a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզը)» արդեն մեծ է ու ինքնուրույն, ապրում է իր կյանքով

KAKO-PRECI

«Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզը)» ֆիլմը երկու երիտասարդ լրագրողների՝ Մարինե և Սոնա Քոչարյանների մտքերի էկրանավորումն է, որի “հիմքը”   Սոնայի այցելությունն էր հայ-վրացական սահմանամերձ Ջիլիզա: Ոզում էին ֆիլմի մտահղացմամբ մասնակցել Կոկադոկ վավերագրական ֆիլմերի զարգացման ծրագրին և որոշեցին, որ սա  ամենասրտամոտ թեման է, քանի որ երկուսն էլ նույն կերպ են մտածում սահմանների մասին: Սկսեցին աշխատել: Մեր զրուցակից Մարինե Քոչարյանը նշում է, որ ընդհանուր առմամբ, մոտ 2-3 տարի աշխատել են ֆիլմի սցենարի վրա, ուսումնասիրություններ են արել և հետո նոր նկարել: Իսկ հիմա արդեն ֆիլմն ընդգրկված է Մոնտենեգրոյի հեղինակավոր  կինոփառատոնում:  Ֆիլմը պատմում է հայ-վրացական սահմանի մասին: Հայաբնակ գյուղերն այսօր իրարից անջատված են անտեսանելի սահմանով, որի պատճառով բարեկամներ, հարևաններ, ընտանիքի անդամներ այլևս չեն կարողանում իրար տեսնել, քանի որ չնայած մեկ կմ հեռավորությանը, ստիպված են անցնել 100կմ դժվար ճանապարհ և օրինական սահմանով անցնել: 

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կանադայի ՀոթԴոկս վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնին, որտեղ էլ  ֆիլմն արժանացել է ժյուրիի պատվավոր մրցանակին:  Դրանից հետո նրանք  շատ տարբեր փառատոներից հրավերներ են ստանում:
– Հրավերներից մեկն էլ ստացանք Մոնտենեգրոյի ֆիլմերի միջազգային փառատոնից: Փառատոնն անց է կացվում օգոստոսի 1-7-ը: Ափսոս, չկարողացանք ներկա գտնվել, բայց կարևորը, ֆիլմը “մեկնեց”:

Մեր զրուցակիցն անկեղծանում է. որ Կանադայի դեպքում, ճիշտ է,  ֆինանսավորում ստացել էին, բայց չհասցրեցին վիզա ստանալ,

– Իսկ Մոնտենեգրոյի դեպքում, դժվարությունը ֆինանսավորումն էր, փառատոնը միայն կեցությունն էր ապահովում: Հուսանք՝ մյուս անգամ և՛ ֆինանսավորում կունենանք, և՛ վիզա: Մեր ֆիլմն էլ, ինչպես գիտեք, սահմանների և դրանց հետ կապված դժվարությունների մասին է, ու ստացվում է, որ սահմանները թույլ չեն տալիս մեզ մասնակցել մեր ֆիլմի փառատոններին: Բայց  հաջորդ ֆիլմը սարերի հետևում չէ:

Այն հարցին, թե ի՞նչ հաջողությունների է հասել ֆիլմը, Մարինե Քոչարյանի պատասխանն իրեն երկար սպասեցնել չտվեց.
-Մեր ֆիլմի նախագիծը մասնակցում էր ԱՄՆ դեսպանատան և ԹՈՒՄՈ-ի «Երիտասարդ վավերագրողների» աշխատարան-մրցույթին, որտեղ արժանացավ գլխավոր մրցանակին և ինչի արդյունքում, որպես մրցանակ մեկնեցին Նյու Յորքի ֆիլմերի փառատոնին: Դրանից հետո, ինչպես արդեն նշեցի, հաջորդ մեծ հաղթանակը Հոթ-Դոկսի նման հեղինակավոր փառատոնին մասնակցությունն էր, և առավել ևս այդ փառատոնի շրջանակներում ժյուրիի պատվավոր մրցանակին արժանանալնը: Այժմ ֆիլմը կարծես թե իր առանձին կյանքով է ապրում, արդեն ինքներս չենք դիմում փառատոներին, այլ հրավերներ ենք հիմնականում ստանում: Դա մեզ համար արդեն հաղթանակ է, այսինքն, ֆիլմն արդեն իր ճիշտ ճանապարհին է:

Իսկ Հետագա անելիքների մասին․․
Հիմա աշխատում ենք մեր հաջորդ ֆիլմի նախագծի վրա, դեռ նախնական շրջանում է գտնվում ֆիլմը, բայց, ինչպես ասացի, մասնակցեց Հայ-թուրքական պլատֆորմին, արժանացավ մրցանակի, այսինքն՝ փոքրիկ ֆինանսավորման արտադրության համար և արդեն օգոստոսի վերջին գնում ենք Ստամբուլ նախնական ուսումնասիրությունների և նկարահանումների: Ֆիլմը կոչվում է «Մուրադ» և պատմում է մի հայ տղայի մասին, ով ապրում է Ստամբուլում: Ֆիլմը ներկայացնելու է իր ինքնության խնդիրները:

Իսկ «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզը)» արդեն մեծ է ու ինքնուրույն, ապրում է իր կյանքով:

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0