a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Թալալյան եղբայրների” 6-րդ փառատոնը բացված է

watermarked-8

Երկար տարիներ է արդեն, ինչ “Արս Լունգա” դուետն իր հայրենանվեր գործունեությունն է ծավալում՝ նպաստելով հայ երաժշտության տարածմանն ու պրոպագանդմանը: ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, թավջութակահար Արամ Թալալյանի և դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանի շնորհիվ հայ երաժշտադարանի արխիվները հարստացվել են մեր կոմպոզիտորների՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված անտիպ ստեղծագործությունների ձայնագրություններով, շարունակում է իր հաստատուն տեղը զբաղեցնել նաև դաշնամուրային տրիոների ձայնագրությունները և այպես, հայ երաժշտարվեստի նշանավոր տոհմի՝ Թալալյանների կարկառուն ներկայացուցիչն արդեն իսկ վեցերրորդ տարին անընդմեջ նախաձեռնում է “Թալալյան եղբայրներ” փառատոնը, որը անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Համերգային 7 օրերի ընթացքում ունկնդիրը հնարավորություն կունենա վայելելու հայ և արտասահմանցի հեղինակների նշանավոր գործեր, պրեմիերաներ: Իսկ երաժշտական հնչյունների մեկնարկն արդեն տրվեց այսօր՝Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Միխայիլ Կոկժաևի “Նահատակներին” ստեղծագործությամբ: Բեմում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն էր (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), իսկ դիրիժորական վահանակի մոտ՝ Արամ Թալալյանը: Ապա կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի եռամաս ստեղծագործությունը ջութակի (մենակատար՝ Աստղիկ Վարդանյան), ալտի (մենակատար՝ Վաչե Հովեյան) և լարայինների համար գրված ստեղծագործությամբ էլ համերգային երեկոյի առաջին մասը պետք է ավարտվեր:Սակայն հատուկ այդ երեկոյի համար գրված և բոլորի համար անակնկալ “Նոկտյուրնը” “գրավեց” հանդիսատեսին, իսկ ավարտվող հնչյուններին էլ եկան հաջորդելու բարձր ծափողջույնները:

Ընդմիջումից հետո հերթը հեղինակավոր “Շելկունչիկ” մրցույթի մրցանակակիր Դանիել Մելքոնյանինն էր, ով նվագախմբի հետ կատարեց Առնո Բաբաջանյանի “Իմ սիրտը լեռներում է” և Արբանի “Carnaval in Venice” ստեղծագործությունները. դահլիճը նրան “շուտ բաց չթողեց” ու երիտասարդ տաղանդավոր շեփորահարը ստիպված եղավ կրկին  ետ վերադառնալ բեմ ու անձայն շնորհալաություն հայտնել ծափողջույնների համար:

Երեկոյի մյուս հատվածում արդեն վրացական գույներ էին. Սուլխան Ցինցաձեի կողմից ստեղծված վրացական ֆոլկլյորային 5 մանրանվագները լարայինների համար Արամ Թալալյանի ղեկավարությամբ դահլիճի երաժշտական մթնոլորտին ուրիշ համ ու հոտ տվեցին, սակայն համերգը, այնուամենայնիվ, ավարտվեց հայկականով. Ալեքսանդր Հարությունյանի ՞Ռապսոդիան՞ Ջուլիետա Վարդանյանի մենակատարմամբ (նվագախմբի հետ) և դաշնամուրի ու թավջութակի համար մշակված նույն Ալեքսանդր Հարությունյանի “Երգ Արագածի մասին”, “Օրոր” և “Սասունցիների պարը” ստեղծագործությունները, որոնք մշակվել էին արդեն իսկ այդ երեկոյում որպես կատարող ներկայացած Արամ Թալալյանի կողմից, իսկական գունեղ ակկորդ դարձան ու խոստում, որ փառատոնի մյուս համերգներն էլ կանցնեն ոչ պակաս հյութեղ ու հագեցած, ինչպես այսօր: Իսկ հաջորդ համերգը երկու օրից՝  մայիսի 19-ին ,Արամ Խաչատրյան տուն-թանգարանում:

Ֆոտոշարքն՝ այստեղ
Լուսանկարները՝  Մարիամ Ղազանչյանի (Culture.AM)

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0