a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
07/05/2015

Հայկական տրիումֆը` Լոնդոնի թագավորական համերգասրահում

Culture.AM narek-hakhnazaryan

Օրեր առաջ, երեկոյան մարդաշատ էր Լոնդոնի եւ Եվրոպայի լավագույն եւ ամենամեծ համերգասրահներից մեկը՝ «Ռոյալ ֆեստիվալ հոլը»: Բրիտանական պահանջկոտ երաժշտասերների դատին էր ներկայացվել բավականին հավակնոտ մի ծրագիր՝ Դվորժակի թավջութակի կոնցերտը եւ Բեռլիոզի «Սիմֆոնի ֆանտաստիկը»: Հանրահայտ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը այդ երեկո ղեկավարում էր ճանաչված կոստառիկացի դիրիժոր Ջանկառլո Գերեռոն, իսկ մենակատարն էր մեր երիտասարդ ու տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Իր դեռեւս կարճ, սակայն շռնդալից համերգային գործունեության ընթացքում Նարեկին արդեն իսկ հաջողվել է հանդես գալ միջազգային բազմաթիվ ճանաչված բեմերում, այդ թվում նաեւ Լոնդոնում։ Այնուամենայնիվ, սա, որպես մենակատար, նրա առաջին խոշոր համերգն էր Ռոյալ ֆեստիվալ հոլում: Երաժշտասերները գիտեն, թե որքան բարդ ու պատասխանատու գործ է երաժշտի համար Դվորժակի թավջութակի կոնցերտը։ Մեծանուն չեխ կոմպոզիտորն այն գրել է Նյու Յորքում` 1894-95 թվականներին։ Այն բացառիկ մեղեդային է. հեղինակն իր գլուխգործոցում առատորեն գործածել է հարազատ Բոհեմիայի ֆոլկլորային ելեւէջները, թեեւ ակնհայտորեն նկատելի է նաեւ ամերիկյան երաժշտության ազդեցությունը։ Կոնցերտը, միեւնույն ժամանակ, բավականին խրթին է ու մենակատարից պահանջում է ոչ միայն մեծ կատարողական վարպետություն, այլեւ՝ հոգեկան ու զգայական լուրջ նվիրում։ Դա է թերեւս հիմնական պատճառներից մեկը, որ այս երկին միայն փորձառու եւ «հանդուգն» երաժիշտ-կատարողներն են համարձակվում անդրադառնալ։ Նարեկը հիանալի էր. նա թեՙ համարձակորեն գործածում էր իր վիրտուոզ կատարողական կարողությունները, եւ թեՙ արտաբերում ամենահուզական ելեւէջները: Նա կարծես թե մի նոր «ընթերցում» էր առաջարկել հանդիսատեսին: Աշխարհի տարբեր բեմերում, ինչպես նաեւ հին ձայնագրություններով լսել եմ լավագույն թավջութակահարների կողմից այս երկի մեկնաբանությունները, սակայն, անկասկած, Նարեկին հաջողվեց այդ երեկո մատուցել իր սեփականը։ Դվորժակի բոհեմիական հնչյունները, որոնք ընդունված է կատարել պաթոսով՝ խրոխտ, գրեթե մարտական ոգով, Նարեկը հղկել էլ ու մեղմացրել։ Նա ոչ միայն նվագում էր, այլ կարծես թե մտերմիկ ու ինտիմ զրույցի էր բռնվել իր թավջութակի հետ։ Երբ կոնցերտի միջնամասի Adagio-ում աղեղի նուրբ սահումները արտաբերում էին կախարդական ու դյութիչ հնչյունները՝ ակամայից հիշեցի «Կնոջ բուրմունքը» ֆիլմի հայտնի տեսարանը, երբ Ալ Պաչինոյի կույր հերոսը ռեստորանում պարում է տանգո անծանոթ գեղեցկուհու հետ։ Նման մի պար՝ կրքոտ, սակայն եւ շատ զգուշավոր, Նարեկն էր պարում իր թավջութակի հետ:
Համերգն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվում էր BBC-ի կողմից՝ BBC Radio 3-ով։

Մանրամասները՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0