a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կոմիտասի «դեսպանատունը» Ճապոնիայում

Araqs Manusryani  arxivi (2)

Աշխարհում հայկական մշակույթը, հիմնականում, ներկայացվում է հայ արվեստագետի կողմից: Այսօր բոլոր հնարավորությունները կան, որպեսզի արվեստի գործիչը կարողանա մեկնել արտերկիր, ներկայացնել Հայաստանն ու հայկական երաժշտությունը: Բացառություններ, իհարկե, լինում են, և աշխարհի 4 ծագերում կան նվիրյալներ, որոնք ստեղծագործական ուղին կապում են Հայաստանի և հայ արվեստի հետ:

2015 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, Ճապոնիայում բացվեց Կոմիտասի անվան ընկերակցությունը: Ընկերակցության գաղափարի հեղինակը, որքան էլ տարօրինակ լինի, ազգությամբ ճապոնացի է: Դաշնակահար  Տակահիրո Ակիբան սիրահարված է հայկական երաժշտությանը, իսկ Հայաստանը համարում է իր ամենասիրած երկիրը: Հայկական երաժշտությունն առաջին անգամ լսել է իր գործընկերուհու՝ դաշնակահարուհի Յուկո Յոշիոկայի մատուցմամբ, ով իր մենահամերգներից մեկի ժամանակ կատարել է Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունը: Այստեղից էլ ծնվել է նրա սերը հայկական երաժշտության նկատմամբ: 2011 թվականին Տակահիրոն առաջին անգամ եկավ Հայաստան, որպեսզի վարպետության դասեր առնի դաշնակահար Անահիտ Ներսիսյանից: Դրանից հետո ճապոնացի դաշնակահարը հաճախ է մեր երկիր այցելում:  «Արարատին նայելիս արյունս եռում է, հոգիս երգում: Չգիտեմ, ինչո՞ւ է այդպես: Երևի՝ խորհրդավոր կապ կա մեր միջև», – Culture.AM-ի հետ զրույցում ասում է Տակահիրոն:

Այժմ Տակահիրո Ակիբայի երկացանկի անբաժանելի մասն են կազմում Կոմիտասի, Լազար Սարյանի, Առնո Բաբաջանյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները: 2013 թվականին Գերմանիայում կայացած Կոմիտասի անվան 2-րդ մրցույթ-փառատոնին նա արժանացել է առաջին մրցանակի: Բացի երաժշտական գործունեությունից, դաշնակահարը նաև դասախոսում է. «2012 թվականին Նագանոյում հանդես եմ եկել դասախոսությամբ: Ներկայացրել եմ հայկական երաժշտությունը, ինչպես նաև նվագել եմ ներկաների համար»:

Ակիբայի խոսքով՝ նրա ստեղծագործական գործունեության մեջ մեծ հետք է թողել սոպրանո Արաքս Մանսուրյանը, ում հետ նույնպես կապում է կոմիտասյան երաժշտությունը: Հայ երգչուհու արվեստին Տակահիրոն ծանոթացել է համացանցի միջոցով  և, գերվելով նրա կատարումներով,  գրել է՝ հույս չունենալով պատասխան ստանալ: Շփումները վեր են ածվել ընկերական և գործնական ամուր հարաբերությունների և 2014 թվականին Արաքս Մանսուրյանը հրավիրվել է Ճապոնիա՝ ելույթ ունենալու ճապոնացի հանդիսատեսի առաջ:

«Մեր ընկերակցության գլխավոր նպատակը հայկական երաժշտարվեստի՝ մասնավորապես Կոմիտասի և իրենից ազդեցություն կրած կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է: Մինչ օրս մեզ մոտ հաջողությամբ անցկացվել են տարբեր նախագծեր: Օրինակ՝ հայ մեծանուն օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի համերգը և վարպետության դասերը: Տոկիոյում Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ վարպետության դաս են տվել Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտները»:

Տակահիրոն իր կապերը չի խզում նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Անահիտ Ներսիսյանի հետ, և ամեն անգամ այցելելով Հայաստան, անպայման վարպետության դասեր է առնում հայ դաշնակահարուհուց:

«Հոկտեմբերին մեր հրավերով Անահիտ Ներսիսյանը ելույթ կունենա Ճապոնիայում, ինչպես նաև հանդես կգա վարպետության դասերով՝ Տոկիոյի արվեստների ինստիտուտում»:

 

Սոնա Խաչատրյան (Culture.AM)
Լուսանկարը՝ Արաքս Մանսուրյանի արխիվի

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0