
09/05/2015
|
Միրզոյանական տոն, որն համախմբեց Երևանի և մարզերի թվով 19 պատանիների

Մայիսի 8-ին Հայաստանի Կոմպոզիտորների Միության դահլիճում կայացավ ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ անվան ՊԱՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ հանրապետական II մրցույթը: Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը այս օրը տոն է դարձնում Երևանի և ՀՀ մարզերի պատանի կոմպոզիտորների համար: Մրցույթը, որը կրում է մեր մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը, նպատակ ունի տալու հնարավորություն դրսևորվելու շնորհալի պատանիներին, ցուցադրելու ու լսելի դարձնելու իրենց հոգու երաժշտությունը:
Այս անգամ մի հարկի տակ էին հավաքվել թվով 19 պատանիներ՝ բաժանվելով երկու ենթախմբերի: Իսկ ժյուրիի կազմում էին կոմպոզիտորներ, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչներ Արամ Սաթյանը, Լևոն Չաուշյանը, Երվանդ Երզնկյանը, Վահրամ Բաբայանը, Մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը և Էդմոնդ Մակարյանը. վերջինս մրցույթի հեղինակն էր:
Տոնական միջոցառումը բացվեց ՀՀ պետական օրհներգով, որից հետո գեղեցկուհի երգչուհի Դալիթան, ով այդ օրը ներկայանում էր որպես հաղորդավարուհի, 6 -ամյա փոքրիկ կոմպոզիտորի հետ կատարեց վիճակահանությունն ու պարզ դարձավ մասնակիցներից ով որ համարի ներքո է ելույթ ունենալու:
Լեփ-լեցուն դահլիճը շունչը պահած հետևում էր մասնակիցներին, իսկ վերջիններս էլ պարզապես փայլուն հանդես եկան: Շուրջ 2 ժամ տևած միջոցառումը հերթական անգամ եկավ ապացուցելու, որ այսօր հայ ժողովուրդն իսկապես ունի տաղանդներ, նոր սերունդ, որոնց պետք է քաջալերել, ոգևորել և աջակցել:
Մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 12-ին՝ ժամը 15:00: Իսկ մինչ այդ, ժամը 13:00 մասնակիցները կայցելեն պանթեոն՝ հարգանքի տուրքը մատուցելու Էդվարդ Միրզոյանի հիշատակին:
Այս նախաձեռնության ինֆորմացիոն հովանավորն էր Culture.AM-ը:
Ֆոտոշարքն՝ այստեղ: