a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
19/11/2014

Մեներգիչների հանրապետական 6-րդ մրցույթն այս տարի նվիրվում է Գոհար Գասպարյանի 90-ամյակին

e2fb5f40d0a333356d3536ba994e044c

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` 2014 թ. նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին:
Մեներգիչների /դասական երգեցողություն/ հանրապետական մրցույթը անցկացվում է 1999 թվականից. 2008 թվականից՝ 3 տարին մեկ անգամ:
Մրցույթն անցկացվում է հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման,  ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակը արժևորելու նպատակով:

Հանրապետությունում  անցկացված 5 մրցույթներին մասնակցել են 235 երիտասարդ երգիչ-երգչուհիներ. մրցույթները նվիրվել են Արշավիր Կարապետյանի /1999 թ./, Թամարա Շահնազարյանի /2004 թ./, Տաթևիկ Սազանդարյանի /2006 թ./, Պավել Լիսիցիանի /2011 թ./, իսկ 2008 թ. և այս տարվա մրցույթները՝ Գոհար Գասպարյանի հոբելյաններին:

Մրցույթների դափնեկիրները համալրել են ոչ միայն ազգային օպերային թատրոնի, այլև արտերկրի առաջատար օպերային թատրոնների ստեղծագործական կազմերը և այսօր շատերը համարվում են հեղինակավոր թատրոնների առաջատար մենակատարներ:

Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 53 երգիչ-երգչուհիներ՝ հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ:

Մրցույթն անցկացվում է 3 փուլով. 1-ին փուլը՝  ս. թ. նոյեմբերի 11-14-ը, 2-րդ փուլը՝ նոյեմբերի 19-21-ը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում, 3-րդ փուլը՝ ս. թ. դեկտեմբերի 4-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Մրցույթի փուլերի սկիզբը՝ ժամը 12:00-ին:

Մրցույթի դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը և Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյա հոբելյանական հանդիսությունը կկայանա երգչուհու ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մրցույթի հաղթողների համար (կանանց և տղամարդկանց անհատական) սահմանվել են հետևյալ մրցանակները.

  • ◆ 1-ին կարգի՝ 2 մրցանակ, դիպլոմ, մրցանակ-արձանիկ, 300.0 հազարական դրամ,
  • ◆ 2-րդ կարգի՝ 2 մրցանակ, դիպլոմ, մրցանակ-արձանիկ, 250.0 հազարական դրամ,
  • ◆ 3-րդ կարգի՝ 2 մրցանակ, դիպլոմ, մրցանակ-արձանիկ, 200.0 հազարական դրամ

Հատուկ մրցանակներ.

  • ◆ «Հույսի մրցանակ»՝ ամենաերիտասարդ մասնակիցներին-100.0 հազ. դրամ,
  • ◆ Գ. Գասպարյանի օպերային ստեղծագործությունների երկացանկից՝

լավագույն կատարման համար-100.0 հազ. դրամ,

  • ◆ Ա. Տիգրանյանի 135-ամյակին նվիրված «Անուշ» օպերայից՝ Անուշի արիայի լավագույն կատարման համար-100.0 հազ. դրամ,
  • ◆ Ա. Տիգրանյանի 135-ամյակին նվիրված «Անուշ» օպերայից՝ Սարոյի արիայի լավագույն կատարման համար-100.0 հազ. դրամ,
  • ◆ լավագույն կոնցերտմայստերի համար-100.0 հազ. դրամ:

Հատուկ մրցանակներ կարող են սահմանել ստեղծագործական միությունները, հասարակական կազմակերպությունները, անհատներ:

Այս տարի, 1-ին անգամ, մրցույթն ունի նաև հեղինակային արձանիկ-մրցանակ, որը ստեղծել է քանդակագործ Արման Դավթյանը /Նուռ/:

Ս. թ. նոյեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը /մրցույթի կազմկոմիտեի նախագահ/, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, մրցանակ-արձանիկի հեղինակ քանդակագործ Արման Դավթյանը:

Ասուլիսին անմիջապես հաջորդել է վիճակահանության արարողությունը, որով մեկնարկել է մրցույթը:

Աղբյուրը՝ Mincult.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0