a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը ոչ թե երազանքի, այլ երազանքի շնորհիվ ապրելու և մեծ սիրո մասին է

10001153_10152511863284833_6225291319630555257_o

Միշտ էլ ավելի հեշտ է ապրել, հաղթահարել դժվարությունները, երբ ունես նպատակ, երազանք, երբ կյանքդ վեր է առօրեականությունից, երբ գործողությունների հաջորդականություն կա, որոնք տանում են դեպի վերջնակետ:

Առաջին հայացքից այն տպավորությունն է, որ «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը մի մարդու՝ ավտոմեքենա ունենալու մեծ երազանքի մասին է, բայց իրականում այն «Մոսկվիչի» մասին չէ, սիրո մասին է՝ Արուսի նկատմամբ Համոյի սիրո. «Այն ամենը, ինչ ֆիլմի գլխավոր հերոսն անում է, անում է Արուսին խոստացածն իրականություն դարձնելու համար, իսկ երբ Արուսն այլևս չկա, նրա համար ամեն ինչ կորցնում է իմաստը»,- մեր զրույցում նշեց «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի սցենարիստ Լևոն Մինասյանը:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի մեկնակը տրվեց հուլիսի 13-ին «Հայաստան» կինոթատրոնում` Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ցուցադրությամբ:

Ֆիլմը Ադրբեջանի Լենինավան գյուղից գաղթած Համոյի ու նրա կնոջ մասին է, ովքեր ապրում են Հայաստանի փոքրիկ մի գյուղում` սովորական գյուղական առօրյայով: Ամիսը մեկ անգամ ամուսինները փոքրիկ գումար են ստանում իրենց՝ Ռուսասատանում ապրող որդուց: Եվ ահա մի օր Համոն շրջկենտրոնում լսում է, որ ինչ-որ մեկը հարևան գյուղում «Մոսկվիչ» ավտոմեքենա է վաճառում, իսկ «Մոսկվիչ» ունենալը Հմայակ Ավանեսյանի տարիների երազանքն է: Ավտոմեքենայի տերը համաձայնում է սպասել այնքան, մինչև որ Համոն կբերի անհրաժեշտ 800 դոլարը, և այդ օրվանից Համոյի կյանքը վերածվում է 800 դոլար վաստակելու պայքարի:

«Արամն ինձ պատմեց, որ տարիներ առաջ Արցախում հանդիպել են մի ծերունի փախստականի, ով երազում էր «Մոսկվիչ» գնելու մասին և օրագիր էր պահում այդ նպատակի համար: Պապիկն իր ամբողջ հաշվապահությունը կատարում էր` մտքում ունենալով «Մոսկվիչը». «Մոսկվիչի» գումարից այսքան ծախսեցի, այնքան ծախսեցի: Հենց այս պատմությունն էլ դարձավ ֆիլմի հիմքը»,- ներկայացրեց Լ. Մինասյանը` հավելելով, որ հնարավորություն է ունեցել ծանոթանալու ծերունու օրագրին, բայց հրաժարվել է, քանի որ առանց դրա էլ ինքը հեշտությամբ պատկերացրել է այդ կերպարին և ըստ այդմ էլ կառուցել է նրա մյուս հատկանիշները` Ադրբեջանից գաղթած լինելը, Հայաստանում վատ պայմաններում ապրելը, վատ ընդունելության «արժանանալը» և այլն. «Սկզբում համաձայն չէին, որ գլխավոր հերոսը գաղթական լինի, բայց ես պայքարեցի, որ այդ կողմը մնա, քանի որ կարծում եմ՝ այդ հարցը պետք է դրվի, և իրականում ֆիլմը շահում է դրանից»:

Իմ հարցին, թե ինչպես է կարողացել Ֆրանսիայում ապրող սցենարիստը մանրակրկտորեն ներկայացնել 1990-ականների հայկական գյուղի կյանքը, Լ. Մինասյանն ասաց, որ ինքն էլ է ապրել այդ միջավայրում. «1992թ-ից եմ հաստատվել Ֆրանսիայում, իսկ իմ հարազատներն ապրել են գյուղում, ես էլ պարբերաբար եկել եմ Հայաստան, տեսել եմ, թե ինչպես են ապրում»,- ասաց նա` հավաստիացնելով, որ մեր օրերում հարաբերությունները և հատկապես վերաբերմունքը փախստականների հանդեպ արդեն փոխվել են. «Փախստականների սերունդն արդեն դարձել է Հայաստանի լիիրավ քաղաքացի»:

Հերոսի՝ Հմայակ Ավանեսյանի կերպարը ֆիլմում մարմնավորում է Գավառի թատրոնի դերասան Մարտուն Ղևոնդյանը, իսկ Հմայակի կնոջ` Արուսի կերպարը` ֆրանսահայ դերասանուհի Հիլդա Օհանին:

Մ. Ղևոնդյանը մեր զրույցում ընդգծեց, որ իր համար դժվար չի եղել մարմնավորել Հմայակին, քանի որ շատ նման են նրա հետ: Նույնը փաստեց նաև դերասանի կինը, ով շեշտեց, որ ֆիլմում շատ խորքային հարցեր են բարձրացված, որոնք առընչվում են շատ ու շատ ընտանիքների, այդ թվում և` իրենց:

«Իմ հերոսը երազանք ունի, որին փորձել է հասնել ամբողջ կյանքի ընթացքում, բայց այդպես էլ չի հասնում, և դրա համար մի շարք պատճառներ կան, օրինակ` այն ժամանակաշրջանը, երբ կարող էր հասնել իր երազանքին, արդեն անցել, իսկ ներկա ժամանակաշրջանն անմխիթար շրջան է նրա համար»,- մեր զրույցում նշեց ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը` հավելելով, որ ֆիլմը ցուցադրվել է միջազգային փառատոներին, առաջիկայում էլ` օգօստոսին, մեկնելու են Սախալին:

Հարցին, թե արդյոք ռեժիսորը բավարարվա՞ծ է իր ֆիլմի արդյունքներով, Ա. Շահբազյանը պատասխանեց. «Ինքս չեմ կարող անկաշառ դատել իմ երեխայի մասին, ասել՝ լավ է դաստիարակված, թե ոչ: Միայն ուզում եմ, որ շատ հանդիսատես ունենա այս ֆիլմը, քանի որ նրանք, ովքեր դիտում են ֆիլմը, ինձ հաճախ ասում են, որ դիտելուց հետո երկու շաբաթ մտածել են դրա մասին»,- ասաց նա` հավելելով, որ այժմ աշխատում է նոր` վավերագրական ֆիլմի վրա:

Հայ-ռուս-ֆրանսիական ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, իսկ մոնտաժն ու հնչյունային ձևավորումները մեծ մասամբ կատարվել են Ֆրանսիայում: 2008թ. ֆիլմի սցենարը մասնակցել է հանրահայտ Մոնպելեյի փառատոնին և հաղթող ճանաչվել որպես լավագույն սցենար: Նկարահանումներն սկսվել են 2012թ-ից և տևել ավելի քան երկու տարի:

Անի Ռափյան (Culture.AM)

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0