a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

Հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանը կնշվի մայիսի 29–ին Երևանում

mansuryan1_0

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 29–ին հայտնի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75–ամյակին նվիրված համերգ կկազմակերպվի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են համերգի կազմակերպիչները։

«Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, և Հայաստանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ», – ասել է գործակալության զրուցակիցը։

Համերգի ընթացքում կհնչեն Մանսուրյանի` տարբեր տարիներին գրած ստեղծագործությունները, որոնց թվում են , «Canti Paralleli»–ն (գրված հռչակավոր  բանաստեղծներ Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի բանաստեղծությունների հիման վրա) և «Ars Poetica»–ն (գրված Ե. Չարենցի ստեղծագործության հիման վրա)։

Որպես մենակատարներ հանդես կգան Իրինա Զաքյանը (սոպրանո), Անուշ Նիկողոսյանը (ջութակ) և Արթուր Ավանեսովը (դաշնամուր)։

Հայ հայտնի կոմպոզիտոր, երաժշտագետ Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939թ հունվարի 27-ին` Բեյրութում: 1947թ Մանսուրյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և 1956թ վերջնականապես հաստատվել Երեւանում:

Երաժշտություն ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (1956-65թթ.): Զուգահեռ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1960-65թթ.): Ավելի ուշ` 1967-86թթ., ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել Կոնսերվատորիայում: 1986թ. Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում: 1992-95թթ. հայ կոմպոզիտորը զբաղեցրել է Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը:

Բավական կարճ ժամանակահատվածում Մանսուրյանը դարձել է այն հայ առաջատար կոմպոզիտորներից մեկը, ով ստեղծագործական ամուր կապեր է հաստատել միջազգային ճանաչում ունեցող այնպիսի արվեստագետների և կոմպոզիտորների հետ, որոնց թվում են` Վալենտին Սիլվեստրովը, Ալֆրեդ Շնիտկեն, Սոֆիա Գաբայդուլինան, Անդրեյ Վոլկոնսկին, Էդիսոն Դենիսովը և ուրիշներ:
Մանսուրյանի երաժշտական ոճը բնութագրվում է որպես հին հայկական ազգայինի և ժամանակակից Եվրոպական մեթոդների համաձուլում:

Հագեցած է Մանսուրյանի ստեղծագործությունների ցանկը: 1989թ գրել է «Սառցե թագուհին» պիեսի երաժշտությունը, ինչպես նաև ստեղծագործել է նվագախմբի և երգչախմբերի համար: Ունի բազմաթիվ դաշնամուրային, կամերային, վոկալ ստեղծագործություններ:

Գրել է բազմաթիվ հայտնի ֆիլմերի երաժշտություններ` Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Եվ այսպես ամեն օր», Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերը», «Կտոր մը երկինք» և այլն:

Աղբյուրը՝ www.newsarmenia.ru

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0