
29/03/2017
|
Մարիամ Ղազանչյանի համերգ-ցուցահանդեսը կներկայացվի Բելգիայում

Ապրիլի 14-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կկայանա դաշնակահարուհի Մարիամ Ղազանչյանի մենահամերգը․երեկոյի ընթացքում կներկայացվեն նաև նրա կողմից արված լուսանկարների անհատական ցուցահանդեսը:
Հիշեցնենք, որ դաշնակահարուհին նույն ծրագրով հանդես էր եկել նաև Երևանում՝ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում։ Մարիամ Ղազանչյանի խոսքով՝ Երկար ժամանակ ցանկանում էր այս ձևաչափով համերգ կազմակերպել․
-Բայց պետք էր իմ երկու մասնագիտություններում էլ հասնեի նրան, որ նախագիծը լիներ գեղեցիկ ու ներդաշնակ:
Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր երաժիշտը մինչ այդ բազմաթիվ մենահամերգներ է ունեցել, սակայն այս ձևաչափով ելույթը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ առաջին անգամն է եղել։
Համերգին կհնչեն Բախի, Պրոկոֆևի, Շիմանովսկու, Մոնստալվադձեի, ինչպես նաև Ավետիս Բերբերյանի և Էդվարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները:
Մարիամ Ղազանչյանը Culture.AM կայքի ֆոտոլրագրողն է և ցուցահանդեսի հիմքում հենց կայքի լուսանկարներն են (երաժիշտներ, արձաններ): Բացի դրանից, կցուցադրվեն նրա ինքնադիմանկարները։
Հավելենք միայն, որ միջոցառումը կկայանա «Վիտրաժ» փառատոնի շրջանակներում․գեղարվեստական ղեկավար՝ Արմեն-Լևոն Մանասերյան։