (12)
  • Terteryani jamanaky (16)
  • Terteryani jamanaky (15)
  • Terteryani jamanaky (14)
  • Terteryani jamanaky (13)
  • Terteryani jamanaky (17)
  • Terteryani jamanaky (18)
  • Terteryani jamanaky (19)
  • Terteryani jamanaky (20)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0