a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կոմպոզիտոր Տաթև Ամիրյանն իր ստեղծագործությունները կներկայացնի Սան Ֆրանցիսկոյում

Tatev_Amiryan

Փետրվարի 4-ին Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցում տեղի կունենա ամերիկաբնակ կոմպոզիտոր և դաշնակահար, Երաժշտական արվեստների դոկտոր Տաթև Ամիրյանի ստեղծագործական մենահամերգը, որը կազմակերպվել է Սուրբ Հովհաննես եկեղեցու և տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ: Այս մասին Culture.AM-ին հայտնել է Ամիրյանի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:

-Ծրագրում հեղինակային կատարմամբ հնչելու են Տաթև Ամիրյանի դաշնամուրային ստեղծագործությունները վերջերս թողարկած նրա դաշնամուրային ալբոմից, ինչպես նաև վոկալ և դաշնամուրային դուետներ ամերիկաբնակ երգչուհի Նադիմա Ավագյանի և հեղինակի կատարմամբ: Համերգի հասույթի մի մասը տրամադրվելու է Երևանի Սուրբ Աննա եկեղեցու նորաստեղծ «Գանձեր» երգչախմբին:

Կոմպոզիտոր, դաշնակահար, Երաժշտական արվեստների դոկտոր Տաթև Ամիրյանը ավարտել է Պ.Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի երաժշտական տեսության և կոմպոզիցիայի դասարանները, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (Աշոտ Զոհրաբյանի և Արամ Սաթյանի դասարաններ) և երաժշտագիտության (Զարուհի Տեր-Ղազարյանի դասարան) ֆակուլտետները: Հետագայում ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Կանզաս քաղաքի Երաժշտության և պարի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրայում և ստացել Երաժշտական արվեստների դոկտորի աստիճան: Ամիրյանը հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, գրված ամենատարբեր ժանրերում` վոկալ, գործիքային, կամերային, խմբերգային և սիմֆոնիկ: Նրա երաժշտությունը հնչել է հայրենիքում և աշխարհի բազմաթիվ երկրներում, ճանաչված տարբեր կատարողների, այդ թվում դաշնակահարներ Ջեֆրի Ջակոբի, Հայկ Մելիքյանի, Արթուր Ավանեսովի, տերեմինահար Թորվալդ Ջորգենսենի, ամերիկյան “Carme Diem” լարային կվարտետի, գերմանական “Oktoplus” անսամբլի և Կանզաս քաղաքի “Metropolitan Choral” երգչախմբի կատարմամբ: 2013-ին հյուսիսային գերմանական ռադիոյի (NDR Norddeutscher Rundfunk) պատվերով Ամիրյանը ստեղծագործություն է գրել գերմանական “Oktoplus” անսամբլի համար, որի պրեմիերան տեղի է ունեցել նույն թվականին` Հանովերում: 2014-ին նրա “Waiting for the Dawn” ստեղծագործությունն ընդգրկվել է դաշնակահար Հայկ Մելիքյանի “Echoes of Altar” դաշնամուրային ալբոմում՝ նվիրված Հայոց cեղասպանության 100-րդ տարելիցին: 2016-ին Հայաստանում  լույս է տեսել նրա դաշնամուրային ստեղծագործությունների առաջին ձայնասկավառակը Հայկ Մելիքյանի կատարմամբ:

Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ Ամիրյանը հանդես է գալիս նաև որպես դաշնակահար` կատարելով իր հեղինակային ստեղծագործությունները, դասական և ժամանակակից գործեր, ինչպես նաև դաշնամուրային իմպրովիզացիաներ տարբեր ոճերում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0