a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Չի կարելի անկատար վիճակում բեմ հանել երիտասարդին ու ասել, որ նա պատրաստ է մայր թատրոնի բեմում ներկայացում խաղալ»

e644f808369725fd64b380018e381988

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 2 օր առաջ կրակոցներ էին հնչում: Ներկայացման պրեմիերա էր: Բեմադրվել է Բորիս Վասիլևի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» հերոսական դրաման: Բեմադրիչը`ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանն է: Ներկայացումը  նվիրված է Հայրենական պատերազմի 70-ամյակին: Առավել ավագ սերնդին Բորիս Վասիլևի հուզիչ ստեղծագործությունը ծանոթ է էկրաններից: Այն նաև  բեմադրվել է հայ թատրոնում:  Գլխավոր հերոսի կերպարը մարմնավորել է Խորեն Աբրահամյանը:

Մայր թատրոնի բեմում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն էին` ուսանողներ, շրջանավարտներ: Մեկ-երկու երիտասարդ, բայց պրոֆեսիոնալ դերասանների  խաղը փորձում էր փրկել ներկայացումը: Ուրախ, զվարթ կյանքով լի երիտասարդ աղջիկները բախվում են պատերազմի արհավիրքներին: Հակասությունը կյանքի ու մահվան, խաղաղության ու պատերազմի թերևս սրտաշարժ կլիներ, եթե այդքան արհեստական, անհամոզիչ չլինեին անցումները: Կրակոցներն ու հրետանային ռմբակոծությունը չտրամաբանված ուժգնությամբ ցնցում էին բեմն ու դահլիճը`առաջացնելով ավելի շատ ոչ թե տագնապ, հուզում, այլ անհաճո զգացողություն, երբեմն նաև ծիծաղ: Ռազմի դաշտում գտնվող աղջիկների զվարթությունը, խոսք ու զրույցը չէր հմայում, չէր հուզում,  ավելին`նյարդայնացնում էր: Արական սեռի միակ ներկայացուցիչը` Կարմիր բանակի սպան գոնե պիտի խոսքը տեղ հասցներ: Շփոթված, բարի, հաշտ, միևնույն ժամանակ անհանգիստ կերպար էր: Դա հասկանալի է: Բայց խոսում էր անհասկանալի առոգանությամբ: Էլ չասենք,  որ տարիքն առած, հասուն զինվորականի դերում տառացիորեն ջահել-ջիվան երիտասարդ էր` պատերազմի հետ որևէ կապ չունեցող: Հասկանում ենք, որ բեմում միայն երիտասարդներն են, բայց հանդիսատեսին չի կարելի խափել, ասել մի բան, ցույց տալ բոլորովին այլ բան:

Ներկայացման կեսից շատերը լքեցին դահլիճը: Շատերն էլ, ըստ կարգի, մնացին մինչև վերջ ու ծափեր պարգևեցին դերասաններին:
Ներկայացումը երևանյան պրեմիերայից հետո շրջելու է մարզերում:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը իբրև հանդիսատես կարծիք հայտնեց, որ ներկայացումը հաջողված չէր, ու դրանում, իհարկե, կար նաև դերասանների մեղքը, բայց պատասխանատվությունն ավելի շատ ընկնում է ավագների վրա. «Եթե այսօր երիտասարդների հետ բեմադրել են անճաշակ ներկայացում, վաղը այդ երիտասարդների համար դա դառնալու է չափանիշ: Երիտասարդը մտածելու է, որ այդպիսին պետք է լիներ ներկայացումը: Երբ նա դառնա ռեժիսոր կամ ավագ սերնդի դերասանայդ չափանիշով է առաջնորդվելու: Չի կարելի անկատար վիճակում բեմ հանել երիտասարդին ու ասել, որ նա պատրաստ է մայր թատրոնի բեմում ներկայացում  խաղալ»:

 

 

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0