a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երաժշտությունը՝ համախմբող և զորացնող ուժ. Ֆեդերիկո Մոնդելչին հազիվ զսպեց արցունքները հայաստանյան համերգի ժամանակ

kamerayin (26)

«Այսօր շատ ծանր օր էր հայ ազգի և իհարկե նաև մեզ համար, բայց մենք փորձեցինք գոնե մեկ-երկու ժամով տրվել զգացմունքներին, կտրվել իրականությունից և մտնել արվեստի աշխարհ, որովհետև դա այն միակ բանն է, այն հոգևոր սնունդը, որն ամենադժվար պահին անգամ կարող է պահել ժողովրդին: Ես հիշում եմ, որ անգամ մութ ու ցուրտ տարիներին ժողովուրդը գալիս էր համերգների, որ կարողանա ապրել, շնչել, շարունակել իր գոյությունը»,- մեր զրույցում ապրիլի 2-ին կայացած համերգից հետո նշեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ իրենց համար շատ դժվար էր նվագել, բայց դրա կարիքն իսկապես կար, քանի որ մեր ժողովրդի՝ դարերից եկող արմատների ամենաավառ ապացույցը հենց մշակույթն է:

Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախմբի և իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի մասնակցությամբ կայացած համերգը կրում էր «Timeless Melodies» («Հավերժական մեղեդիներ») խորագիրը: Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Մանսուրյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Թարիվերդևի, Շոստակովիչի և Իրադյերի ստեղծագործություններից` փոխադրված լարայինների և սաքսոֆոնի համար: Համերգի ավարտին հանդիսատեսի բուռն ծափահարությունները սաքսոֆանահարին «բիսի» հրավիրեցին, և նա կատարեց Աստոր Պիացոլայի «Լիբերտանգո» և «Մոռացում» (Oblivion) ստեղծագործությունները:

Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելու գաղափարը Մոնդելչիին էր, որը, իր իսկ խոսքով, սիրահարված է հայկական երաժշտությանը. «Հիմա զգացմունքների հեղեղ է մոտս: Բեմի վրա հազիվ էի զսպում արցունքներս. եթե մեկ այլ տեղ լինեի, հեկեկալու էի, որովհետև այն, ինչ նվագեցինք, շատ սրտառուչ երաժշտություն է, հոգևոր և գեղեցիկ, երաժշտություն, որ հասնում է մինչև հոգու խորքը՝ ազատություն տալով քեզ»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ այս նախագիծը լավագույններից է, որ ինքը երբևէ նվագել է:

Հարցին, թե հատկապես իր նվագած հայ կոմպոզիտորներից որն է իրեն ավելի հոգեհարազատ, Մոնդելչին պատասխանեց, որ բոլորին էլ շատ է սիրում, և նրանք շատ տարբեր են, բայց Կոմիտասը, ըստ նրա, ուղղակի աննկարագրելի մեծություն է:

Բեմից իտալացի սաքսոֆոնահարը հայերենով ողջունեց հանդիսատեսին և, շարունակելով իտալերենով, ասաց, որ ի սկզբանե նպատակ են ունեցել համերգն անցկացնել 2015թ-ին՝ նվիրելով Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ճիշտ է, միայն 2016թ-ին ստացվեց կյանքի կոչել ծրագիրը, բայց խորքում այն շարունակում էր կրել իր սկզբնական գաղափարախոսությունը:

Մոնդելչին կատարեց ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի սաունդտրեկը, որը հուզմունքի ալիքով տարածվեց հանդիսականով լեփ-լեցուն դահլիճով, և ծանր օրվա ողջ հուզմունքն արցունքի տեսքով թափվեց շատերի աչքերից:

Համերգին ներկա էին նաև մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը:

Մինչ համերգը և համերգի ավարտին շատերի շուրթերին նույն բառերն էին՝ սահման, զինվորներ, Արցախ, կռիվ, հաղթելու ենք …

«Մեր ժողովուրդն անցել է շատ ու շատ ծանր ժամանակների միջով: Անցած տարի լրացավ Ցեղասպանության 100-րդ տարելիցը, և այնպես չէ, որ դրանից առաջ և հետո մենք նման արհավիրքներ չենք տեսել, բայց մինչև այսօր կա՞նք, չէ՞, ու վաղն էլ ենք լինելու, մյուս օրն էլ, և ամեն օր էլ մեր տղաները հերոսանալու են սահմանին»,- մեր զրույցի ժամանակ նշեց Վահան Մարտիրոսյանը:

Անի Ռափյան

 

  • kamerayin (1)
  • kamerayin (4)
  • kamerayin (2)
  • kamerayin (6)
  • kamerayin (3)
  • kamerayin (5)
  • kamerayin (7)
  • kamerayin (8)
  • kamerayin (9)
  • kamerayin (10)
  • kamerayin (11)
  • kamerayin (12)
  • kamerayin (13)
  • kamerayin (14)
  • kamerayin (15)
  • kamerayin (16)
  • kamerayin (17)
  • kamerayin (18)
  • kamerayin (19)
  • kamerayin (20)
  • kamerayin (21)
  • kamerayin (22)
  • kamerayin (23)
  • kamerayin (24)
  • kamerayin (25)
  • kamerayin (26)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0