a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը

13241375_523113857880590_5329108320853994539_n

Մայիսի 24-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը: Մայր Աթոռի Տեղեկատավական համակարգի փոխանցմամբ՝ առավոտյան Մայր Տաճարից եկեղեցականների թափորը, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք: Հանդիսավոր թափորը գլխավորող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ս. Գրիգոր Լուսավորչի կամարի առջև օրհնելով ուխտավոր հայորդիներին, նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին:
Ս. Գայանե վանքի առջև, Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ, թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ ուխտավոր հավատացյալներ:

Տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Ս. Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
Պատարագի ընթացքում Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ Գայանյանց տոնի խորհրդին՝ ի մասնավորի ընդգծելով. «Այսօրվա մեր տոնելի սրբուհին ընդունեց աստվածային ճշմարտությունը, ապրեց այդ ճշմարտությամբ և իր կյանքով իսկ վկայեց այդ ճշմարտությունը: Սրբասնյալ կույսերն այս մարմնական կյանքի կարիքները մերժեցին, որովհետև հասկացան, որ այս բոլորը անցավոր ժամանակի մեջ երազ է ու սուտ պաճուճանք: Բարեպաշտ այս կույսերը մնացին հավատարիմ հարսները Քրիստոսի՝ զանազան փորձությունների ու պես-պես տանջանքների համբերելով, անթառամ պասակին արժանացան:… Սրբուհի Գայանեն մեզ հորդորում է չկորցնել սուրբ զգաստությունը, ինչը հույժ կարևոր է հատկապես այս դարաշրջանում»:
Հայր Անանիան նաև նշեց, որ Աստծո, իր ընտանիքի, հայրենիքի հանդեպ հավատարիմ մարդը քայլում է կատարելության ճանապարհով, պատրաստ կարեկից քրիստոնյային օգնության ձեռք մեկնելու և նրան զորակցելու:

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր ևս բացել է իր դռները հավատարիմ ու կոչման գիտակցություն ունեցող շատ ու շատ անձանց առջև թե՛ արական և թե՛ իգական սեռի, Քրիստոսի սիրով ու սրբությամբ միավորված համակեցության մեջ՝ վերափոխելու իրենց կյանքն ու նմանվելու այսօրվա հիշատակելի սուրբերին՝ լինելու հրեշտակներ երկրի վրա… և իրենց սուրբ ու քաղցր աղոթքներով մշտամնա օրհնություն իջեցնելու հայոց հողի վրա, որի կարիքն այնքան ունենք այսօր», – եզրափակեց Հայր Սուրբը:

Ս. Պատարագի ավարտից հետո Ս. Գայանե վանքի բակում Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հանդիսապետությամբ կատարվեց սրբուհու մասունքակիր Աջով հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0