a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ավարտվել է Կիթառի միջազգային 3-րդ փառատոնը

կիթառի փառատոն

Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացված Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնի մասնակից երաժիշտները տպավորված են հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությունից և փառատոնի բարձր մակարդակով:

Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դասախոս, հայտնի կիթառահար Վլադիմիր Կիրասիրովն (Ռուսաստան) առաջին անգամ էր Հայաստանում:

– Երկու համերգ եմ ունեցել փառատոնի շրջանակում: Հանդիսատեսը շատ ջերմ էր: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Այստեղ հանդես եմ եկել նաև վարպետության դասով, որին մասնակցել են շատ տաղանդավոր երեխաներ: Հիասքանչ է, որ կա նման փառատոն, որին մասնակցում են կիթահարներ տարբեր երկրներից, կիսվում իրենց փորձով: Սա երիտասարդ կիթառահարների ինքնազարգացման համար մեծ խթան է,-նշում է Վլադիմիր Կիրասիրովը:

Կիթառահարը փաստում է՝ դասական կիթառի նկատմամբ հետաքրքրություն աշխարհում կա, բայց ավելի քիչ է, քան մյուս գործիքների նկատմամբ: -Հետաքրքրությունը դասական կիթառի նկատմամբ  հնարավոր է մեծացնել նման հրաշալի փառատոնների միջոցով,-շեշտեց նա՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի ևս հանդես կգա Երևանյան միջազգային կիթառի փառատոնին:

Բացի համերգներից հյուրերը նաև հնարավորություն են ունեցել բացահայտելու Հայաստանը, եղել են Հայաստանի տարբեր մշակութային վայրերում, ծանոթացել մեր պատմությանը:

Երևանում անցկացված կիթառի 3-րդ փառատոնին մասնակցեցին ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Երրորդ տարին անցկացվող երաժշտական տոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն ընձեռեց:

Փառատոնը կազմակերպել էին Երևանի կիթառահարների և Կիթառի միջազգային փառատոնների ասոցիացիաները: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:

Փառատոնի աջակիցներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացաման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և YerazArt հիմնադրամը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0