a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայրապետական կրթաթոշակին արժանացած երեք ուսանողներին

13344543_526575427534433_7331985989849308392_n

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված Հայրապետական կրթաթոշակին այս տարի ներկայացված Հայաստանի բուհերի երեք ուսանողների` ուղեկցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի: Այդ մասին հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

Ուսման ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության համար կրթաթոշակ է շնորհվել Նարեկ Մկրտչյանին (Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա, Դեկորատիվ կիրառական արվեստի մագ. 1-ին կուրս), Անահիտ Մամուլյանին (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երգեցողության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի) և Իրինա Մուրադյանին (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բուժական գործ, 3-րդ կուրս):

Հանդիպմանը Վարդան եպիսկոպոսը, ներկայացնելով Հայրապետական կրթաթոշակի արժանացած ուսանողներին, հայցել է  Նորին Սրբության օրհնությունը:
Խոսք է ասել նաև Կրթության և գիտության նախարարը: Անդրադառնալով օրվա խորհրդավորությանը և կրթության ոլորտում Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող հետևողական աջակցության համար շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին` պրն. Լ. Մկրտչյանը նշել է, որ սա գեղեցիկ առիթ է, որով գնահատվում է երիտասարդների աշխատանքը: Նախարարը, կարևորելով հանդիպումը Հայոց Հայրապետի հետ, ընդգծեց, որ կրթաթոշակների հանձնումը սոսկ նյութական աջակցություն չէ, այլ ունի հոգևոր խորհուրդ և նշանակություն:

Այնուհետև իր հայրապետական օրհնությունը կրթաթոշակակիրներին փոխանցել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձ է կատարել կրթության կարևորությանը` նշելով, որ այն մշտապես բարձր է գնահատվել ազգային կյանքում: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին մշտապես հետամուտ է եղել ժողովրդի կրթության սրբազան գործին և այսօր էլ շարունակում է ամենայն ջանք գործադրել` կրթական զանազան ծրագրերի միջոցով նպաստելու ազգային ոգու և նկարագրի կերտմանը:

Նախարարի ներկայությունն ուսանողների և ողջ կրթական համակարգի համար խրախույս նկատելով` Նորին Սրբությունը նշել է, որ միայն կրթական բարձր մակարդակով և գիտելիքով է հնարավոր ապահով և զորեղ դարձնել Հայրենիքը:

Վերստին շնորհավորելով երիտասարդներին` Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ նրանք պիտի բարեհաջող կերպով ավարտեն իրենց ուսումը և հարուստ գիտելիքների շնորհիվ նորանոր բարձունքներ նվաճեն:

Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքըն է  հայտնել Կրթության և գիտության նախարարին այն զորակցության համար, որ նախարարության կողմից մշտապես ցուցաբերվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնին: Հայոց Հովվապետը մաղթեց, որ Ամենակալ Աստված արդյունավորի նրա և նախարարության պաշտոնեության ջանքերը, որպեսզի դպրոցն ու բուհը իրապես դառնան ազգային ոգու ու նկարագրի դարբնոցներ և ազգին պարգևեն գիտելիքների հարուստ պաշարով զինված հայորդիներ` նախնյաց արժանի զավակներ:

Զրույցի ընթացքում անդրադարձ  է կատարվել նաև Մայր Աթոռի կողմից իրականացվող կրթական ծրագրերին և Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող կրթական հաստատությունների արձանագրած հաջողություններին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0