a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

Դիրիժոր Զավեն Վարդանյանը մեկ տարով առաջ է անցել

zaven_0

ա արդեն սկսել է 2014-15թթ. համերգաշրջանը Ճանաչված դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մենակատարների պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Զավեն Վարդանյանի վերջին շրջանի համերգների հայտագրերում նշվում է ոչ թե ընթացիկ՝ 2013-14թթ. համերգաշրջան, այլ 2014-15թթ.: Այս առիթով «Առավոտի» հետաքրքրությանն ի պատասխան՝ դիրիժորը հայտնեց, որ ինքը սեփական նախաձեռնությամբ սկսել է իր ծննդյան 70 եւ ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանների միջոցառումների շարքը: Մանրամասնեց, որ, օրինակ, ապրիլին ղեկավարել է Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ռ. Մլքեյան), հունիսի 20-ին կկանգնի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) դիրիժորական վահանակի առջեւ: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ պատրաստվում է դիմել նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին՝ իրենց կոլեկտիվները մեկ երեկո ղեկավարելու խնդրանքով ու հույս ունի՝ մերժում չի ստանա: Արվեստագետը նշեց, որ արդեն համաձայնություն է ձեռք բերել «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանի հետ՝ աշնանը հիշյալ կոլեկտիվների հետ մեկական երեկո անցկացնելու նպատակով: Կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին, թե իր հոբելյանների առիթով հավանաբար հույսեր չի փայփայում մշակույթի նախարարության հետ, Զավեն Վարդանյանը հակադարձեց. «Խնդրում եմ սա «չքաղաքականացնել»: Ի վերջո, այս կոլեկտիվները գործում են մշակույթի նախարարության ենթակայությամբ եւ ստեղծագործական հարաբերություններս այս կոլեկտիվների ու նրանց ղեկավարների հետ բարիդրացիական են…»: Զավեն Վարդանյան դիրիժորի անունը մասնագետները հիմնականում կապում են 1980-ականների հայկական կամերային եւ անսամբլային երաժշտության «բումի» ու հաջողությունների հետ: Ժամանակին նրա գլխավորությամբ են անցել հայաստանյան բազմաթիվ փառատոներ ու մրցույթներ: Ստեղծագործական չորս տասնամյակների ընթացքում Զավեն Վարդանյանի մեկնաբանմամբ հայաստանցի ունկնդիրն առաջին անգամ է ծանոթացել Ստրավինսկու, Շնիտկեի, Վարեզի, Հենցի, Այվզի, Կոկկոնենի, Նորդգրենի եւ կոմպոզիտորական արվեստի համաշխարհային դասական այլ հեղինակների գործերին: Նա, որպես հրավիրյալ դիրիժոր, հանդես է եկել Ռուսաստանում, եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում… Դիրիժորի կարիերան սկսվել է 1975թ., այդ տարի նա հիմնեց Մենակատարների անսամբլը, որը միայն 2008թ. ստացավ պետական կարգավիճակ: Իսկ Կամերային նվագախմբի հիմքի վրա ստեղծվեց Երեւանի պետական կամերային նվագախումբը, եւ մաեստրոն 1979-90թթ. հանդիսացավ վերջինիս գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Այսօր Զավեն Վարդանյանի ղեկավարած Մենակատարների պետական անսամբլը իր նվագացանկում ունի միայն 28 հայ կոմպոզիտորների շուրջ 50 ստեղծագործություն: Հայ դիրիժորը Էկվադորի կառավարության հրավերով 2003-07թթ. աշխատել է տեղի համալսարանում եւ ղեկավարել այդ երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը: 1992-2010թթ. դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Աղբյուրը՝ www.aravot.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0