a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ինչո՞ւ տարիներ անց Արմեն Մելիքսեթյանը կրկին նշանակվեց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր

Kamerayin (4)

Սեպտեմբերի 18-ից Պետական կամերային երաժշտական թատրոնն իր նոր՝ 27-րդ թատերաշրջանը սկսեց վերանորոգված և վերազինված շենքում: Փոխվել են ոչ միայն շենքային պայմանները, այլև թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

Պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայիս տնօրեն Վարդան Գրիգորյանը վստահ է, որ այսօր արդեն ունենք նոր կամերային երաժշտական թատրոն: Նա զարմացած է, թե ինչպես են նախկին տնօրնությունն ու թատրոնի անձնակազմն աշխատել այդ պայմաններում, բայց հիմա արդեն, կարելի է ասել, նորմալ պայմաններն են ստեղծված թատրոնի գործունեության համար:

Վերանորոգումը կատարվել է Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամի հետ կնքված պայմանագրի շնորհիվ, աջակցել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը. «Ի պատիվ թատրոնի նախորդ տնօրենի` Դավիթ Հակոբյանի, պետք է ասեմ, որ նա թատրոնի նվիրյալ է և ինչ կարողացել է, պահպանել է: Նա նաև լուրջ ջանքեր է ներդրել էներգախնայողության ծրագիրն իրականացնելու համար, այսպես ասած` ծրագրի ցրցամը նա է տվել, բայց պայմանագրերն արդեն իմ օրոք են եղել, ես եմ ստորագրել»,- մեր հարցին ի պատասխան, թե արդյոք նախկին տնօրինությունը ոչ մի կերպ չի փորձել միջոցներ գտնել թատրոնի վիճակը բարելավելու համար, ասաց Վ. Գրիգորյանը:

Երկար տարիների ընդմիջումից հետո կրկին թատրոն է վերադարձել թատրոնի նախկին գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը: Տարիներ առաջ, երբ թատրոնի տնօրենը Լևոն Աբրահամյանն էր, իսկ գլխավոր ռեժիսորը Արմեն Մելիքսեթյանը, բավականին մեծ աղմուկ բարձրացավ, թե թատրոնի տնօրինությունն ուզում է վաճառել թատրոնի շենքը: Այդ ամենի արդյունքում տնօրենն ու գլխավոր ռեժիսորն ազատվեցին աշխատանքից: Նոր տնօրեն դարձավ Դավիթ Հակոբյանը, ով շուրջ մեկ տարի է` այլևս թատրոնի տնօրենը չէ, բայց այդ ընթացքում թատրոնում նոր ներկայացումներ չեն ստեղծվել. այն շարունակում է աշխատել նախկին տնօրենի ժամանակ եղած թատերացանկով, մեծամասամբ` Դ. Հակոբյանի բեմադրություններով:

Թատրոնի ներկայիս գլխավոր ռեժիսոր Ա. Մելիքսեթյանը նոր ներկայացումների բացակայության պատճառը համարում է այն, որ այս ընթացքում ավելի մեծ ուշադրություն է դարձվել թատրոնի վերակառուցման և վերազինման վրա, բայց նոր թատերաշրջանից բացումից հետո ավելի շատ աշխատելու են ստեղծագործական զարգացման ուղղությամբ. «Համարյա պատրաստ բալետային ներկայացում ունենք և ոդևիլ, աշխատում ենք նաև Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը» մանկական օպերայի վրա: Եթե հասցնենք մինչև տարվա վերջ գոնե երկու ներկայացում հանձնել հանդիսատեսի դատին, կարող ենք ասել, որ դա արդեն բավականին լավ արդյունք է»,- օրեր առաջ թատրոնի շենքի վերանորոգման և նոր թատերաշրջանի կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց գլխավոր ռեժիսորը:

Նա նաև ընդգծեց, որ վերջին տարիների ընթացքում թատրոնը փոխել էր իր ուղղությունը, ուղղվածությունը, ճանապարհը. «Այն, ինչ որ կար տարիներ առաջ, այն է` երաժշտական լեզվով բեմադրություններ ներկայացնող թատրոն, այժմ վերածվել է դրամատիկ թատրոնի: Իհարկե կային երաժշտական համարներով համեմված ներկյացումներ, բայց դա դեռևս երաժշտական թատրոն չէ: Այժմ մենք փորձում ենք վերադառնալ մեր ժանրային տեսակին, և ես այդ նպատակի համար էլ ընտրել եմ ներկայացումներ, որոնք կնպաստեն դրան»,- ասաց Ա. Մելիքսեթյանը` ըդնգծելով, որ կարդարացնի այն հույսերը, որ կապել են իր հետ, այն է` թատրոնը վերադարձնել իր նախնական վիճակին. «Թատրոնի ճակատին ի՞նչ է գրված՝ երաժշտական: Տարիների ընթացքում հանդիսատեսը չի տեսել դա, բայց հիմա մենք կրկին ուզում ենք վերադառնալ թատրոնի բուն գործունեությանը»:

Ա. Մելիքսեթյանը բարկացավ այն հարցից, թե ինչպես է եղել, որ տարիներ շարունակ թատրոնն աշխատել է այլ ֆորմատում. «Փոխվել էր, մենք ուզում ենք վերադարձնել, հիմա ի՞նչ եք ուզում, ինչ եղել է, եղել է, եկե՛ք առաջ նայենք»,- առաջարկեց նա:

Մեր այն հարցին, թե ինչպես եղավ, որ բավականին մեծ աղմուկով հեռանալուց հետո Ա. Մելիքսեթյանը կրկին վերադարձել է նույն պաշտոնին, նա պատասխանեց, որ թատրոնը կենդանի օրգանիզմ է` կարող է ծնվել, մեռնել և վերածնվել. «Այն ժամանակ գալիս էին տնօրեններ, ովքեր էնքան էլ չէին հասկանում թատրոնից և չէին նպաստում թատրոնի զարգացմանը, գալիս էին տնօրեններ, որ ոչ թե թատրոնի, այլ իրենց գրպանի մասին էին մտածում: Տարբեր բաներ են եղել, այդ ամենը փորփրելու իմաստ չկա… Այս շենքն ուզում էին սեփականաշնորհել, վաճառել, ես աղմուկ բարձրացրեցի, թույլ չտվեցի և, փառք Աստծո, ստացվեց»,- ասաց նա:

Մեր այն դիտարկմանը, թե ժամանակին հենց իր անունն էր նշվում որպես թատրոնի շենքը վաճառել ցանկացողի, Ա. Մելիքսեթյանը պատասխանեց. «Եթե ես ուզենայի վաճառել, կանեի դա, ոչ թե աղմուկ կբարձրացնեի»:

Ասուլիսին ներկա ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ևս խոսեց այն մասին, որ վերջին տարիներին թատրոնը բեկված է եղել իր ժանրային ուղղվածությունից. «Դա բնականաբար նախարարության համար ընդունելի չէր, այդ իսկ պատճառով անցած տարվանից խնդիր դրվեց նորից վերադառնալու երաժշտական թատրոնի ժանրին: Այս թատրոնն ի սկզբանե երաժշտական ուղղվածության է եղել, բայց թատրոնի խաղացանկային ներկայացումները վերջին տարիներին ինչ-որ տեղ չէին համապատասխանում այն գործառույթներին, որ պետք է իրկանացնեին: Այն, որ թատրոնի ստեղծագործական և ադմինիստարտիվ ղեկավարությունը փոխվեց, եզրակացություններ անելու տեղիք է տալիս բոլորիդ, որ նախարարությունն այդ կերպ ուզում էր թատրոնը վերադարձնել իր կանոնադրական նպատակների իրականացմանը: Եթե Մելիքսեթյանին խնդրել ենք վերադառնալ, ուրեմն պետք է մտորել, թե ինչու»,- ասաց  նա:

Փորձեցինք հասկանալ, թե ինչու էր նախարարությունը 7 տարուց ավել «հանդուրժում», որ պետական թատրոնն աշխատի կանոնակարգից շեղված ուղղվածությամբ, եթե դա «իր սրտով չէր»:

«Քննարկել՝ մեկ տարին էր բավական, թե հինգը որոշում կայացնելու համար, ճիշտ չէ, դրա համար եղել են որոշակի պատճառներ: Թատրոնն իրականացնում էր աշխատանքներ, բայց մասամբ և դա մեզ չբավականցրեց: Մշտապես հորդրորել ենք  թատրոնի ղեկավարությանը, որ այլ կերպ աշխատեն: Նախարարությունը ֆինանսավորել է միայն այն ներկայացումները, որոնք երաժշտական ուղղվածության են եղել»,- հավաստիացրեց նա:

«Եթե Մելիքսեթյանն է պահպանել թատրոնը…»,- փորձեցինք հարց ուղղել փոխնախարարին, բայց նա ընդհատեց իր հարցադրմամբ. «Ի՞նչ է, վա՞տ բան է արել»:

«Ոչ, շատ լավ բան է արել, բայց այդ դեպքում ինչո՞ւ այդ ժամանակ նա հեռացվեց աշխատանքից»,- հարցին փոխնախարարը պատասխանեց. «Մենք տեղյակ չենք»:

«Բայց չէ՞ որ այդ ժամանակ էլ Հասմիկ Պողոսյանն էր մշակույթի նախարարը, ի՞նչն է փոխվել»,- հարցրեցինք:

«Հասմիկ Պողոսյանը չէր»,- հարցը փակելու նպատակով եզրափակեց Արթուր Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Հասմիկ Պողոսյանը նախարար է նշանակվել 2006թ-ին, նույն թվականին, երբ արդեն Հասմիկ Պողոսյանն էր ՀՀ մշակույթի նախարարը, թատրոնի տնօրեն Լևոն Աբրահամյանն աշխատանքից հեռացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանին, ով մինչ այդ էլ աչքի է ընկել թատրոնի տնօրենների հետ ունեցած խնդիրներով: Լ. Աբրահամյանն առանց նախարարության համաձայնության չէր կարող աշխատանքից ազատել գլխավոր ռեժիսորին: Նույն տարում վերոնշյալ խնդիրների պատճառով աշխատանքից հեռացվել է նաև տնօրենը, որին փոխարինել է Դավիթ Հակոբյանը, ով վերջին ընտրությունների ժամանակ հրաժարվել է իր թեկնածությունը դնելուց, արդյունքում տնօրեն է դարձել Վարդան Գրիգորյանը:

Անի Ռափյան (Culture.AM)
  • Kamerayin (4)
  • Kamerayin
  • Kamerayin (3)
  • Kamerayin (1)
  • Kamerayin (2)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0