a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայտնի են Է. Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 3-րդ մրցույթի մրցանակակիրների անունները

Mirzoyan (51)

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և  Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ`  մայիսի 10-12 Կոմպոզիտորների միության դահլիճում կայացավ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական երրորդ մրցույթը: Անվանի կոմպոզիտորի 95-ամյա հոբելյանին նվիրված հանրապետության գլխավոր միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը,  ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի պետ Արմինե Ղազարյանը, Միրզոյանի այրին, բազմաթիվ արվեստագետներ:

Ողջունելով ներկաներին` ԿՄ նախագահ Արամ Սաթյանն իր խոսքում նշեց, որ հիանալի տաղանդավոր սերունդ է մեծանում և որ կարևոր է նրանց տալ հնարավորություն դրսևորվելու, դե իսկ փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը թեև նշեց, որ քաղաքում մշակութային՝ առավելապես երաժշտական միջոցառումները շատ են, բայց և այնպես, նմանօրինակ նախագծի պակասը կար, ինչն էլ լրացվում է այս մրցույթի շնորհիվ:

Մրցույթի նախորդ տարվա կրտսեր ենթախմբի հաղթող Անդրեյ Կուրբետի կատարումից հետո հայտնի դարձան բոլոր մրցանակակիրների անունները: Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի կրտսեր ենթախմբի հաղթող ճանաչվեց Ալեքսանդր Տոնիկյանը, իսկ ավագ ենթախմբի հաղթող՝ Ալեքսանդր Հարությունյանը: Ի դեպ, վերջինս մասնակցելով 2014 թ. կայացած միրզոյանական առաջին տոնին, դարձյալ նվաճել էր հաղթողի կոչումը:

Ժյուրիի որոշմամբ՝ երրորդ տեղը կիսեցին ավագ ենթախմբում Ալլա Համբարձումյանը, Էմիլ Դարբինյանը, Խանլարի Արամը, իսկ կրտսեր ենթախմբում՝ Սյուզաննա Աղամալյանն ու Ագնեսա Իսահակյանը, երկրորդ հորիզոնական զբաղեցրեցին Լեո Բաղդասարյանն (ավագ ենթախումբ) և Մերի Առակյանը (կրտսեր ենթախումբ):

Առաջին երկու հորիզոնակաները զբաղեցրած մասնակիցները ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացան խրախուսական նվերներ, իսկ մրցույթի երկու ենթախմբերի հաղթողներն էլ Միրզոյան ֆոնդի կողմից՝ դրամական պարգևներ: Այս տարի առաջին անգամ մրցույթի շրջանակներում պարգևատրվեցին նաև հաղթող մասնակիցների դասատուները:

Նշենք, որ ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ՀՀ ժող. Արտիստ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ՀՀ ժող. արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ ժող. արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի ղեկավար, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանն ու Է. Միրզոյանի անվ. մրցույթի նախաձեռնության հեղինակ, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:

Culture.AM-ը հանդիսանալով նախագծի գործընկերը՝ բոլոր մասնակիցներին պարգևատրեց խրախուսական նվերներով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0