a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
17/11/2014

Փառատոն, որը դեռ երկար կմնա ժամանակի հիշողության մեջ

DSC02830

ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը կազմակերպել էր աննախադեպ դասական տոն: Փառատոն, որը միավորել էր հայ երաժշտարվեստի առաջատար կոլեկտիվների, մենակատարների ինչպես Հայաստանից, այնպես էլ Չինաստանից, Շվեյցարիայից, Իսրայելից: Փառատոն, որի 4 օրերի ընթացքում կայացան 5 համերգ. 2 սիմֆոնիկ և 3 կամերային:  Սա մի նախագիծ էր, որը նպատակ ուներ ներկայացնելու հայ ժամանակակից երաժշտությունն իր ողջ հմայքով: Ի սզբանե նպատակ դնելով պրոպագանդել հայ երաժշտությունը՝  Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը ձգտեց կազմել այնպիսի ծրագիր, որն իր տեսակով ու ձևով, ստեղծագործությունների ընտրությամբ ու ժանրային տարբերությամբ կարողանար բավարարել ամենատարբեր երաժշտական հայացքներ ունեցող երաժշտասերին:
Եվ ահա, նոյեմբերի 3-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ այս Փառատոնի եզրափակից համերգը. համերգ, որին ներկա էին ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Մշակույթի Նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ում  դեսպանատների ներկայացուցիչներ և ի վերջո,  հայ երաժշտության նվիրյալներ: Համեգի մեկնարկին հնչեց Արթուր Ահարոնյանի “Ջոնաթանի Բալլադը” սիմֆոնիկ-խորեոգրաֆիկ պոեմը՝ ըստ Ռիչարդ Բախի “Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը” վիպակի: Այս ստեղծագործությունը, որի կատարումը մեծ տպավորություն թողեց ունկնդրի վրա, Ֆրանսիայում կայացած կոմպոզիտորական մրցույթում 2004 թվականին արժանացել է  I մրցանակի:
Հաջորդիվ  հնչեց Կոնստանտին Պետրոսյանի “Վոկալիզը” թավջութակի և նվագախմբի համար (մենակատար՝  ՀՀ Արվեստի Վաստակավոր գործիչ՝ Արամ Թալալյան): Այս կազմով “Վոկալիզը” կատարվում էր առաջին անգամ:  Ի սկզբանե  ստեղծագործությունը գրված է եղել  ձայնի, երգչախմբի և նվագախմբի համար:
Համերգի առաջին բաժնի ավարտին  հնչեցին Էդուարդ Սադոյանի “Նարեկացի ձայն առ Աստված” բալետից հատվածներ՝ Գայանե Գեղամյանի մենակատարմամբ ու Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբի ձայնակցությամբ: Այս բալետում նկարագրվում է Նարեկացու հրաժարումը աշխարհիկ կյանքից և իր նվիրումը Աստծուն ծառայելուն:
Համերգի երկրորդ բաժնում հնչեց Կոմպոզիտորների Միության Նախագահ Արամ Սաթյանի “Համլետ” սիմֆոնիկ պոեմը, որը գրվել է Շեքսպիրի համանուն ողբերգության մոտիվներով, այդ իսկ պատճառով այն իր մեջ կրում էր վառ  արտահայտված ծրագրայնության գծեր:
Փառատոնը եզրափակվեց արտասահմանից հրավիրված ջութակահար Բորիս Լիվշիցի (Շվեյցարիա)  և դաշնակահարուհի Ռեն Դժեայի (Չինաստան) փայլուն կատարմամբ, որոնք նվագախմբի հետ կատարեցին Միայիլ Կոկժաևի Կրկնակի կոնցերտը ջութակի, դաշնամուրի և նվագախմբի համար: Այս ստեղծագործության ստեղծման ներշնչանք է եղել Մարկ Շագալի “Ադամը և Եվան” կտավը:
Հավելենք միայն, որ ողջ երեկոյի ընթացքում բեմում էր Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբը. գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Ահա և վերջ:  Թվով 40  հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները (ներառյալ Կոսնսերվատորիայի շուրջ 12 երիտասարդ կոմպոզիտորների) հնչեցին համերգային 4 օրերի ընթացքում ու հանդիսատեսին պարգևեցին գեղեցիկ ու գունեղ երաժշտական երեկոներ…

Ավարտվեց Հայ Ժամանակակից երաժշտության տոնը, որը դեռ երկար կմնա ժամանակի հիշողության մեջ:

Աղբյուրը՝ Composers.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0