a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց Հայաստանում» ծրագրի մեկնարկի արարողությունը

17782

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանի և Չինաստանի Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Ճան Գաոլիի ներկայությամբ տեղի է ունեցել հայ և չինացի ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանն ուղղված կրթահամալիրի՝ «Չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց Հայաստանում» ծրագրի մեկնարկի արարողությունը:

Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ մեր երկրում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտն ու չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կվերածվեն չինական յուրատիպ մշակութային արժեքների տարածման, ապագա սերունդների միջև ազատ շփումների հաստատման ու միմյանց մշակույթների փոխճանաչելիության կարևոր հարթակների:
«Դպրոցի ստեղծման գաղափարը ես սկսել եմ քննարկել ՉԺՀ ղեկավարության հետ տարիներ առաջ և ուրախ եմ, որ անցյալ տարի Չինաստան կատարած իմ պետական այցի ընթացքում, ծրագիրն արժանացավ Նախագահ Սի Ծինփինի հավանությանը:
Դպրոցական համալիրն ունենալու է ժամանակակից ճարտարապետական ոճ՝ պարունակելով նաև չինական ավանդական ճարտարապետության տարրեր: Վստահ եմ, որ դպրոցը կառանձնանա նաև իր տեխնիկական հագեցվածությամբ: Մեզ համար մեծապես խորհրդանշական է, որ այս կրթահամալիրը գտնվելու է ականավոր հայ մտավորական և մանկավարժ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հարևանությամբ:
Հավատացած եմ, որ դպրոցի գործունեությունը մեծապես կնպաստի հայ հասարակության, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում չինարեն լեզվի ու չինական մշակույթի տարածմանը: Հայտնի իրողություն է, որ կայուն և հարատև միջպետական հարաբերությունների հիմքում ընկած է ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու համակրանքը, որն էլ ձեռք է բերվում կրթամշակութային կապերի հետևողական ամրապնդման ու զարգացման ճանապարհով: Այն, ինչ մենք համատեղ ջանքերով այսօր իրականացնում ենք մեր չինացի գործընկերների հետ:
Շնորհակալ ենք ՉԺՀ կառավարությանն այն անհատույց օգնության համար, որը տարիներ շարունակ ցուցաբերվում է Հայաստանին:
Հարգելի ներկաներ,
Հայ-չինական հարաբերությունները խարսխված են դարավոր բարեկամության վրա: Քսանչորս տարի առաջ մեր պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումով մենք ազդարարեցինք փոխգործակցության նոր փուլ թևակոխելու մասին՝ նպաստավոր հիմք ստեղծելով միջպետական կապերի ընդլայնման ու խորացման համար: Իսկ նախորդ տարի Չինաստան կատարած իմ պետական այցից հետո մեր հարաբերությունները բարձրացան որակապես նոր մակարդակի՝ համալրելով երկկողմ օրակարգի բովանդակությունը: Ասվածի մասին է վկայում նաև, պարոն փոխվարչապետ, Ձեր պաշտոնական այցը Հայաստան, որն, անշուշտ, նոր խթան է հաղորդելու բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների առաջընթացին:
Չինարեն լեզուն և չինական մշակույթն արդեն իսկ մեծ տարածում են գտել մեր երկրում Կոնֆուցիոսի ինստիտուտի հիմնադրման և գործունեության շնորհիվ: Այս կրթահամալիրի ստեղծման հիմքում ընկած է չինացի մեծանուն մտածող և փիլիսոփա Կոնֆուցիոսի հետևյալ տեսլականը. «Եթե դուք մտածում եք տարվա կտրվածքով, սերմեր ցանեք, եթե տասը տարվա կտրվածքով՝ ծառեր տնկեք, իսկ եթե հարյուր տարվա՝ կրթեք մարդկանց»,- ասել է Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0