a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Աստվածաշունչը խուլերի մայրենի՝ ժեստերի լեզվով

xuleri_masnakcutyamb_dvd

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա «Հին Կտակարանը ժեստերի լեզվով» բացառիկ տեսասկավառակների շնորհանդեսը: Այդ մասին Culture.AM-ին հաղորդում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը։

Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշորհ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ սկավառակները նկարահանվել ու ստեղծվել են խուլերի համայնքի ջանքերով և թողարկվել են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ֆինանսավորմամբ:

Թեև խուլերը կարողանում են կարդալ Աստվածաշունչը հայերեն, սակայն նրանց մայրենի լեզուն ժեստերի լեզուն է. մայրենի լեզվով Աստվածաշնչին ու Աստծո խոսքին ծանոթանալը կարևոր պայման է յուրաքանչյուր հավատացյալի համար:

Չորս տարի առաջ խուլերի համայնքը Տ. Եսայի քահանա Արթենյանի նախաձեռնությամբ սկսեց տեսասկավառակի նկարահանումը: Աշխատանքներին մասնակցել են 15 խուլեր, հոգևորականն ու ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը: Արդեն նկարահանվել է 237 պատմություն: Առաջիկայում խուլերը պատրաստվում են Նոր Կտակարանը ժեստերի լեզվով թարգմանելու և թողարկելու աշխատանքներին. կնկարահանվեն ևս 128 հոլովակներ:

Աշխատանքի սկզբում խուլերը կասկածում էին, թե արդյո՞ք կկարողանան իրականացնել այս երազանքը: Հետո աստիճանաբար հունի մեջ ընկան: Դժվար էր տեքստերն անգիր անել, սակայն ստացվեց, երբ աստվածաշնչային այդ տեքստերը դարձան աղոթք: «Մենք այս ընթացքում, կարծես, քայլում էինք Աստծո հետ»: «Սովորեցինք Աստվածաշունչը», -պատմում են խուլերը:

Խուլերի համայնքը ձևավորվել է շուրջ 15 տարի առաջ: Նրանք նամակով դիմել էին Նավասարդ Սրբազանին՝ հոգևոր հովիվ նշանակելու խնդրանքով: Սրբազան հոր տնօրինությամբ Տ. Եսային ստանձնեց նրանց հետ աշխատելու պարտավորությունը: Սովորեց ժեստերի լեզուն, որպեսզի կարողանար շփվել նրանց հետ առանց թարգմանչի:

Հոգևոր-քարոզչական աշխատանքի ընդլայնմանը զուգահեռ՝ ժեստերի լեզվով խուլերի համար նյութերի, տեսագրությունների, մեկնությունների պակասը լրացնելը դարձավ խիստ անհրաժեշտ: Սկսեցին նկարահանվել Ս. Պատարագի մեկնություններ, Տասնաբանյա պատվիրանների՝ ժեստերի լեզվով շարքերը, Քրիստոսի առակների տեսաշարը: Կարևոր ձեռքբերում էր նաև «Ժեստերի լեզվի հոգևոր բառարան»-ի հրատարակումը: Այս ամենն օգնում է, որ խուլերը կարողանան մասնակցել Ս. Պատարագներին, լիարժեքորեն ինտեգրվեն եկեղեցական համայնքին, մասնակից լինեն հոգևոր կյանքին:

Այսօր արդեն խուլերի համայնքն Արարատյան Հայրապետական թեմի անբաժանելի մասն է՝ իրենց լուռ, բայց շատ խոսուն ներկայությամբ: Հավելենք, որ շնորհանդեսը կկայանա ապրիլի 1-ին և կմեկնարկի ժամը 14։00-ին։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0