a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
15/10/2014

Տարվա օնլայն բեմադրող ռեժիսոր և տարվա օնլայն թատրոն. աճեմյանցիների հերթական մրցանակը

nk-tatron-3-320x228_0

Թատերական օնլայն մրցանակաբաշխության շրջանակներում Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն այս տարի արժանացել է երկու մրցանակի: Տարվա օնլայն բեմադրող ռեժիսոր անվանակարգում մրցանակի է արժանացել թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը՝ «Առնետները» ներկայացման համար, իսկ դրամատիկական թատրոնը Հայաստանում ճանաչվել է տարվա օնլայն թատրոն: Լյուդվիգ Հարությունյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես է անցկացվել քվեարկությունը: «Մրցանակաբաշխությունն առանձնանում է նրանով, որ մասնակիցը կամ թատրոնն ինքը հայտ չի ներկայացնում, այլ կազմակերպիչներն են որոշում, թե որ թատրոնը կամ որ դերասանը պետք է մասնակցի: 13 անվանակարգ կա, կա tatron.info կայք, որն ունի մի հետաքրքիր կանոնակարգ: Մեկ տարվա ընթացքում հետևում են, թե վիրտուալ կյանքում ինչ ներկայացումների ու նաև դերասանների մասին են շատ խոսում, այսինքն այն դերասանը, ում մասին շատ են խոսում, ինքն ինքնաբերաբար հայտնվում է մրցույթում: Մեկ ամսվա ընթացքում ամբողջ Հայաստանում այն մարդիկ, ովքեր գտնվում են վիրտուալ տիրույթում, ովքեր հետևում են՝ ինչ է կատարվում, սկսում են քվեարկել: Շատ հետաքրքիր է, քանի որ էստեղ փաստորեն մենք ստեղծագործում ենք գյումրեցիների համար, բայց քվեարկությունը եղել է ամբողջ Հայաստանում, և մենք լավագույնն ենք ճանաչվել»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը:

 

 

Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյան

Ըստ նրա՝ կարևորն այս մրցույթում թերևս այն է, որ հաղթողին որոշում է ոչ թե ժյուրին, այլ ինքը՝ հանդիսատեսը: «21-րդ դարում շատ կարևոր է, որ լինեն ինտերնետային քննարկումներ, կան մարդիկ, ովքեր ընթերցում են, և կարծում եմ սա մեզ էլ ավելի պետք է ոգևորի, որ մենք կարողանանք ժամանակի հետ հարիր քայլել: Քանի որ երբ դու բեմադրություն ես անում, հանդիսատեսը գալիս նայում է, դա մեկ այլ բան է, երբ էդ ամեն ինչը հանդիսատեսը քննարկում է, մարդիկ ընթերցում են, խոսում են, դա արդեն լրիվ այլ բան է: Սա շատ ոգևորիչ է մեզ համար, քանի որ սա խոսեց այն մասին, որ թատրոնը ստեղծագործում է, ու թատրոնը խոսում է ոչ միայն գյումրեցիների համար, այլ թատրոնը խոսում է, թատրոնը կապի մեջ է Հայաստանի հանդիսատեսի համար»,- գտնում է թատրոնի գլխավոր ռեժիսորը:

 

Նախորդ տարի ևս աճեմյանականները մրցանակներ են բերել օնլայն քվեարկության արդյունքում՝ տարվա պրոդյուսեր և տարվա լավագույն նախագիծ անվանակարգերում: Լյուդվիգ Հարությունյանն ասում է, թե մցանակները պարտավորեցնում են մշակութային կառույցի աշխատակազմին ստեղծագործել ու լավագույնս ներկայանալ հանդիսատեսին. «Մենք պետք է այդ նույն աշխատանքը կարողանանք շարունակել, իսկ մրցանակներն իհարկե ոգևորում են մեզ, որ էլ ավելի աշխատես, պահանջարկը կա, և ես կարծում եմ, որ մենք այս հունով էլ կշարունակենք աշխատանքները: Այս տարի թատերաշրջանը կփակենք երկու մեծ ներկայացումով: Հուլիս ամսվա սկզբին մենք հանդիսատեսի դատին կհանձնենք շատ մեծ պատմական գործ՝ «Մեսրոպ Մաշտոց», որը կարծում եմ մեր գյումրեցի հանդիսատեսին կհետաքրքրի ու պետք էր, իսկ մինչ արձակուրդ գնալը կներկայացնենք մեկ նոր պրեմիերա, որն ավելի շատ երիտասարդական ներկայացում է, որի բեմադրող ռեժիսորը ես եմ»,- եզրափակեց թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0