a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

«Հարյուրմղոնանոց ճանապարհը պետք է սկսել մեկ քայլից»

TMX5wsqxuOmF9UycOnW19OfS8O_0

Առնոլդ Աղաբաբովի կինոսցենարի հիման վրա ստեղծված`ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի էկրանավորումը վերջին շրջանի մշակութային կարևոր իրադարձություններից էր: Կինոհանրությունը բարձր գնահատեց աշխատանքը, կարծիքներ հնչեցին, որ ստեղծվել է Արցախյան ազատամարտի մասին պատմող առաջին ֆիլմը:
Ջիվան Ավետիսյանը վերջերս է վերադարձել Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայից: «Իրատես de facto»-ի հետ զրույցում նա ասաց, որ Կաննը իրականում ծանր ու դաժան շուկա է, ուր հայկական կինոյին ոչ ոք չի սպասում: «Օրվա թերթում կազմի վրա տեղադրում ես ֆիլմի գովազդը, և հաջորդ առավոտյան բոլորը խոսում են քո ֆիլմից: Այն, ինչ արեցին շատերը: Մենք այդ միջոցները չունեինք»: Փոխարենը` աշխատանքի, նամակագրության, անձնական հանդիպումների արդյունքում հաջողվել է 43-տեղանոց դահլիճում ապահովել 50-ից ավելի հանդիսատես, որոնց մեջ եղել են բարձրակարգ կինոփառատոների ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ և այլ անձինք: Ստեղծագործական խումբն արել է հնարավոր ամեն ինչ` «Թևանիկի» համար ճանապարհ հարթելու և հաջորդ նախագիծն առաջ տանելու համար: «100-մղոնանոց ճանապարհը պետք է սկսել մեկ քայլից,- նկատեց ֆիլմի ռեժիսորը:- Դու փորձում ես խաղալ` չգրված կանոններով, օտարերկրյա արտադրողների հետ: Արցախյան ազատամարտին նվիրված հայկական կինոն Կաննում ներկայացնելը նման է մակույկով մեն-մենակ օվկիանոսի ալիքների դեմ դուրս գալուն, երբ միևնույն է, չես ընկրկում, գնում ես առաջ»:
Նշենք, որ «Թևանիկն» այս օրերին ցուցադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում: Ակտիվ գովազդ մեզ մոտ նույնպես չի եղել (ո՜ւր մնաց Կաննում), անգամ որոշ հեռուստաընկերություններ մերժել են եթերում հյուրընկալել ֆիլմի ռեժիսորին կամ դերասանական կազմից որևէ մեկին, պատճառաբանելով, որ ֆիլմը կոմերցիոն է: Հանրությունը տեղեկացել է ֆիլմի մասին մամուլից, և հարց է` քանի՞սն են հետևում օրվա լրահոսին: Ջիվան Ավետիսյանի խոսքով` միակ չափանիշը լավ ֆիլմն է, գովազդը պետք է իրազեկելու համար: Որ ֆիլմը հաջողված է, աներկբա է, սակայն նկատում է, որ այն ստիպում է մտածել, իսկ այսօրվա հանդիսատեսը չի սիրում մտածել:
-Ասում են` մերօրյա հերոսամարտի, մեր ժամանակի մասին խոսելը դյուրին չէ: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել այս առումով:
-Անաչառորեն եմ անդրադարձել թեմային, բոլոր տեսարանները ճշմարիտ են: Այդ ճշմարտությունը ինչքա՞ն է ցանկալի կամ անցանկալի` հարցի մյուս կողմն է: Երբ նկարահանում ես 20 տարվա վաղեմություն ունեցող պատերազմ, մեծ անհանգստություն ունես, որովհետև ականատեսներ կան ու դժգոհության ալիք կարող է բարձրանալ: Նման ալիք չի եղել, դժգոհություններ, իհարկե, կան, չես կարող ստեղծել արվեստի գործ, որ միանշանակ ընկալվի: Եթե միանշանակ է ընկալվում, դա ավելի մտահոգիչ է:
-Ի՞նչ էին ասում ֆիլմի մասին Կաննում:
-Գեղեցիկ կարծիքներ էին հնչում «Թևանիկի» մասին: Ֆիլմն ընկալելի էր դրսի հանդիսատեսի համար: Ասում էին, որ կարողացել ես գտնել բանալի տարբերակը` պատմելու համար երկու երկրների կոնֆլիկտի մասին, անկախ նրանից, որ տարածքում է եղել, և ինչ զենքով են մարտնչում հերոսները: Կարծիք հնչեց, որ եթե հրազենի փոխարեն նետուաղեղ լիներ, ֆիլմի արդիականությունը դրանից չէր տուժի:
-Ի վերջո, ի՞նչ է պետք Կաննի կինոշուկայում ներկայանալու համար` անո՞ւն, լավ ֆի՞լմ, լավ գովա՞զդ:
-Անունը մեծ նշանակություն ունի, կան մարդիկ, որ մասնակցում են 10 և ավելի տարի, գիտեն՝ ինչ է պահանջում շուկան, ինչն է հետաքրքիր, կապեր ունեն: Ես նույնպես դյուրին էի շփվում այն մարդկանց հետ, ում անցյալ տարի հանդիպել էի: Ես երկրորդ տարին էի ներկայանում, դժվար է հայ ռեժիսորի համար Կաննի կինոշուկայում, նկարահանման հրապարակում, մոնտաժի ժամանակ: Եվ դեռ այնպիսի արտադրանք պիտի ներկայացնես, որ բավարարի օտարի պահանջները, պիտի կարողանաս քո պատմությունը պատմել:
-Հաճախ կարելի է լսել, որ ցեղասպանության մասին ներկայանալի ֆիլմ չունենք, բայց ստացվում է՝ լավ ֆիլմ նկարահանելը դեռ ամենը չէ, պիտի կարողանաս աշխարհին ներկայացնել ունեցածդ:
-Ես Ձեզ ասում եմ՝ ունենք լավ ֆիլմ, բայց եթե գովազդի հնարավորություն չկա, ո՞վ է նայելու:
-«Թևանիկը» հայ-լիտվական համատեղ արտադրություն է, լիտվական կողմը չի՞ կարող ֆիլմը փառատոների ներկայացնել, հանրայնացնել:
-Մենք, իհարկե, աշխատում ենք իրար հետ, Կաննի կինոշուկայում կինոգործիչների հետ հանդիպումներին ֆիլմի համապրոդյուսերը ներկա է եղել, հաջորդ նախագծին նույնպես մասնակցելու է:
-Ֆիլմը զերծ չէ քաղաքական երանգից: Հայ-ադրբեջանական հակամարտության թեման խոչընդոտներ չի՞ առաջացնում՝այլ երկրների կինոգործիչների հետ համագործակցության եզրեր փնտրելիս:
-Շատերը կարող են խուսափել, բայց հնարավորինս փորձել ենք ունիվերսալ ձևով մատուցել: Կաննում ասում էին` ձևը գտել ես ձեր ցավոտ թեմաներից մեկի (մյուսը` Ցեղասպանությունն է) մասին պատմելու այնպես, որ զուտ հայկական պատմություն չլինի: Բայց, ի վերջո, հրահրված, պարտադրված պատերազմի մասին է խոսքը, և դա տողատակերում է, քարոզչական կոչ չէ: Դիտողը հասկանում է, բայց այնպիսի երանգով ենք պատմել, որ առաջին րոպեներից հետո չասի` այս ի՞նչ է, որ ֆիլմը նայի մինչև վերջ:
-«Թևանիկը» ներկայացնելու եք «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնում: Նախորդ ֆիլմը` «Ընդհատված մանկությունը», նույնպես մասնակցել է «Ոսկե ծիրանին»: Մեր ռեժիսորների նույնիսկ ամենալավ աշխատանքները մրցութային ծրագրերում զիջում են արտասահմանյան ֆիլմերին, քիչ թե շատ հաջողություն հնարավոր է գրանցել «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
-Փառատոնին մասնակցում են խոշորագույն ֆիլմեր, որոնց հետ դժվար է մրցել: Կարծում եմ, «Հայկական համայնապատկերը» հայ ռեժիսորներին հաջողություն ունենալու, մրցանակ ստանալու հնարավորություններ է ընձեռում: Դա դրական քայլ է փառատոնի կազմակերպիչների կողմից:
-Ծրագրերի մասին:
-Հաջորդ ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսվեն 2015-ին: Դարձյալ հիմքում ազատամարտն է, բայց չի կրկնում «Թևանիկին»:
-Ի դեպ, «Թևանիկի» դերասանական կազմը հաջող էր ընտրված:
-Հաջորդ ֆիլմում նույնքան լավ դերասաններ են լինելու, այդ թվում` օտարերկրյա հայտնի դերասաններ:
Հարցազրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Ավելին՝ Irates.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0