a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանում հանդես կգա Գրեմմի մրցանակակիր, դաշնակահար Միխայիլ Պլետնյովը

pletnev

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, Գրեմմի մրցանակակիր, Միխայիլ Պլետնյովը: Դաշնակահարի մենահամերգը տեղի կունենա մայիսի 10-ին  Արամ Խաչատրյան համերգասրահում: Նա առաջին անգամ է ելույթ ունենալու հայ հանդիսատեսի համար: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից:

Միխայիլ Պլետնյովը փայլուն դաշնակահար է, գերազանց դիրիժոր, հիանալի կոմպոզիտոր, ուշագրավ անհատականություն և արվեստագետ, որը չի ենթարկվում ավանդական դասակարգումների։ «Ապշեցուցիչ ճարտարությունը և փայլուն սրամտությունը նրա դաշնամուրային կատարումների հիմնասյուներն են: Դիրիժորի փայլուն կարիերան կարծես թե դարձրել է նրա նվագը ավելի սիմֆոնիկ, իսկ հնչյունը՝ ավելի ֆանտաստիկ» («Դի վելթ»)։

1957թ. Արխանգելսկում ծնված Պլետնյովն իր տաղանդն ի ցույց է դրել վաղ տարիքում՝ Մոսկվայի կոնսերվատորիա ընդունվելով 13 տարեկան հասակում։ 1978թ. արժանացել է առաջին մրցանակի և ոսկե մեդալի Չայկովսկու անվան վեցերորդ միջազգային մրցույթում: Այդ ժամանակվանից ի վեր նա՝ որպես մենակատար, անթիվ քանակությամբ ելույթներ է ունեցել աշխարհի ամենանշանակալից նվագախմբերի եւ դիրիժորների հետ:

1990թ. Պլետնյովը հիմնադրել է Ռուսաստանի ազգային նվագախումբը, որն այսօր համարվում է աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը. ամեն տարի, Պլետնյովի և այլ ականավոր դիրիժորների ղեկավարությամբ այն շրջագայում է Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում: 1996թ. Ատլանտայում նվագախմբի ելույթով է բացվել օլիմպիական խաղերը:

Պլետնյովը 1993-ից ձայնագրվում է «Դոյչե գրամոֆոն» ֆիրմայի համար, իսկ նրա սկավառակները բազմիցս առաջադրվել են «Գրեմմի» մրցանակին: «Եթե երաժշտությունը մշակում է ժամանակը, ապա ժամանակը Պլետնյովի համար չի կարող չափվել տեխնիկական առումով, այլ ավելի շուտ՝ բարձր արվեստի անսահմանությամբ, լարվածությամբ և դրա լուծմամբ» («Կրեշչենդո», Բեթհովենի շարքի մասին)։
«Լոնդոն թելեգրաֆը» նշել է. «Պլետնյովի մատներից և ուղեղից գալիս են գաղափարներ, որոնք կենդանացնում են երաժշտությունը և այն հարստացնում թարմությամբ ու սրամտությամբ։ [Նա] երաժշտությունը դարձնում է դրականորեն ցնծալի»:

Նրա նվագը «Թայմսը» նկարագրում է որպես «ծնված երևակայության ապշեցուցիչ ճարտարությունից, ցնցող՝ իր գեղեցկությամբ»: Բի Բի Սիի երաժշտական հանդեսը Սկարլատիի դաշնամուրի սոնատի նրա կատարումը (որն արժանացել է 1996թ. «Գրամոֆոն» մրցանակին) համարել է «դաշնամուրի կատարման մեծագույն դրսևորում… միայն այս կատարումը բավական է, որպեսզի Պլետնյովը դասվի երբևէ եղած մեծագույն դաշնակահարների շարքին»:

Պլետնյովը նաև միջազգային ճանաչման է արժանացել որպես կոմպոզիտոր: 1998թ. նրա Ալտի կոնցերտի պրեմիերան` նվիրված Յուրի Բաշմետին (վերջինս նաև կատարողն էր) ոգևորությամբ է ընդունվել ինչպես մամուլի, այնպես էլ հանրության կողմից։ Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» և «Քնած գեղեցուհին» բալետների նրա մշակումները դաշնամուրի համար լեգենդար են. աշխարհի դաշնակահարների համար դրանք դարձել են տեխնիկական քննություններ, որոնք ցույց են տալիս գործիքին տիրապետումը։
Պլետնյովը հաճախակի է արժանացել պետական պատիվների և միջազգային մրցանակների, այդ թվում` «Գրեմիի» (2005): 2007թ. նա արժանացել է ՌԴ նախագահական մրցանակի և «Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար» շքանշան:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0