a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհվեցին Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության փոխատենապետերին

mayr_ator

Հուլիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն, հայտում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան հանձնվեց Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության փոխատենապետեր տիար Սունիլ Սոբթիին և տիկին Սյուզան Ռուբենին` ի գնահատություն նրանց եկեղեցանվեր ընթացքի և բազմարդյուն վաստակի:
Արարողությունը բացվեց միասնական Տերունական աղոթքով, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:
Այնուհետև մեծարյալների գործունեությանն անդրադարձ կատարեց Մայր Աթոռի Եկեղեցական ժողովական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է ներկայացնել մեծարյալներին, որոնց հետ բախտ եմ ունեցել ծանոթանալ և ոգի ի բռի աշխատել Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում պաշտոնավարությանս տարիներին` վայելելով ոչ միայն նրանց սերը, հարգանքը և ամբողջական աջակցությունը, այլ նաև տեսնելով հնդկահայ գաղութի փոքրաթիվ հայության, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի, Ս. Էջմիածնի և անձնապես Ս. Թադեոս առաքյալի Աթոռի Գահակալի` ազգիս Վեհափառ Հայրապետի հանդեպ նրանց տածած անմնացորդ սերը և նախանձախնդիր ոգին», – նշեց Հայր Սուրբը` մասնավորապես ներկայացնելով նրանց աստվածահաճո և հայրենանվեր գործունեությունը` ի խնդիր Հնդկաստանի փոքրաթիվ հայության մեջ ազգային ինքնության, հայկական եկեղեցիների և շինությունների պահպանման և Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի զորացման: Հայր Զաքարիան փաստեց նաև, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Ս. Նազարեթ եկեղեցու վարչությունը մշտապես նաև եղել է Նոր Դելիում կառուցված ՀՀ դեսպանության կողքին` հիմնադրման պահից աջակցելով նրա գործունեությանը և տարբեր ծրագրերին:
«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Նվրյալ հայորդիներին ուղղված սրբատառ կոնդակում մասնավորապես ասված է.
«Այսօր ուրախ առիթն ունենք գնահատանքի խոսք ուղղել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակիդ` Ձեր եկեղեցանվեր արդյունաշատ ծառայությունների համար: Տարիներ շարունակ` որպես Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության անդամ, Դուք Ձեր ժամանակն ու կարողությունները սիրով ի սպաս եք բերում հնդկահայ համայնքի կողմից ստեղծված ազգային, հոգևոր ու մշակութային ժառանգության անխաթար պահպանմանը: Ուրախ ենք մեծապես, որ Ձեր ազնիվ ջանքերով ու նախանձախնդրությամբ նախընթաց տարիներին նորոգվեցին ու բարեզարդվեցին բազմաթիվ եկեղեցիներ ու եկեղեցապատկան շինություններ, որոնք շարունակում են իրենց դռները բաց պահել հավատացելոց առջև՝ վկայելով մեր ժողովրդի զավակների հավատի և աստվածահաճո գործերի մասին:
Հայրապետիս համար գոհունակություն է նաև Ձեր և Ս. Նազարեթ եկեղեցու վարչության հետևողական աջակցությունը Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանին, որի շնորհիվ ապահովվել են լավագույն պայմանները՝ երիտասարդ հայորդիների կրթությունը կազմակերպելու համար: Ձեր աստվածահաճո հանձնառությունները մշտապես երախտագիտությամբ պիտի հիշեն հնդկահայ համայնքում սպասավորող մեր եկեղեցականներն ու հավատացեալները՝ իրենց աղոթքներում Տիրոջ խնամքն ու հանապազ օրհնությունը հայցելով Ձեզ ու Ձեր ընտանիքին»:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի ձեռամբ շքանշանների շնորհումից հետո տիար Սունիլ Սոբթին և տիկին Սյուզան Ռուբենն այս ուրախալի առիթով իրենց երախտագետ զգացումները փոխանցեցին ներկաներին: Ս. Նազարեթ եկեղեցու վարչության փոխատենապետերը հավաստիացրեցին, որ բոլոր ձեռքբերումները հնդկահայոց կյանքում արձանագրվել են շնորհիվ Վեհափառ Հայրապետի զորակցության, ում օրհնությամբ և պիտի շարունակեն իրենց ծառայությունը բերել հօգուտ Հնդկաստանի հայ համայնքի, Հայոց Եկեղեցու և Հայրենիքի:
Ցերեկույթին երաժշտական կատարումներով հանդես եկան Մայր Աթոռի և ՀԲԸՄ հայորդյաց տների սաները:
Վերջում մեծարյալներին և ներկաներին իր օրհնությունը բաշխեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գոհունակություն հայտնելով Եկեղեցու անդաստանից ներս արդյունավոր ծառայություն մատուցող հայորդիների պարգևատրման առիթով` Վեհափառ Հայրապետը նշեց, որ նրանք ավանդապահներն են այն ժառանգության, որ դարերի մեջ Հնդկաստանում կերտել են մեր նախնիները` հաստատելով եկեղեցիներ և կրթական հաստատություններ: Նորին Սրբությունը գնահատանքով արձանագրեց, որ վերջին տարիներին շնորհիվ Ս. Նազարեթ եկեղեցու վարչության նախանձախնդրության ամբողջովին նորոգվեցին և պայծառացան Հնդկաստանում հայոց սրբավայրերը` շարունակելով իրենց առաքելությունն այս կյանքում, բարեզարդվեց նաև Կալկաթայի Մարդասիրական ճեմարանը: Վերջում, վերստին իր գնահատանքը հայտնելով վարչության անդամներին, Նորին Սրբությունը պատգամեց նույն նախանձախնդրությամբ շարունակել իրենց օգտակար ծառայությունը` շաղախված սիրով ու նվիրումով հանդեպ Հայոց Եկեղեցին, ժողովուրդն ու հայրենիքը:
Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանները, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ և Մայր Աթոռի պաշտոնեությունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0