
22/04/2017
|
Երևանում և մարզերում կանցկացվի «Crossroads 2017 Բելգիա-Ֆրանսիա-Հայաստան» ժամանակակից երաժշտության փառատոնը

Ապրիլի 25-29-ը «Քառորդ տոն» կազմակերպությունը՝ «Հայկական բարեգործական ընդհանուր միության» և «Վալլոնի Բրյուսել ինտերնացիոնալ» կազմակերպության աջակցությամբ Երևանում, Գյումրիում և Դիլիջանում կիրականացնի «Crossroads 2017 Բելգիա-Ֆրանսիա-Հայաստան» ժամանակակից երաժշտության փառատոնը, որի շրջանակներում տարբեր երկրներից ժամանած մեր հայրենակից և օտարազգի հեղինակավոր երաժիշտներ կներկայացնեն դասախոսություններ՝ ժամանակակից դասական երաժշտության տարբեր շերտերի մասին, իսկ համերգներում կհնչեն հայ, ֆրանսիացի,բելգիացի և շվեյցարացի ժամանակակից կոպմոզիտորների ստեղծագործություններ։
Փառատոնի հյուրերի թվում են Բելգիայի թագավորական ակադեմիայի անդամ, դասական երաժշտության՝ աշխարհի ամենահեղինակավոր մրցույթների ժյուրիի անդամ, Փարիզի և Մոնսի (Բելգիա) կոնսերվատորիաների պրոֆեսոր և ներկայում Բելգիայի ամենահեղինակավոր կոմպոզիտորներից մեկը համարվող Կլոդ Լեդուն, վերջին 14 տարին Շվեյցարիայում ապրող և ստեղծագործող, բազմաթիվ միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր,կոմպոզիտոր և ֆլեյտահար Արամ Հովհաննիսյանը, Բելգիայում հայտնի դաշնակահարուհի Լորանս Մխիթարյանը, ով մասնավորապես հայտնի է որպես ժամանակակից ակադեմիական երաժշտություն տարածող երաժիշտ և Ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտոր, ազգությամբ հայ Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանը: