a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ես արեցի ֆիլմերը հույսի, լույսի, վերածննդի ու նոր կյանքի համար». Արտավազդ Փելեշյան

IMG_7043

Երեկ Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի ունեցավ հանդիպում հայտնի  վավերագրող  ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ մաեստրո Տիգրան Մանսուրյան․
 «Մենք այսօր  լուսավոր մի դահլիճում ենք, հավաքված՝ մեծ վարպետի շուրջ: Արտավազդ Փելեշյանի հաղթանակը կինոյի հաղթանակն է: Մեզ համար այդ հաղթանակը հայ ոգու հաղթանակն է:  Ահա մեզ հետ է մեծագույն ռեժիսոր և արվեստագետ, հայ եզակիներից, եզակիների խմբին պատկանող  Արտավազդ Փելեշյանը՝ իր ֆիլմերով: Փելեշյանի անցաթուղթն ամբողջ աշխարհում մեր անցաթուղթն է, մեր մշակութային  աշխարհ մտնելու իրավունքը»,-ասաց կոմպոզիտորը։

Ցուցադրվեցին վարպետի տարբեր ժամանակներում նկարած չորս ֆիլմերը։ Այնուհետև հաջորդեց հանդիսատեսի հարցերի “տարափը”։
Խոսելով իր նկարահանած վերջին ֆիլմերի մասին՝ ռեժիսորը նշեց, որ դրանք   նկարել է այն ժամանակ, երբ Հայաստանը ծանր կացության մեջ էր, մութ ու խավար տարիներն էին․
«Ես արեցի ֆիլմերը հույսի, լույսի, վերածննդի ու նոր կյանքի համար»։

Այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա առաջին ֆիլմն անող ռեժիսորներին, Ա. Փելեշյանը պատասխանեց․
«Կասեմ, որ  շատ ուշադիր լինեն առաջին ֆիլմը նկարելու պարագայում, որովհետև դա շատ կարևոր կարող է լինել  հետագայի համար»:

Հանդիպման ընթացքում ռեժիսորը հիշեց մի դեպք իր ֆիլմերից մեկի նկարահանման հետ կապված․

«Երբ նկարում էի «Տարվա եղանակները»,  ֆիլմի օպերատորին ու ադմինիստրատորին ուղարկեցի Գյուղատնտեսության նախարարություն, որ իմանան՝  Հայաստանում որտե՞ղ  ցիվիլիզացիայից հեռու գյուղ կա, ուր պահպանվել են հին ադաթները: Պարզվեց՝ Զանգեզուրում՝ ձորի մեջ մի  այդպիսի գյուղ կար,  որի մասին իմացել են միայն սովետական կարգերի հաստատումից հետո, գյուղն էլ իր հերթին՝   այդ ժամանակ  իմացավ, որ սովետական կարգեր են հաստատվել: Վեր կացանք՝ «Վոլգա» մեքենայով գնացինք,  մի կերպ գտանք ճանապարհը: Գյուղը ձորի մեջ էր: Վարորդին առաջարկեցինք ոտքով իջնել, բայց ասաց, որ կտանի: Ճանապարհին մեքենայի մասերը կոտրվեցին: Այդպես մի կերպ տեղ  հասանք: Թումանյանի հեքիաթների նման մի տեսարան բացվեց մեր առջև: Երեք ծերունի էին նստած կրակի շուրջ,  օղի էին պատրաստում` քարահունջի օղի: Բարևեցինք, հարցրեցին` ի՞նչ կա էստեղ, զարմացան մեքենայի վրա: Ասացինք` կինո ենք ուզում նկարել: Զարմացան, թե ի՞նչ է կինոն: Մեզ դա արդեն հետաքրքրեց: Կինոյի ոլորտում բառեր կան, որ նեղ մասնագիտական են, օրինակ «մասովկա»-ն՝ կադրում բավական մեծ ամբոխ է, դեմքերը չեն երևում, այդ տեսարանում նկարվելու համար  մարդուն վճարում էին 3 ռուբլի, իսկ կան նաև «էպիզոդներ», որտեղ փոքր խումբ է նկարահանվում, դեմքերը, ոչ հստակ, բայց երևում են:  Դա արժեր 7 ռուբլի 50 կոպեկ: Նկարեցինք այդ մարդկանց: Երբ եկավ վճարելու ժամանակը, ֆիլմի տնօրենը հանեց ցուցակներն ու սկսեց անուն-ազգանունով լրացնել՝ ով ինչ տեսարանում է մասնակցել: Ծերունիներից մեկը մոտեցավ ու ասաց` «Ես էպիզոդնիկ եմ»:

Անդրադառնալով դեռևս չիրականացված «Homo Sapiens» ֆիլմին՝ ռեժիսորը մեկնաբանեց, որ 90-ականներին Փարիզում Ժան Լյուկ Գոդարն իրեն տվել էր իր պրոդյուսերին, որպեսզի այս ֆիլմի հետ կապված աշխատանքները գլուխ բերեն, պարզվել էր՝, որ նկարահանումների համար  410 000  դոլար է հարկավոր, բայց այդ պրոդյուսերը կին էր, չէր կարողացել հավաքել այդ գումարը:

Իսկ ինչ վերաբերում է իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ֆիլմին, Ա. Փելեշյանն ասաց.
«Ինձ թվաց, որ ռեժիսորը ֆիլմը նկարել է վերջապես Փելեշյանի լռությունը բացահայտելու համար, բայց նա էլ ինձանից բան սովորեց, և ինքն էլ լռեց»:

Ներկաների խնդրանքով Փելեշյանը թվարկեց իր սիրելի ֆիլմերի եռյակը, որտեղ տեղ էին գտել Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոնը», Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը», «Չինաստանի ուրվականների պատմությունը»:
Հանդիպման ավարտին Փելեշյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց միջոցառման նախաձեռնողներին, մասնավորապես Մշակույթի նախարարությանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0