a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Տարբեր ժողովուրդների ընկալումը, գնահատումը, հիացմունքը հանգեցրել են այն համոզմունքին, որ նրա արվեստն իսկապես համամարդկային է»

11411988_1651326641766911_57664631513663714_o

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի 2-րդ փուլ անցած 10 երկրի 13 մասնակիցներից 5-ն այսօր կատարումներով հանդես եկան Արամ Խաչատրյանի թանգարանում (Կիմ Յոկյունգը (Կորեայի Հանրապետություն), Կամիշիկիրյո Այկոն (Ճապոնիա), Արդուխանյան Դավիթը (Ռուսաստան),  Ֆրապիեր Պիեռը (Ֆրանսիա),  Փարսադանյան Անին (Հայաստան):

Culture.AM-ի հարցերին պատասխանեց մրցույթի հանձնախմբի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը:

-Կա՞ տարբերություն` ո՞վ  է կատարում Արամ Խաչատրյանի երաժշտութունը` հա՞յ, թե՞ օտարերկրացի երաժիշտը:
-Ես կարծում եմ` այո’, ունի, որովհետև խոսում է հայի գենը:

-Ի՞նչ տպավորություն ունեք մրցույթի մասնակիցներից:
-Տասներեք մասնակցից անցան երկրորդ` կիսաեզրափակիչ փուլ: Մրցույթի ընդհանուր մակարդակը բարձր է, բայց տպավորությունը միանշանակ չէ`պրոֆեսիոնալիզմի, ընդունակությունների, երաժշտությունը մեկնաբանելու առումով: Իսկ ինչ վերաբերում է կատարողների վարպետությանը, ես միշտ ասել եմ, որ չի  կարելի ասել` այս կատարումը վատ է, մյուս կատարումը`լավ: Կարելի է ասել` այս կատարումն ինձ հոգեհարազատ է, մյուս կատարումը` ոչ: Եվ, իհարկե, 6-7 հոգի ընդգրկված են հանձախմբում, բնական է, որ այդքան էլ կարծիք կլինի:

-Ընտրությունը դժվա՞ր է:
-Իհարկե դժվար է:

-Մրցույթի մասնակիցները մեզ մոտ` մրցույթի շրջանակում կատարում են Արամ Խաչատրյան, իսկ հետագայում արդեն, ի՞նչ եք կարծում, Արամ Խաչատրյանն ընդգրկվո՞ւմ է նրանց համերգացանկում:
-Նրանք սովորում են Խաչատրյանի ստեղծագործությունները, և ոչ միայն առաջին փուլում ներկայացվող փոքր ստեղծագործությունները, եզրափակչում Ջութակի կոնցերտը պետք է կատարեն: Եթե մարդը սովորում է, բեմում ներկայացնում տվյալ երաժշտությունը, կարծում եմ, դա չպետք է լինի առաջին ու վերջին անգամ: Մրցույթի նպատակը հենց դա է, որ երաժիշտները պրոպագանդեն խաչատրյանական երաժշտությունն այլ բեմերում:

-Մասնակից երաժիշտները հիմնականում Խաչատրյանի երաժշությանն առնչվում են մրցույթի՞ շնորհիվ, թե մինչ այդ արդեն ծանոթ են:
-Ես կարծում եմ, որ այս սերունդը` ոչ, ծանոթ չէ: Մեր սերունդը, մեզնից քիչ կրտսերները, որոնք Արամ Խաչատրյանի օրոք են ապրել, կատարել են նրա գործերը,  հաճախ հնչել է, լսել են: Հիմա, ցավոք, և Խաչատրյանի, և Պրոկոֆևի, և Շոստակովիչի ստեղծագործությունները հաճախ չեն կատարում:

-Խորհրդային շրջանում Խաչատրյանը հայտնի էր, այսօր էլ հայաստանյան երաժշտարվեստի այցեքարտն է: Ու չնայած դրան`պրոպագանդման խնդի՞ր կա:
-Իհարկե: Խորհրդային շրջանում պրոպագանդայի կարիք չկար, ինչպես նշեցի, հաճախ էին կատարում, կատարումներն ինքնին արդեն պրոպագանդում էին: Իսկ հետխորհրդային շրջանում այնպիսի դժվարություններ առաջ եկան, որ լավագույն դեպքում կատարվում էին ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մարդիկ սովորեցին, որ կատարումների համար պիտի վճարվեն, իսկ եթե կոմպոզիտորը մահացել է, ո՞վ պետք է վճարի: Եվ դա չի վերաբերում միայն Արամ Խաչատրյանին: Հիմա, այո, կարիք կա պրոպագանելու:

-Խաչատրյանի երաժշտությունը ազգային և միաժամանակ համամարդկային է: Նաև դրանո՞ւմ է նրա տաղանդի հզորությունը:
-Ես աշխարհի տարբեր բեմերում 50 տարի շարունակ կատարել եմ Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը (նաև իր համար եմ կատարել` 60 ամյակի առիթով, նստած էր դահլիճում), ու տարբեր ժողովուրդների ընկալումը, գնահատումը, հիացմունքը  հանգեցրել են այն համոզմունքին, որ նրա արվեստն իսկապես համամարդկային է:

Ճեպազրույցը` Արմինե Սարգսյանի (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0